ՏԱՐԲԵՐԱԿՎԱԾ ՄՈՏԵՑՈՒՄ


 

Կառավարությունը խորհրդարան է ներկայացրել օրենսդրական նախաձեռնություն` զիջելու 43 միլիարդ դրամ արժեցող գյուղատնտեսական հարկերը: Կասկած չկա, որ այս նախաձեռնությունը կընդունվի, ու կառավարությունը հերթական անգամ մարդկանց ցույց կտա, թե ինչքան մարդասեր է: Անտարակույս, այդ 43 միլիարդը շատերը համարում են անհույս հարկեր, հողահարկի և գույքահարկի գանձումները դարձել են անհնար, հետևաբար կառավարությունը մի շռայլություն է թույլ տալիս և ցանկանում զիջել դրանք: Կարելի է միայն շնորհավորել:

Կառավարության այս առատաձեռնության խորապատկերին անհնար է չհիշատակել, որ արդեն մի քանի տարի մեր թատրոնները խնդրում-աղաչում են փոփոխություններ կատարել Հարկային օրենսդրությունում, վերանայել ավելացված արժեքի հարկի գանձումը թատրոններից, որոնք գտնվում են ոչ այնքան բարվոք պայմաններում: Հայաստանի բոլոր պետական թատրոններն առնվազն քսան տարի պիտի աշխատեն ու միասնաբար վճարեն ԱԱՀ-ն, որպեսզի մոտենան առնվազն 15 միլիարդ դրամի սահմաններին: Կառավարությունը մերժում է քննարկել թատրոնների առաջարկությունը` պատճառաբանելով, թե առանց այն էլ դժվարությամբ ձևավորվող մեր բյուջեն կարող է լուրջ խնդիրներ ունենալ:

Իսկ մի՞թե բյուջեն լուրջ խնդիրների առջև չի կանգնում, երբ կառավարությունն առաջարկում է զիջել 43 միլիարդ դրամ: Որքան էլ հայտարարեն, թե դրանք անհուսալի են, թե հավաքագրումը շատ դժվար է` չի կարող արդարացում լինել: Մեր երկրում ոչինչ չեն զիջում: Առաջարկիր «Հայռուսգազարդին» ձմռան ընթացքում օգտագործված գազի դիմաց վճարել ողջ տարվա ընթացքում` համամասնաբար, և իսկույն կանջատեն գազը: Խնդրիր «Հայկական էլեկտրացանցեր» ՓԲԸ տնօրինությանը` հաշվի առնելով բնակչի ծանր սոցիալական վիճակը` կատարել զիջումներ, կամ էլ սահմանել ժամանակացույց, և նույն պահին իսկ կզրկեն էլեկտրաէներգիայից: Զիջումների չի գնում «Բիլայնը»` նույնիսկ իր մատուցած խայտառակ ֆիքսված կապի դիմաց: Հորդորիր հիվանդանոցի տնօրինությանը` զիջել մատուցված բուժծառայության վարձը, և նույն պահին կդիմեն դատարան` քեզանից տանելով ամենավերջին ունեցվածքդ անգամ: Իսկ ահա կառավարությունը կամենում է զիջել ահռելի գումար, որով կարելի է մի քանի տասնյակ բնակելիներ կառուցել դեռ աղետի գոտի համարվող Գյումրիում ու Սպիտակում, կարելի է կենսաթոշակները բարձրացնել` մեղմելով մեր թոշակառուների թշվառությունը:

Թող այն տպավորոթյունը չստեղծվի, թե մենք հայ գյուղի թշնամին ենք, և չենք ուզում, որ թեթևանան հայ գյուղացու հոգսերը: Սակայն մեզ առավելապես մտահոգում է այն, որ կառավարությունը տարբերակված մոտեցումներ է ցանկանում կյանքի կոչել` այսպես գուցե հեռահար նպատակներ դնելով իր առջև:

Լ. Մ.