ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ՇԱՇԿԻ


 

Հաշված օրեր հետո վերջին շաբաթների գլխավոր ներքաղաքական ինտրիգներից մեկը կմարի. ԿԸՀ-ն քաղաքական կուսակցություններից և մեծամասնականով առաջադրվել պատրաստվող թեկնածուներից սկսելու է ընդունել գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը: Դրանով իսկ պարզ է դառնալու, թե, ի վերջո, ովքե՞ր և որտե՞ղ են նախատեսում մրցապայքարի ելնել: Ու մինչ առաջադրումների փուլի մեկնարկին այնքան էլ շատ ժամանակ չի մնացել, քաղուժերի ներսում հատկապես կուսակցական ցուցակների շուրջ վեճերը չեն դադարում: Բնական է, որ ընտրական շրջանում «կեղտոտ լվացքը» հանրությանն ի տես դնելը որևէ քաղուժի բոլորովին էլ ձեռնտու չէ: Սակայն, ինչպես երևում է, ցուցակների շուրջ վեճերն առանձին դեպքերում այնքան են թեժանում, որ հակասությունները թաքցնել այլևս չի հաջողվում:

Այսպես, մինչ թվում էր, թե ՀԱԿ-ի կազմում առանցքային համարվող «Հանրապետություն» կուսակցությունն ընդդիմադիր դաշինքի քարոզարշավում ամենաակտիվ դերակատարներից մեկն է պատրաստվում դառնալ, ի հայտ եկավ Արամ Զավենիչի հայտարարությունը: Դրանով վերջինս ըստ էության բոյկոտում է ընտրական գործընթացը` ՀԱԿ-ին հասկացնելով, որ ինքը մեծ հաշվով թքած ունի ներցուցակային գզվռտոցի վրա: Ավելի պարզ թերևս դժվար էր հասկացնել, որ նման ինտրիգները «Հանրապետության» համար այլևս երկրորդական են, որ Կոնգրեսի երևելիները կարող են Արամի անունն ընդհանրապես չներառել խնդրահարույց դարձած ցուցակում:

Շատ նեղացած չերևալու համար Արամ Զ. Սարգսյանը համենայն դեպս առաջարկեց միայն իր անունն ընդգրկել համամասնականում, այն էլ` ցանկացած հորիզոնականում: Նկատենք, որ նույն քաղուժը ներկայացնող Սմբատ Այվազյանի կամ Սուրեն Աբրահամյանի մասին այստեղ խոսք անգամ չկա: Նրանք չեն առաջադրվելու նաև մեծամասնականով` անհատապես: Ավելի խառնափնթոր իրավիճակ թերևս դժվար էլ էր պատկերացնել: Բայցևայնպես ՀԱԿ-ում ցուցակների շուրջ ծայր առած կոնֆլիկտը Արամ Զավենիչի գնահատելի ժեստով չի հանգուցալուծվի, և Լ. Տեր-Պետրոսյանի խնդիրը պատկերացրածից էլ բարդ է: Նա պետք է գոհացնի ավելի քան մեկ ու կես տասնյակ մարդ-կուսակցությունների առաջնորդներին: Թեկուզև նրանց այն պարզ ծառայության դիմաց, որ ՀԱԿ-ի հիմնադրման օրվանից նրանք այս դաշինքից հեռանալու մշտառկա ցանկությունը զսպել են` ենթարկվելով առաջին նախագահի բոլոր քմահաճույքներին ու կամակորություններին և, ինչու չէ, նման զոհողության գնալով` պատգամավոր դառնալու հույսեր նույնպես փայփայելով:

Փորձը ցույց է տալիս, որ ՕԵԿ-ի դեպքում այս կուսակցության անդամները կամ միանգամից լքում են կուսակցության շարքերը, կամ դեռ ինչ-որ ժամանակ ծայրահեղ հակամարտությամբ ծառայում Արթուր Վահանիչին: Այս անգամ սակայն հաստատուն թվացող այս մոտեցումը թղթե տնակի նման փլուզվեց: Այնպես է ստացվել, որ «Օրինաց երկրի» թոփ տասնյակը ոչ մի կերպ «դասավորել» չի հաջողվում: Ամեն մեկը փաստորեն Ա. Բաղդասարյանից հետո իրեն երկրորդ էր պատկերացնում, ու ցուցակի առաջին երեք ազգանունների հրապարակումը ոմանց համբերության բաժակը վերջնականապես լցրեց: Հավանական է, որ մինչև մարտի 12-ը ՕԵԿ-ին այդպես էլ չհաջողվի ցուցակն առանց կորուստների ի մի բերել:

Ամեն դեպքում, այլևս պարզ է, թե թոփ-տասնյակի եզրափակող Հովհ. Մարգարյանն օրեր առաջ ինչու էր անսպասելի կերպով հիվանդացել (՞): Պարզ է, որ գյումրեցի պատգամավորը (ով հայտարարել է, որ մեծամասնականով նույնպես առաջադրվելու է) հույսը կուսակցական ցուցակի հետ է կապում ու վստահ էր, որ իր անունը գոնե հնգյակում կլինի: Իսկ Կենտրոնում առաջադրվել նախատեսող «Լավանդայի Արայիկն» այնպես ու այնքան հիասթափվեց ՕԵԿ-ից, որ որոշեց ընդհանրապես երես թեքել քաղաքականությունից: Մի՞թե պարզ չէ, որ այս որոշումից ընդամենը երեք օր առաջ հաղթելու 99 տոկոս հույսեր ունեցող Ա. Հայրապետյանի ու Ա. Բաղդասարյանի միջև «սև կատու անցավ», ու ճարահատյալ «Օրինաց երկրի» դուռը եկած և իր քսակն այդ քաղուժի առաջ սիրահոժար կերպով բաց արած գործարարը հասկացավ, որ ինքը պարզապես խաբվել է: Ամեն դեպքում, չարժեր համամասնականով ու մեծամասնականով տապալվելուց հետո ընդունել պարզ իրողությունը, ինչը ՕԵԿ-ով արագ խանդավառված ու կարճ ժամանակ անց կատարելապես հիասթափված շատերի գլխով է արդեն անցել:

Ինչևէ, մյուս քաղուժերին առայժմ հաջողվում է սեփական տան պատերի ներսում պահել «լվացվող ներքնազգեստները»: Պարզ է, որ ինտրիգներ ու հակասություններ ընտրական մյուս հավակնորդների շարքերում նույնպես քիչ չեն լինի: Այսուհանդերձ, այդ ամենը քողարկել հատկապես ՀԱԿ-ին ու ՕԵԿ-ին չհաջողվեց, ինչն էլ իր հերթին քարոզարշավի պաշտոնական մեկնարկից առաջ որոշակիորեն նվազեցրեց նրանց առանց այն էլ ոչ այնքան նախանձելի վարկանիշը: