ԳԻՏԱԿՑԵՑԻՆ ԵՎ ՀԱՅՏԱՐԱՐԵՑԻՆ


 

Վերջապես, տևական բանավեճերից հետո, հայկական երգարվեստի մի խումբ ներկայացուցիչներ` ՀՀ ժողովրդական արտիստ Արթուր Գրիգորյանի գլխավորությամբ, հայտարարեցին Բաքվում անցկացվելիք «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթին Հայաստանի մասնակցության աննպատակահարմարության մասին: Այս հայտարարությունը գրավել է մի շարք երկրների երգիչների ուշադրությունը, Սփյուռքը ոգևորությամբ է ընդունել հայտարարության բովանդակությունը` դրանում տեսնելով ազգային արժանապատվության բարձր դրսևորումը: Հայաստանից բացի, արդեն մի քանի երկրներ էլ են հայտարարել մասնակցությունից հրաժարվելու մասին: Եվ նրանց մշակույթը դրանից չի տուժել: Չի տուժի նաև մեր մշակույթը, որովհետև «Եվրատեսիլն» այն արհեստավարժ հարթակը չէ, որը պիտի որոշի մեր երգի ու կատարողական դպրոցի արժեքը: Բայց սա արդեն երկրորդական հարց է, որովհետև առաջնային է դարձել ազգային արժանապատվության խնդիրը, որն այս դեպքում արդեն իր բարոյական մեծ հաղթանակը տարավ: Աշխարհում հարգում են այն երկրներին, որոնք կարողանում են ի ցույց դնել իրենց սկզբունքներն ու շահերը, որոնց համար իրենց համոզմունքները բարձր են ամեն ինչից: Հայաստանի մի խումբ արվեստագետներ վերջապես հասկացան, որ պետք չէ այլևս կեղծ արժեքների հավատալ, անգամ մտահոգվել, թե Բաքվում կմտածեն, որ Հայաստանն իբր վախեցել է մրցակցությունից: Հայաստանը վախենալու խնդիր չունի: Հայաստանն այսօր պահանջատեր է և հենց պահանջատիրության դիրքերից էլ մերժում է մասնակցությունը մի երկրում անցկացվող մրցույթի, որտեղ տեղի են ունեցել 20-րդ դարավերջի մեծագույն ողբերգությունները, որտեղ, հնարավոր է` դահլիճում նստած լինեն սումգայիթյան և Բաքվի ջարդերը կազմակերպողները, նրանց զավակները...

Հայաստանցիները չեն կարող քայլել այն քաղաքի փողոցներով, որտեղ դեռ հայկական արյունը չի չորացել: Եվ այս ամենը պարփակված է մեր հրաժարումի մեջ: Սա արդեն դիվանագիտական հաղթանակ է, ապտակ է` Բաքվին ու նաև Եվրոպական հեռարձակողների միությանը, որը ոչ մի սանկցիա չկիրառեց Բաքվի հանդեպ այն բանի համար, որ արգելվել էր քվեարկել Հայաստանի օգտին, չէին հրապարակվել քվեարկությունների արդյունքները:

Հիմա արդեն մենք կարող ենք հանգիստ լինել, որ «Եվրատեսիլին» այս տարի մեր մասնակցության հարցը փակված է: Մնում է հուսալ, որ այս սկզբունքայնությունը կդրսևորվի այլ ոլորտներում ևս:

Լ.Մ.