ՀԻՄԱ ԷԼ ՍԱՏԱՐԵՆՔ ՍԱՏԱՆԻՍՏՆԵՐԻՆ


 

Իր պահվածքով և ստեղծած գրականությամբ Մարինե Պետրոսյանը` բանաստեղծուհի և հրապարակախոսության նման շարադրանքներ գրող, «հանճարեղ» հայտնագործութ յուն է արել` պաշտպանության տակ առնելով սատանիստներին և հատկապես Բայանդուր անունով այն երիտասարդին, ով հայտնվում է Մաշտոց փողոցի այգում: Ոչ ավել, ոչ պակաս` Մարինե Պետրոսյանն ասել է.

- Ազգի հասարակական միտքը երիտասարդներն են շարժում, հետևաբար մեր երիտասարդների պահպանողական և ազգայնական ֆոնի վրա Բայանդուր Պողոսյանը հայտնություն է:

Այն, որ ազգի հասարակական միտքն այսօր շարժելու գործում երիտասարդները լուրջ ներկայություն են հաստատում` անառարկելի է: Եվ դա ուրախացնում է: Սակայն կրոնական տարբեր ուղղությունների ու աղանդների ներկայացուցիչները չեն կարող «ազգայնական ֆոնի» վրա հայտնություն դիտարկվել այն պարզ պատճառով, որ վնաս են հասցնում ազգային գիտակցությանն ու խաթարում Եկեղեցի-հասարակություն կապը: Ասենք, որ եթե այս գնահատականը հնչեր մեկ այլ անձի շուրթերից` կարող էինք լրջորեն մտահոգվել, սակայն երբ ասողը Մարինե Պետրոսյանն է` կարող ենք այն համարել բանաստեղծուհու հերթական էքսցենտրիզմն ու ինքնահաստատվելու կիրքը: Ուրիշ ոչինչ: Իսկ ճշմարիտ հայտնությունը մեր այն երիտասարդությունն է, որն ապրում է ազգային արժեքներով և ամեն ինչ անում է, որպեսզի հասարակությունը գնա արթնացման և ինքնամաքրման: