Մահապատիժը շատացել է Բայց` քիչ թվով երկրներում:


 

Այս փաստը ներկայացվել է AΗnesty InternΖtionΖl միջազգային իրավապաշտպան կազմակերպության զեկույցում: Ըստ այդ փաստաթղթի` 2011 թ. աշխարհում պաշտոնապես մահապատժի է ենթարկվել 676 մարդ. 149-ով ավելի` նախորդ տարվանից: Եվս 18750 դատապարտյալ բանտերում սպասում են իրենց մահվան դատավճռի իրագործմանը: Նշյալ ցուցանիշում ներառված չէ Չինաստանը, որտեղ նման տեղեկատվությունը պետական գաղտնիք է համարվում և ենթակա չէ հրապարակման: Նույն սկզբունքով գաղտնի է պահվում նաև Վիետնամում, Մոնղոլիայում և Բելառուսում մահապատժի ենթարկվածների թիվը (նշել է BBC-ի ռուսական ծառայությունը):

Անցյալ տարի խստագույն այդ պատժի կիրառումը կտրուկ աճել է Մերձավոր Արևելքում (1,5 անգամ): Իրանում մահապատժվել է 360 հանցագործ. նրանց մեծ մասը` թմրամոլության համար, իսկ 3-ը դատապարտված են եղել 18-ից ցածր տարիքում:

Սաուդյան Արաբիայում` առնվազն 82, Իրաքում` 68 մահվան դատավճիռ է կայացվել: Լիբիայում, Սիրիայում ու Եմենում «Արաբական գարունը», քաղաքացիական պատերազմը դժվարացրել են այս առնչությամբ հստակ տեղեկատվության հավաքագրումը:

Իրավապաշտպանները «Պետական դահիճներ» «անվանակարգում» առաջատարներ են ճանաչել Չինաստանն ու Իրանը, Կորեայի Ժողովրդա-Դեմոկրատական Հանրապետությունը, Իրաքը, Սաուդյան Արաբիան, Եմենը, Սոմալին և ԱՄՆ-ը: Ընդ որում` Միացյալ Նահանգները 5-րդ տեղում է` ի կատար ածված 43 մահապատիժներով:

Սրանով հանդերձ` վերջին 10 տարիներին 11-ով նվազել է մահապատիժ կիրառող երկրների քանակը:

- Որքան մեզ հայտնի է` միայն 20 երկրներում է կիրառվում մահապատիժը: Դա նշանակում է, որ 178 երկրներում մահապատիժ չկա,- հայտարարել է AΗnesty InternΖtionΖl-ի գլխավոր քարտուղար Սալիլ Շետին:

Խստագույն այդ դատապարտումը մերժվել է նաև Հայաստանում:

Որոշ երկրներում ի թիվս այլ ծանր հանցանքների, մարդկանց կյանքից զրկելու վճռի առիթ են դարձել նաև «մարդկային ոսկորների մաքսանենգությունը» (Կոնգո), «կախարդությունը» (Սաուդյան Արաբիա) և «անհավատարմությունն Աստծո դեմ» (Իրան):

Տարբեր երկրներում տարբեր են և մահապատժի եղանակները. գնդակահարություն, կախաղան, թունանյութի ներարկում, գլխատում, էլեկտրահարում: