Միակ տարբերակը «ստատուս քվոն» է


 

Մերձդնեստրյան հարցը զուգահեռելով ԼՂ հիմնախնդրի հետ` շատ նմանություններ կարելի է գտնել: Մասնավորապես այն, որ խաչվում են գերտերությունների` Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Եվրամիության շահերը: Եթե Ադրբեջանի թիկունքին կանգնած է ավագ եղբայր Թուրքիան, ապա Մոլդովայի թիկունքին` Ռումինիան: Թե´ ԼՂ-ի, թե´ Մերձդնեստրի հիմնախնդրի կարգավորումը արևմտյան սցենարով (տարածքային ամբողջականության սկզբունքով) ձեռք չի տալիս Ռուսաստանին: Հենց այդ պատճառով էլ, գրեթե համոզված կարելի է պնդել, որ երկու հակամարտություններում էլ «ստատուս քվոն» դեռ երկար կպահպանվի:

Ըստ «Ինտերֆաքսի»` Իռլանդիայի մայրաքաղաք Դուբլինում բանակցություններ են սկսվել Մերձդնեստրյան խնդրի կարգավորման շուրջ: Այն ընթանում է 5+2 ձևաչափով: Երկօրյա բանակցություններին մասնակցում են բոլոր կողմերի` Մոլդովայի, Մերձդնեստրի, ԵԱՀԿ-ի, Ուկրաինայի, ՌԴ, ԱՄՆ-ի և Եվրամիության ներկայացուցիչները:

Հիշեցնենք, որ միջազգային հանրությունն այս խնդիրը քննարկում է 6-ամյա դադարից հետո: Ըստ փորձագետների` այս հակամարտության լուծմանը անդրադառնալու այժմյան փորձը պայմանավորված է Մոլդովայում և Մերձդնեստրում իշխանությունների փոփոխությամբ: Սակայն ինչպես նախկինում, այնպես էլ այսօր կողմերի միջև փոխադարձ համաձայնության հասնելու հույսերը շատ փոքր են: Թե´ Մոլդովան, թե´ իրեն անկախ հռչակած Մերձդնեստրը մնում են նույն դիրքորոշմանը: Մոլդովան պատրաստ է լայն ինքնավարություն տալ Մերձդնեստրյան Հանրապետությանը, իսկ վերջինիս դա չի բավարարում: Այն ուզում է պահպանել անկախ պետության` իր այսօրվա կարգավիճակը: Այստեղ, ինչպես հետխորհր դային տարածքում, առկա մյուս հակամարտություններում բախվում են գերտերությունների շահերը: Մի կողմից Ռուսաստանի, մյուս կողմից ԱՄՆ-ի և Եվրամիության: Եվ հենց դա է պատճառը, որ քսան տարուց ավելի այս խնդրում որևէ առաջընթաց չի նկատվում: Ի դեպ վերլուծաբանները գրեթե համոզված են, որ այս թնջուկը դեռ տասնյակ տարիներ իր հանգուցալուծումը չի գտնելու: