Աշխարհաքաղաքական բևեռների արանքում


Հարավային Օսեթիայում հնգօրյա պատերազմով Կովկասի համար Արևմուտքի (մասնավորապես` ԱՄՆ-ի) և Ռուսաստանի միջև պայքարը չավարտվեց: Այս տարածաշրջա նում ազդեցություն ու առաջատարի դիրքեր պահպանելու համար աշխարհի հզորներին հարկավոր է լավ հարաբերություններ ունենալ հարավ-կովկասյան երեք պետություն ներից գոնե երկուսի հետ: Այս առումով, վերոհիշյալ պատերազմի արդյունքում Ռուսաստանը կորցրեց Վրաստանը: Շատ մոտ ապագայում ՆԱՏՕ-ին Վրաստանի անդամագրվելն արդեն կասկած չի հարուցում: Դրան նպաստելու իր պատրաստակամությունը վերջերս վերահաստատեց նաև Ջորջ Բուշը: Այս իրավիճակում կարևորվում են Հայաստանն ու Ադրբեջանը, և բնականաբար միջազգային հանրության ուշադրությունը դարձյալ կենտրոնացավ ղարաբաղյան հակամարտության վրա: Հակամարտության խաղաղ կարգավոր ման միջնորդները ջանում են միմյանցից նախաձեռնող երևալ, անգամ սիրաշահել հակամարտողներից մեկ այս, մեկ մյուս կողմին: Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան Ամերիկայում հայտարարել էր, թե հակամարտությունը պետք է լուծվի` հաշվի առնելով Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը: Իսկ պետդեպարտա մենտի քարտուղարի տեղակալ Դենիել Ֆրիդն արդեն Երևանում ասել էր, թե խնդրի լուծման հիմքում կարող են ընկած լինել և° տարածքային ամբողջականության պահպանման, և° ազգերի ազատ ինքնորոշման սկզբունքները: Իսկ ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի նախաձեռնությամբ առաջիկայում Մոսկվայում կկայանա եռակողմ` Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը: Ի դեպ, անդրադառնալով Մեդվեդևի երևանյան այցին, և° տպագիր, և° էլեկտրոնային ԶԼՄ-ներում կարծիքներ հնչեցին, թե Ռուսաստանը ցանկանում է Հայաստանում ստեղծել երկրորդ ռազմակայանը` հայ-ադրբեջանական սահմանի մոտ: Կարծիքները` կարծիքներ, սակայն ակնառուն այն է, որ Ռուսաստանը ղարաբաղյան հակամարտության կարգավորման ողջ ընթացքում երկրորդ անգամ է այսպիսի ակտիվություն ցուցաբերում: Առաջինը 1994-ին էր, հրադադարի մասին բիշքեկյան համաձայնագրից հետո, երբ Ռուսաստանն առաջարկում էր որպես խաղաղարար, իր զորքերը տեղադրել հակամարտության գոտում: Այն ժամանակ ԼՂՀ-ն և Ադրբեջանը մերժեցին այդ առաջարկը: Հատկանշական է, որ Մեդվեդև-Սարգսյան երևանյան հանդիպման մասին ԶԼՄ-ներում տեղ գտած` Հայաստանում ռուսական երկրորդ զորակայան ստեղծելու առնչությամբ տարածվեց ևս մի տեղեկատվություն, թե Դենիել Ֆրիդը զգուշացրել է, որ եթե պաշտոնական Երևանը ընդառաջի Ռուսաստանի այդ ցանկությանը, ապա Վաշինգտոնը ստիպված կլինի վերանայել Հայաստանի հետ իր հարաբերությունները: Իսկ շատ չանցած, Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Բեռնարդ Ֆասիեն իր հերթին հայտարարեց, թե Ադրբեջանի նախագահի ընտրությունից հետո միջնորդները շուտով կակտիվացնեն իրենց առաքելությունը: Ֆասիեի այս հայտարարության մեջ թվում է` արտասովոր ոչինչ չկա. Հայաստանի, իսկ հետո էլ Ադրբեջանի նախագահների ընտրությունների ընթացքում հակամարտության կարգավորման գործընթացի ժամանակավոր դադարը, իսկ ընտրությունների ավարտից հետո ակտիվացումը բնական են: Սակայն, վերը շարադրված իրադարձությունների համատեքստում ֆրանսիացի համանախագահի հայտարարությունը թերևս վկայում է, որ Եվրոպան անմասն չէ հակամարտության կարգավորման գործում նախաձեռնություն ցուցաբերելու հարցում: Իսկ այն կարծիքները, թե ղարաբաղյան հակամարտությունը շուտով կլուծվի, ընդամենը հայտարարություններ են: ՀՀ նախագահ Ս. Սարգսյանը օրերս մասնավորապես ասաց, հակամարտությունը կլուծվի, եթե Ադրբեջանը համաձայնի ԼՂՀ ժողովրդի ինքնորոշմանը, եթե ԼՂՀ-ն տարածքային կապ ունենա Հայաստանի հետ, եթե միջազգային հանրությունը ԼՂՀ ազգաբնակչությանը անվտանգության երաշխիքներ տա: Սակայն, ինչպես երևում է Ալիևի վերջին հայտարարություններից, Ադրբեջանը դեռևս պատրաստ չէ հաշտվել Ղարաբաղի անկախության հետ: Հարավային Կովկասի համար, մասնավորապես ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում աշխարհի հզորների միջև սկսված այս մրցավազքում Հայաստանի առջև ծառացող մարտահրավերների մեջ ամենավտանգավորը, թերևս Հայաստանին ներկայացվող գերտերությունների պահանջն է` աշխարհաքաղաքական զարգացումնե րում հստակեցնել կողմնորոշումը` իրենցից որևէ մեկի օգտին:

Արթուր ԴՈԽՈՒԼՅԱՆ