ԻՍՐԱՅԵԼԻ ԱՆՄԱՔՈՒՐ ԽԱՂԵՐԸ


 

Իսրայել պետությունը աստիճանաբար ձգտում է համաշխարհային կարևորագույն դերակատարման հաստատման` ձգտելով տեղ զբաղեցնել գերհզորների շարքում: Սա այնքան ակնհայտ է, որ անհնար է գտնել ժխտող որևէ նշույլ: Սիրիայում ընթացող զարգացումներն ուղղորդվում են առաջին հերթին Իսրայելի կողմից, իսրայելական լրատվամիջոցներն են պատրաստում կեղծ կադրեր և մատուցում աշխարհին իբրև Սիրիայում իրականացվող բռնությունների դրսևորումներ: Իսրայելն է նաև գերշահագրգռված` Իրանի դեմ պատերազմական գործողություններ հրահրելու:

Հատկապես վերջին հանգամանքն առավել ակնառու է դառնում հիմա, երբ իսրայելյան ընկերությունը պատրաստվում է Ադրբեջանին 1,6 միլիարդ դոլարի անօդաչու ինքնաթիռներ և ՀՀՊ համակարգեր վաճառել: Շատերն են այն համոզումին, որ Ադրբեջանին զենք վաճառելով` Իսրայելն այս պետությանը զինում է Իրանի դեմ և տարածաշրջանում ստեղծում պայթյունավտանգ իրավիճակ: Ադրբեջանը նկրտումներ ունի, Իրանի հանդեպ ունի տարածքային հավակնություններ, ուստի նրա կողմից իրականացվող սպառազինությունների մրցավազքն արդեն իսկ հաստատումն է այն իրողության, որ ցանկացած բռնկման դեպքում Ադրբեջանը կփորձի ներքաշվել պատերազմական գործողությունների մեջ:

Սակայն ակնբախ է, որ Իսրայելը զինում է Ադրբեջանին նաև Ղարաբաղի և Հայաստանի դեմ: Հրեական պետության առաջնորդները գիտեն Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասին: Գիտեն նաև, որ Բաքուն ռազմական հռետորաբանությամբ հանդես գալով հանդերձ` ունի պատերազմական գործողությունները վերսկսելու մտադրութ յուններ: Եվ գիտակցաբար զենք վաճառելով Ադրբեջանին` Իսրայելն ամեն ինչ անում է, որպեսզի տարածաշրջանում մեծագույնը լինի ադրբեջանական ռազմական ներուժը: Այսինքն, Իսրայելն անմաքուր խաղեր է խաղում` իր վաճառած զենքի միջոցով հաստատելով անկայունությունն ու իրական դարձնելով պատերազմի վտանգը:

Իհարկե, Լեռնային Ղարաբաղի հենարան և երաշխավոր Հայաստանը նույնպես ունի իր գերժամանակակից ռազմական տեխնիկան, զինվում է անհրաժեշտաբար: Եվ պատերազմական գործողությունների վերսկսման ժամանակ չի դառնա լոկ թիրախ կամ էլ Ադրբեջանի պատանդ: Շատերը գիտեն, որ պատերազմի վերսկսման դեպքում մեծանալու են Ադրբեջանի կորուստները, որովհետև, անկախ ունեցած սպառազինությունից` նրա բանակը մարդկային ներուժի առումով չափազանց թույլ է, խարխլված է բարոյահոգեբանական վիճակը, իշխող կոռուպցիան մեծ հարված է հասցրել բանակաշինությանը...

Իսրայելը ոչ միայն ԱՄՆ-ի խաղն է խաղում` իրականացնելով նրա ծրագրերն ու դառնալով նրա հանձնակատարը, այլև խաղի սեփական կանոններն է թելադրում և իրականացնում իր խաղի սկզբունքները: Այսպիսով այդ երկիրն արդեն իսկ վերածվում է տարածաշրջանն ապակայունացնող ուժի, որի ամեն մի քայլ հետագայում կարող է լինել անկանխատեսելի: Հենց սա էլ այսօր պիտի մտահոգի համաշխարհային հանրությանը, հենց սա էլ պիտի դառնա քննարկումների առարկա: Սիրիական իրադարձությունները վկայում են, որ ԱՄՆ-Իսրայել ալյանսը դարձել է չափազանց վտանգավոր: Հիլարի Քլինթոնի կոչը` ամեն կերպ պայքարել Բաշար ալ Ասադի դեմ, հաստատում է, որ Վաշինգտոնը կամենում է ուժազրկել տարածաշրջանի ավանդական պետություններին և նրանց փոխարեն առաջատար դարձնել Իսրայելը: Իսկ Իսրայելն էլ արդեն սեփական սցենարներն է կազմում և աջակցում այն ուժերին, ովքեր կողմ են ապակայունացմանը: Սա ստեղծում է երրորդ համաշխարհային պատերազմի վտանգը և առաջին հերթին վտանգ է պարունակում Հայաստանի ու Ղարաբաղի համար:

Լևոն ՄՈՒԹԱՖՅԱՆ