ԱՆՈՒՐԱԽ ՏԱՐԵԼԻՑ

Ոճիր, որ անպատիժ մնաց…


 

24 տարի առաջ փետրվարյան այս օրերը` 26-29-ը, դարձան հայոց պատմության ամենաարյունոտ էջերից: Ադրբեջանական իշխանությունների փաստացի աջակցությամբ Սումգայիթ քաղաքում զանգվածային ջարդեր կազմակերպվեցին, որոնք աննախադեպ էին իրենց դաժանությամբ: Գազազած խառնամբոխի վայրենությանն ու բարբարոսությանը զոհ գնացին մարդիկ, որոնց մեղքը միայն հայ լինելն էր...

Սա նոր ցեղասպանություն էր, որ անպատիժ մնաց: Թերևս ամենամեծ հակահարվածը Արցախյան ազատամարտի մեր փայլուն հաղթանակն էր, քանզի հենց հայի ազատատենչ ոգին ու պայքարելու կամքը կոտրելուն էին ուղղված նրանց ջանքերը: Արդեն շուրջ քառորդ դար է անցել, սակայն սումգայիթյան ջարդերն իրավական և քաղաքական դաշտերում լուրջ գնահատականի չեն արժանացել: Մինչդեռ սահմռկեցուցիչ ճշմարտությունը կարոտ է բացահայտման:

Ժամանակի ընթացքում ոչինչ չի փոխվել, ադրբեջանցին նույն բարբարոսն է ու նույն հետևողականությամբ էլ շարունակում է հավատարիմ մնալ իր սկզբունքներին: Այսօր ադրբեջանցի գրչակներն իրենց ինքնահնար գրվածքներն են հրամցնում միջազգային հանրությանը: Ամեն օր մի ասք է հորինվում, հնին ավելացվում նորը: Ասում են` հաղթողն է պատմություն գրում, մեր դեպքում հակառակն է: Թեև կա տեսակետ, որ միջազգային կառույցներն այնքան էլ լրջորեն չեն վերաբերվում նրանց զառանցանքներին, սակայն յուրաքանչյուր քաղաքացի ամեն րոպե ենթարկվում է լավ մշակված ապատեղեկատվության ազդեցությանը: Հակազդող քայլերի անհրաժեշտությունը մեծ է: Ի վերջո, ի՞նչ ճանապարհ է անցել հայկական քարոզչությունը, ո՞ր փուլում է և ի՞նչ բացթողումներ կան:

- Հայկական կողմը երկար տարիներ պետական մակարդակով քարոզչական գործունեություն չի ծավալել: Հիմնական բեռն այդ ընթացում ընկած էր Սփյուռքի կազմակերպութ յունների և պարզապես հայրենասեր անհատների վրա, որոնք նյութեր էին տարածում, սիրողական ֆիլմեր ստեղծում, կայքեր կառուցում, ուր ներկայացնում էին իրականությունը Սումգայիթի, Մարաղայի, Բաքվի դեպքերի վերաբերյալ: Իրավիճակն սկսեց փոխվել 2008-2009-ից, երբ մշակվեց և սկսեց իրականացվել «Տեղեկատվական անվտանգության հայեցակարգը», որը ենթադրում է պետական և ոչ պետական ուժերի համատեղ քարոզչական և հակաքարոզչական գործունեություն: Ինչի շրջանակներում նախագահի աշխատակազմում ստեղծվեց «Հանրային կապերի և տեղեկատվության» կենտրոնը, որն էլ այդ գործունեության համակարգողն է,- ասում է տեղեկատվական անվտանգության հարցերով փորձագետ Սամվել Մարտիրոսյանը:

Քարոզչական ճակատում հայկական և ադրբեջանական կողմերի վարած քաղաքականությունն էապես տարբերվում է:

- Ադրբեջանում կառուցվել է նախագահականից ուղղորդվող կոշտ ուղղահայաց համակարգ: Հայկական համակարգն ավելի շատ հորիզոնական կապերի վրա է հիմնվում, ուր ներգրավված են պետական կառույցները, զանազան հայկական կազմակերպություններ Հայաստանում ու Սփյուռքում և անհատներ: Նման համակարգն ավելի ճկուն է գործում,- համոզված է փորձագետը:

Պատերազմը քարոզչական ճակատից զատ` շարունակվում է նաև շփման գծում` հրադադարի ամենօրյա խախտումներով, դիպուկահարների գործողություններով, որոնք հաճախ ողբերգական ելքով են ավարտվում: Օրեր առաջ հակառակորդի հերթական արկածախնդրության արդյունքում կրկին զինվոր կորցրեցինք: Ո՞րն է ի վերջո տրամաբանությունը:

Ռազմական փորձագետ Արծրունի Հովհաննիսյանի կարծիքով`

- Ցավալի է, բայց սպասելի, քանի դեռ ուժի գերակայությունը մեր կողմից իրենց համար չի հասել վերջնական կործանարար վիճակի: Ոչ թե որպես հայ, այլ որպես ռազմական փորձագետ եմ ասում` կա հակառակորդ, որը ձգտումներ ունի տեղաբնիկի նկատմամբ: Մի անգամ փորձում է, ատամը չի կտրում, սակայն մի անգամով չի սահմանափակվում: Ինչքան փորձի, պիտի հակահարված ստանա: Այդ դեպքում միգուցե ինչ-որ բան կհասկանա: Միգուցե, քանի որ դա կարող էր լինել միայն այն պարագայում, եթե Ադրբեջանն իր անցյալն իմացող, կայացած էթնիկական խմբավորում լիներ: Բայց այդ էթնիկ տեսակն ինքնահաստատվելու անհրաժեշտություն ունի: Չգիտի` ինքն ով է: Իսկ քանի դեռ չգիտի` միշտ մանիպուլյացիայի է ենթարկվելու ներքին իշանական լծակներից և արտաքին աշխարհից: Միշտ էլ Թուրքիան ասելու է` դուք թուրք եք, և Ադրբեջանը ծառայեցնելու է իր պետական շահերին: Այսինքն` եթե անցյալը կեղծիք է, չկա հստակություն, ապագան հիմնված է մաքսիմալիզմի վրա, այդպիսի հասարակության հետ միշտ խնդիրներ կունենանք:Կա Իսրայելի փայուն օրինակը: Մարդիկ երբ հոգնում են պատերազմի իրողությամբ ապրելուց, գիտակցում են, որ ապրում են մի միջավայրում, որտեղ խաղաղություն ասվածն ընդամենը պատերազմի ավարտի հաջորդ օրն է: Մենք չունենք հավիտենական խաղաղություն: Մենք քաղաքակրթության այնպիսի միջավայրում չենք, որ կիսելու բան չունենանք: Նրանց և´ անցյալն է խաթարված, և´ ապագան: Իսկ առկա քաղաքական շահագործումն արտացոլվում է նաև մարտական դիրքերի վրա: Մենք այսօր ցավոք պետական սահմանի փոխարեն ունենք մարտական հենակետ, որի մի կողմում մաքսիմալիզմի, խաբկանքի կրողն է, մյուսում` սեփական տունը պաշտպանող հայ զինվորը: Ցավոք, մենք դատապարտված ենք շարունակել այս պատերազմը: Պարզապես ամեն մի զոհը պիտի ենթադրի շատ ավելի հուժկու հարված, այնքան ցավագին, որ հասարակական ցնցում առաջացնի:

Հասմիկ ԳՅՈԶԱԼՅԱՆ