Դեժավյու հարուցող քաղաքական շոու


 

«Ժառանգության», ՀՅԴ-ի և ՀԱԿ-ի մի խումբ ակտիվիստներ Բաղրամյան փողոցում, ԱԺ դարպասների մոտ իրենց բացականչություններով, սուլիչների ու թմբուկների դղրդյունով սատարում էին խորհրդարանում քննարկում-շոուի միջոցով իրենց կուսակցություների վարկանիշին դիվիդենտներ ավելացնելու փորձ անողներին:

Երեկ համամասնական-մեծամասնական ընտրակարգերի շուրջ խորհրդարանական ընդդիմադիրների և քաղաքական մեծամասնության բանավեճը հասավ իր տրամաբանա կան ավարտին: Դեռ օրեր առաջ, երբ այս հարցով խորհրդարանական լսումներ էին կազմակերպվել, արդեն պարզ էր` Հանրապետականը չի զիջելու: Եվ բանավեճի շարունակումն, ըստ էության, արդեն քաղաքական շոուի էր վերածվել, որից դրա մասնակիցներից յուրաքանչյուրն իր քաղաքական շահաբաժինն ուներ: Հանրապետական խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը լսումների ընթացքում ասել էր, որ այս հարցը բարձրացնելով` ընդդիմությունն իր անունը հանրությանը լսելի դարձնելու նպատակ է հետապնդում:

Սակայն, այս բանավեճ-շոուից ամենաշատը թերևս ԲՀԿ-ն է շահում: Նկատենք, որ լսումների ժամանակ ԲՀԿ-ական Նաիրա Զոհրաբյանը շեշտել էր, թե կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը խմբակցության անդամներին արտոնել է քվեարկել ըստ անձնական ընկալումների: Վիճահարույց այս հարցում մնալով ընդդիմության և իշխանության միջև, ԲՀԿ-ն անհրաժեշտ պահին քաղաքական խուսանավումների հնարավորություն է ստանում:

Ընտրությունները միայն համամասնական ընտրակարգով անցկացնելու մասին օրենսդրական փաթեթի քննարկման առնչությամբ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հարցերի հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը դժգոհեց, թե այս հարցի կրկնվող քննարկումն իր մոտ արդեն դեժավյու է առաջացնում: Այնուամենայնիվ, հարցի քննակումն անցավ կիսադատարկ դահլիճում: Համենայն դեպս, հիմնական զեկուցողին` Արմեն Մարտիոսյանին հարցեր ուղղողները հենց «Ժառանգություն» խմբակցության անդամներն էին: Կարելի էր կարծել, թե խմբակցությունում իրոք ծանոթ չէին իրենց իսկ ներկայացրած օրինագծի դրույթներին: