Հավատա՞լ, թե՞ չհավատալ երազներին


Երազների առեղծվածը բոլոր ժամանակներում հետաքրքրել է մարդկանց: Եվ առ այսօր պատասխանի է սպասում «Հավատա՞լ, թե՞ չհավատալ երազներին» հարցը: Մեր ցանկությունների տեսլակա՞նն են դրանք: Ի՞նչ են նշանակում կրկնվող երազները: Միգուցե երազները մեր անձնական խնդիրների արդյո՞ւնքն են: Ի՞նչ է նշանակում առավոտյան երազը: Ինչո՞ւ չենք հիշում երազները: Արդյո՞ք երազներն ազդանշաններ են, որոնք հայտնվում են մեր ուղեղում ոչ պատահական: Նրանք կարո՞ղ են մեզ կարևոր տեղեկություններ տալ: Մարդն առանց քնի կարո՞ղ է ապրել: Կա՞ն մարդիկ, ովքեր երազներ չեն տեսնում:

Բազմաթիվ են հարցերը, որոնք կարելի է անվերջ թվարկել…

Երևանի «Գոյ» հոգեբանական կենտրոնի հոգեբան-խորհրդատու Սուսաննա ԱՎԵՏԻՍՅԱՆԸ երազը մարդու ենթագիտակցության արդյունք է համարում.

-Մեր ապրած օրվա ընթացքում տեղի ունեցող իրողությունները մնում են մեր ենթագիտակցության մեջ:

Հատկապես այն դեպքերը, որոնք մեզ համար այնքան էլ կարևոր չեն, երազի տեսքով արթնանում են մեր ենթագիտակցության միջից և մենք տարբեր երազներ ենք տեսնում: Անգամ կարող ենք ինչ-որ երևույթներ, առարկաներ տեսնել, որոնց մենք օրվա ընթացքում հանդիպել ենք, սակայն ուշադրություն չենք դարձրել: Տարիների ընթացքում մեր մտքերից արտամղված որոշ դեպքեր, երևույթներ, որոնք ծրագրված փորձում ենք չհիշել, կարող են անընդհատ երազատեսությամբ մեզ «այցի գալ»:

Յուրաքանչյուր անձի երազը վերլուծելը շատ անհատական է: Միանշանակ հարյուրտոկոսանոց մեկնաբանություն չի կարող տալ ոչ հոգեբանը, ոչ էլ այլ մասնագետ: Մենք կարող ենք ուղղություն տալ և օգնել անձին, որ ինքը կարողանա իր երազը մեկնաբանել:

Իմ մեկնաբանությամբ մեր լսած անձանց երազներից մեկը կնշեմ: Օրինակ` ի՞նչ մեկնաբանություն կարող է ունենալ իր մահացած եղբոր նկարը տեղափոխելու մասին տեսած երազը: Հնարավոր է` տվյալ անձը ներքուստ, ենթագիտակցական մակարդակում մեղքի գզացում ուներ, որովհետև եղբայրը չէր սիրում, երբ իրերը տեղափոխում էին: Իսկ նա մահանալուց հետո եղբոր նկարը պատից իջեցրել էր, որ կողքը մոմեր վառեր: Այսինքն` եղբոր չսիրած արարքն էր գործել, իրերն էր տեղափոխել, որն իր եղբորը դուր չէր գա: Եվ ունենալով դրա հետ կապված մեղքի զգացում` նա պարբերաբար երազում տեսնում էր եղբորը, ով ասում էր, թե ինչու է նկարը տեղափոխել: Եվ երբ նկարը տեղն էր դրել, այլևս երազում եղբայրը չէր հայտնվել: Դա ոչ թե ինֆորմացիա է մահացած եղբորից եկող, այլ զուտ իր ներքին զգացողությունն է, իր մեղքի զգացման արտահայտությունն է:

Այդպես էլ կարող ենք մեկնաբանել մյուս անձանց պատմած երազները, որոնք կապված են օրվա, իրենց ներքին ենթագիտակցական մակարդակում տեղ գտած երևույթ ների հետ:

Երևանի Սրտաբանության կենտրոնի բժիշկ-քնաբան Աիդա ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ պնդում է, որ երազներ տեսնում են բոլորը: Ուղղակի չեն հիշում: Նա ասում է.

-Քունը միատարր պրոցես է: Այն բաղկացած է իրար հաջորդող երկու հիմնական` արագ և դանդաղ փուլերից: Առողջ քնի ժամանակ դանդաղ և արագ փուլերը հաջորդում են իրար: Երազատեսություն տեղի է ունենում քնի արագ փուլում: Դա աչքերի արագ շարժման փուլն է, որտեղ և տեսնում ենք մեր երազների մեծ մասը:

Կատարվել է այսպիսի փորձ: Մի խումբ կամավորների տրվել են տարբեր գույնի ապակիներով ակնոցներ, որոնք պետք է կրեին ամբողջ օրվա ընթացքում: Այն մարդիկ, ովքեր դեղին ապակիներով ակնոցներ էին կրել, նրանց երազներում ամեն ինչ ոսկեզօծ է եղել: Վարդագույն ակնոցներ կրողները երազում ձյուն են տեսել, բայց` վարդագույն: Իսկ մուգ ապակիներով ակնոցներ կրողների երազներում ամեն ինչ մոխրագույն երանգներ է ունեցել: Դրա համար էլ հետևություն է արվել, որ երազները ոչ այլ ինչ են, եթե ոչ` մեր օրվա տպավորությունների արդյունք:

Իսկ Արարատյան թեմի Սուրբ Գրիգոր լուսավորիչ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Ղազար ՊԵՏՐՈՍՅԱՆԸ բոլորովին այլ խորհուրդ ու մեկնաբանություն է տալիս երազին.

-Երազները երեք ծագում ունեն` հոգևոր տեսակետից: Մեկը` օրվա զբաղմունքից, երկրորդը` սատանայից եկող խաբկանքն է, և երրորդը` Աստծուց տրված հայտնութ յուններն են:

Հավանաբար երկրորդ և երրորդ տեսակի երազները համեմատաբար ավելի քիչ են պատահում, չնայած, ըստ էության, այդպիսի երազները կարևոր առաքելություն ունեն: Սատանայից եկող մոլորություններն այն երազներն են, որոնք մարդուն սխալ և չար ճանապարհ ուղղորդելու նպատակ ունեն: Աստծուց եկող հայտնությունները շատ խոշոր, զորավոր հայտնություններն են, որոնք տրվում են` մարդկանց հայտնելու որևէ ճշմարտություն կամ հաստատելու որևէ կարևոր սրբության մի հանգամանք, մի գործողություն, մի առաքելություն: Իսկ օրվա հոգսերից առաջ եկող երազները սովորական մի երևույթ են. ինչով մտահոգված, զբաղված է մարդը, այդպիսի երազներ էլ տեսնում է:

Ըստ ավստրիացի հոգեբան և նյարդաբան, հոգեվերլուծության հիմնադիր Զիգմունդ Ֆրոյդի` երազը, քնի որոշակի փուլերում, անկախ իր կամքից տեղի ունեցող պատկերների, գաղափարների և զգացմունքների հաջորդականություն է:

Այնպես որ, հակիրճ ներկայացնելով տարբեր կարծիքներ` մի քանի տեսանկյունից երազատեսության մասին, մասնագետները փորձում են ընթերցողին ուղղորդել` յուրովի մեկնաբանել երազը:

Ջուլիետա ՄԽԻԿՅԱՆ