Անգելա Մերկելը ներողություն է խնդրում


 

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հրապարակավ ներողություն է խնդրել երկրում առկա նեոնացիզմի դրսևորումների համար: Նա այդ երևույթին անդրադարձել է նեոնացիզմի զոհերի հիշատակման միջոցառմանը` ընդգծելով նաև այն պատճառները, որոնք սնուցում են ազգայնական գաղափարախոսությունը և պարարտ հող հանդիսանում դրանք կրողների ակտիվության աճի համար: Այդ պատճառներից առաջինը գործազրկության ծավալների ավելացումն է, և երիտասարդության պահանջներին ոչ պատշաճ ուշադրությունը: Ինչպես նշում են գերմանացի վերլուծաբանները` նեոնացիստական խմբավորումներն անհանդուրժողական են միգրանտների նկատմամբ` նրանց համարելով չարիքի աղբյուր:

Ազգային-սոցիալիստական գաղափարախոսության հետևորդների ակտիվացման պատճառ է հանդիսացել նաև Հունաստանին ցույց տրվող հսկայածավալ օգնությունը: Նրանք համարում են, որ Հունաստանը դեֆոլտից փրկելով գերմանական վարչակազմը, ոտնահարում է սեփական ժողովրդի շահերը: Ի դեպ, Գերմանիայի վերամիավորումից հետո նեոնացիստական խմբավորումների ահաբեկչական գործողությունների զոհ են դարձել 60-ից ավելի մարդ: Սակայն «Ձախ» և «Կանաչ» կուսակցությունները գտնում են, որ զոհերի քանակը արհեստականորեն նվազեցված են:

Ինչևէ. Գերմանիայի իշխանությունները վճռականորեն են տրամադրված` արմատախիլ անելու նացիոնալ-սոցիալիստական գաղափարախոսությունը: Իսկ դա հարիր է քաղաքակիրթ ժողովրդավարական պետությանը:

Անգելա Մերկելի խոստովանությունը և հրապարակավ ներողությունը պարզապես «ստիպում» է զուգահեռներ անցկացնել մեկ այլ երկրի` Թուրքիայի քաղաքական կեցվածքի հետ, ուր ծայրահեղ ազգայնականությունը, այլատյացությունը վերջին տարիներին ահագնացող չափերի է հասել: Սակայն նեոօսմանիզմի, կայսերապաշտության ուղին բռնած Թուրքիայի վարչապետը, ոչ միայն ներողություն չի խնդրում այս ամոթալի երևույթների տարածման համար, այլև հենց ինքն է հրահրում դրանք: Ի տարբերություն Գերմանիայի` չի ընդունում Հայոց ցեղասպանության հանրահայտ փաստը: Միաժամանակ պաշտոնական մակարդակով,շարունակվում են հալածանքները ազգային փոքրամասնությունների, հատկապես քրիստոնյա ժողովուրդների նկատմամբ:

Սա ոչ միայն ազգայնամոլություն է, այլ բացահայտ ռասիզմ: Դրա ամենավերջին, վառ վկայությունը վերջերս Խոջալուի դեպքերի խեղաթյուրված իրադարձությունների կապակցությամբ, իր եղբայր Ադրբեջանի ոռնոցին թուրքերի ամոթալի ձայնակցությունն էր: Միտինգի դուրս եկած թուրքական խառնամբոխի հայատյած հայտարարություններին միացել էին նաև Թուրքիայի բարձրաստիճան պաշտոնյաները: Այս ամենը կարելի է բնութագրել ընդամենը երկու բառով` սովորական ֆաշիզմ: Եվ այս երկիրը ուզում է «կանգնել» Գերմանիայի կողքին` որպես Եվրամիության անդամ: