Սկզբունքայնությո´ւն է պետք
ԱՅԴ «ՓՏԱԾ ՈՒ ԿՈՄՈՒՆԻՍՏԱԿԱՆ» ԲԵԼԱՌՈՒՍՈՒՄ


 

Չենք ուզում զերծ մնալ գայթակղությունից և չներկայացնել ամբողջ լրատվությունը, որին անդրադարձել էինք մեր թերթի նախորդ համարում:

Բելառուսում «Եվատեսիլ» երգի մրցույթի ընտրական փուլի արդյունքները, ինչպես պարզվել է, նենգափոխվել էին և այս առիթով Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հանդիմանել է մշակույթի նախարար Պավել Լատուշկոյին և «Բելհեռուստառադիոընկերության» նախագահ Գենադի Դավիդկոյին: Պատասխանատվության են ենթարկվել նաև այլ պաշտոնյաներ: Նկատողություն են ստացել նախագահի աշխատակազմի ղեկավարը, նրա առաջին տեղակալը, ինչպես նաև վարչապետի տեղակալը:

Հանձնարարվել է անհապաղ աշխատանքից հեռացնել այն անձանց, ովքեր մեղավոր են քվեարկության արդյունքների աղավաղման համար:

- Նախընտրական փուլի արդյունքների առիթով նախագահը հատուկ խորհրդակցություն էր հրավիրել, որի արդյունքում որոշվել էր, որ հաղթող ճանաչված Ալյոնա Լանսկայայի փոխարեն Բաքու կգնա «Լայթսաունդ» խումբը, որը առաջին ընտրության ժամանակ 2-րդ տեղն էր զբաղեցրել,- գրել էլեկտրոնային կայքերից մեկը:

Տեսնո՞ւմ եք, «բռնակալ» ու «անընդունելի» Լուկաշենկոն ինչպես է հետևում մշակութային կյանքին, ինչպես է կամենում, որպեսզի միջազգային մրցույթների նախնական փուլերը լինեն արդարացի: Իսկ մեզ մոտ ինչ էլ անենք, միևնույն է, Հ1-ն ու չգիտես ովքեր ինքնակամ են լուծելու բոլոր հարցերը, կեղծ մրցույթներ է կազմակերպելու` վաղօրոք արդեն ունենալով հաղթողներին ու մեկնողներին: Այդպես եղավ, երբ «Եվրատեսիլի» ուղեգիր ստացան Անուշ և Ինգա Արշակյանները, Եվա Ռիվասը: Ցավոք, ոչ ոք չի մտածում մեղավորներին պատիժներ կիրառելու և պատասխանատվության կանչելու մասին:

Այս անգամ, բարեբախտաբար մեղավորներ չեն լինի, որովհետև մեր երկիրն արժանապատվորեն մերժեց ադրբեջանական «Եվրատեսիլը»: