Համեղ ու վտանգավոր


 

Մարդկությունը չի հոգնում` անվերջ զվարճանքներ որոնելով: Նաև` մարզախաղերի տեսքով: Իսկ սրանք ոչ միայն հետաքրքիր, այլև երբեմն վտանգավոր են լինում:

Օրինակ, լսե՞լ եք երբևէ «պանրարշավ» մարզազվարճանքի մասին: Չէ, խոսքը պանրի խաթեր թակարդն ընկնող մկների մասին չէ: Ու որքան էլ զարմանալի թվա, շատ հին ժամանակներում են մարդիկ հորինել այս խաղը: Ու մինչ օրս լիովին պարզված չէ, թե անգլիացիները որտեղից են վերցրել արտասովոր այդ մրցակցության ավանդույթը: Միայն ենթադրություններ կան, որ պանրարշավն անցկացվել է դեռևս հռոմեական դարաշրջանից ու այնժամ համարվել է բժշկման, ապաքինման ծիսակատարություն:

Մեծ Բրիտանիայի Գլոչեստեր վայրի բլրալանջին մեծ բազմություն է հավաքվում` մրցարշավը դիտելու: Պանրագործ վարպետը սարի գագաթից պանրի գլուխ է գլորում: Բնականաբար` պանիրն ավելի արագ է գլորվում, քան դրա հետևից վազող մարդիկ, որոնցից ոմանք գլուխկոնծիներով, ոմանք սահելով կամ ինքնամոռաց արագավազությամբ փորձում են հասնել պանրագլխին: Այդ ամենը որքան զվարճալի, նույնքան էլ վտանգավոր է. հիշենք, որ մրցավազքը ոչ թե հարթ տարածքում, այլ լեռնիվայր է: Իհարկե` մրցումների արդյունքում շատերը վնասվածքներ են ստանում, և պատահական չէ, որ հենց այդ պատճառով առժամանակ առաջ պանրամրցումներն արգելված են եղել:

Ի դեպ, պանրի հետևից հասնելն ի սկզբանե անկարելի համարելով` հաղթող է դառնում նա, ով առաջինն է լեռան լանջ հասնում: Մրցանակն էլ ոչ մեծ գումար է լինում և 3,5 կիլոգրամանոց պանրի գլուխ: