ՄՏԱԾԵՆՔ ԺՈՂՈՎՐԴԻ, ՈՉ ԹԵ ՍԵՓԱԿԱՆ ԳՐՊԱՆԻ ՄԱՍԻՆ


 

Այս անգամ փորձեցինք զրույցների միջոցով պարզել մեր հայրենակիցների վերաբերմունքն ու դիրքորոշումը` վաղուց ի վեր մեզանում խորը արմատներ ձգած արատավոր մի երևույթի` ընտրակաշառքների նկատմամբ:

- Ինչպե՞ս են վերաբերվում հնչող այն հայտարարություններին, թե ընտրակաշառքն այնուամենայնիվ պետք է ընդունել և ձայն տալ նախընտրած թեկնածուին:

- Քաղաքական հայացքներից զատ` մարդկային ի՞նչ որակներով պետք է օժտված լինի թեկնածուն` ընտրողի վստահությունը շահելու համար:

Այս հարցերը երեկ ուղղեցինք բազմաթիվ անցորդների: Շատերը պատասխանել չցանկացան. կաշկանդված էին:

Ամալյա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ, 25 տարեկան, լրագրող.

- Ընտրակաշառքի դեպքերի մասին լսել եմ, բայց անձամբ ինձ չեն առաջարկել: Աշխատանքի բերումով տեղյակ եմ, որ հատկապես ընդդիմադիր ուժերի կողմից է եղել նման առաջարկներ: Բայց ինքս չեմ կարող վկայել, քանի որ անձամբ ինձ դեռ չեն առաջարկել: Նախորդ տարիներին, համոզված եմ` եթե ես ուզենայի, թույլ տայի` կստանայի: Մեր հարևանությամբ ճանաչում եմ մեկին, ով յուրաքանչյուր ընտրությունների ժամանակ դառնում է այսպես ասած որևէ ուժի «մանկլավիկը»: Եվ պարում է նրա դուդուկի տակ, ով կվճարի: Շրջում է շենքերով և ընտրակաշառք առաջարկում: Այս տարի դեռ չի եկել, բայց սպասելի է: Ոչ մի դեպքում ընտրակաշառք չեմ վերցնի: Ստացվում է, որ քո ձայնը վաճառում ես: Ինչպե՞ս կարելի է ձայնը փողի դիմաց վաճառել: Հետո էլ ուզում ենք երկիր կառուցել: Վաղը նույն այդ մարդիկ կկանգնեն և կասեն` սա երկիր չէ: Պետք չէ վերցնել այդ գումարը, հետո արդարանալ, թե` տվեցին, ես էլ վերցրեցի: Իհարկե, ծայրահեղ վատ պայմաններում ապրող մարդիկ կան:

Վերջերս մի տեսանյութ էր տարածվել. մի կին լացում էր` ասելով, որ ընտրակաշառք են բաժանել, և ինքը չի հասցրել ստանալ իրեն հասանելի 5000 դրամը: Սա զավեշտ է և ողբերգություն:

Իմ թեկնածուն առաջին հերթին հայրենասեր պիտի լինի, երբեք չմտածի երկիրը լքելու մասին: Ով ուզում է լինի, եթե միտք ունի թեկուզ մի թիզ հող հանձնելու, ես նրան չեմ ընտրի:

Հասմիկ ՓԱՇԻՆՅԱՆ. տնտեսագետ, 55 տ.

-Ոչ մի դեպքում ընտրակաշառք չեմ ընդունի: Որովհետև ես գիտեմ, թե ում եմ ընտրելու: Ինչու պետք է իմ ձայնը վաճառեմ: Լսել եմ նման դեպքեր, երբ խորհուրդ են տվել վերցնել ընտրակաշառքը և ընտրել` ում ցանկանամ: Սակայն ես դա չեմ ընդունում, առավել ևս եթե չպիտի ընտրեմ, ինչի՞ համար վերցնեմ:

Իմ նախընտրած թեկնածուն պետք է օժտված լինի մարդկային բարձր հատկանիշներով, առաջին հերթին ազնիվ լինի: Մտահոգվի ժողովրդի հոգսերով, մտածի երկրի բարգավաճման մասին: Չկարծեք, թե ԲՀԿ-ի կողմնակից եմ, ոչ: Պարզապես ցանկացած քաղուժ պետք է մտածի հենց երկրի բարգավաճման ուղղությամբ:

Վիլիկ ՀՈՎԵՅԱՆ. թոշակառու, 75 տ.

-Դեռ չեն առաջարկել, սակայն առաջարկելու դեպքում չեմ ընդունի: Լսել եմ իհարկե, որ բաժանում են, բայց լիովին համոզված չեմ: Ձեր ասած երևույթի նկատմամբ որևէ առարկություն չունեմ: Եթե մարդիկ հակված են վերցնելու այդ գումարը, այո, թող վերցնեն ու չընտրեն:

Չեմ կարող ասել, թե ինչն եմ գնահատում ավելի շատ, բայց ամենակարևորը` գոնե տված խոստումների մի մասն իրականացնի:

Աննա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ. բանասեր, 24 տ.

- Կոնկրետ դեպքեր չեմ լսել: Երևի շատ հեռու եմ քաղաքականությունից: Ընդհանրապես շատ է խոսվում այդ թեմաներով, բայց այս ընտրությունների հետ կապված ոչինչ չեմ լսել: Եթե առաջարկեն` չեմ վերցնի: Առհասարակ դեմ եմ այդ երևույթին: Եթե յուրաքանչյուրը մտածի ձայնը վաճառելու մասին, ոչնչի չենք հասնի: Ու նույն անմխիթար վիճակը կշարունակվի: Վերցնում են, ձայն են տալիս, հետո բողոքում, թե ինչու տվյալ կուսակցությունն անցավ: Իսկ վերցնել գումարը մեկից և ընտրել մյուսին, այդ առաջարկով պարզապես ծիծաղում են մարդկանց վրա: Ոչ մի լուրջ մարդ նման առաջարկ չի կարող անել:

Առաջին հերթին մտածի երկրին օգուտ բերելու, ոչ թե միայն սեփական շահերի մասին: Ոչ թե ձգտի ճանաչում ձեռք բերելու և փող գրպանելու մասին:

Հասմիկ ՊԱՊՈՅԱՆ.

տնային տնտեսուհի, 53 տ.

- Այս տարի դեռ ոչ մի դեպք չեմ լսել: Ու ճիշտն ասած` մեղադրում եմ ոչ թե ժողովրդին, որ վերցնում են այդ գումարները, այլ նրանց, ովքեր առաջարկում են: Նրանք ուղղակի իրավունք չունեն այս երկրի վրա ապրելու: Մինչև դա չվերանա, ոչ մի դեպքում արդար ընտրություններ չեն լինի: Ինքս երբեք չեմ վերցնի, բայց չեմ էլ մեղադրում նրանց, ովքեր վերցնում են` սոցիալական պայմաններից ելնելով: Այնքան մարդիկ կան, որ նույնիսկ չգիտեն, թե ինչ է կատարվում երկրում, այնքան շատ են խնդիրները: Ու կարիքից դրդված` վերցնում են:

Թեկնածուի ու առհասարակ մարդու մեջ հայրենասիրությունն եմ գնահատում:

ՀՈՎՍԵՓ. սպասարկման ոլորտի աշխատող.

- Ոչ, դեռ չեմ լսել ընտրակաշառքների մասին, բայց եթե առաջարկեն, բնականաբար չեմ ընդունի: Բարոյական չէ թե´ վերցնելը, թե´ առաջարկելը: Կաշառք բաժանողը հետագայում ոչինչ էլ չի անի կաշառք վերցնողի համար: Բացասական եմ վերաբերվում նաև կաշառքը վերցնելու և նախընտրածին ձայն տալու առաջարկին:

Իմ ընտրյալը պիտի լինի հայրենասեր, ազնիվ: Հույս ունեմ, սպասելիքներ կան, սակայն անուններ չէի ուզի նշել:

ԼԻԼԻԹ. բուժքույր, 36 տ.

-Դեռ հայտնի չեն նման դեպքեր: Կատեգորիկ դեմ եմ ընտրակաշառքին, և առաջարկելու դեպքում չեմ վերցնի: Ու ընդհանրապես ես ոչ ոքի չեմ ընտրելու:

Պետք է բարեխիղճ լինեն, ժողովրդի մասին մտածեն, ոչ թե սեփական գրպանի: Ինչքան երիտասարդներ կան, որ անգործ են. ո՞վ պիտի մտածի նրանց մասին:

Լուսինե ՀԵՔԻՄՅԱՆ. բուժքույր, 27 տ.

- Քաղաքականությամբ ընդհանրապես չեմ հետաքրքրվում: Տեղյակ չեմ: Բայց եթե առաջարկեն, չեմ վերցնի: Չեմ ընդունում և չէի ցանկանա նման դեպքերի մասնակից լինել: Իսկ թեկնածուն պիտի մտածի ժողովրդի սոցիալական վիճակը բարելավելու, երկիրը ճգնաժամից հանելու մասին: Մարդիկ բուհեր են ավարտում և աշխատանք չեն գտնում: Կուզենայի, որ բոլորը հնարավորություն ունենային աշխատելու:

Լենդրուշ ՄԱՆՈՒԿՅԱՆ. Հայրենական մեծ պատերազմի վետերան, 86 տ.

- Ինձ երբեք չեն առաջարկել նման բան: Իսկ եթե առաջարկեն, ոչ մի դեպքում չեմ վերցնի: Ամբողջ կյանքում ազնիվ աշխատող մարդ եմ եղել, գիշեր-ցերեկ աշխատելով եմ հաց վաստակել ու չեմ ընդունում նման բաներ: Սխա´լ է: Մարդը պիտի ինքնասիրություն ունենա: Եթե հոգիդ մաքուր է, քեզ էլ ես մաքուր պահում, շրջապատդ էլ:

Միանգամից ասեմ, որ ԲՀԿ-ին եմ ձայն տալու: Ուզում եմ հուսալ, որ ինչ-որ բան կփոխվի, բայց չեմ պատկերացնում: Փողոցում մարդկանց ես հանդիպում, որոնց նայելիս սիրտդ լցվում է: Կուզենայի` այդպիսիները գոնե հնարավորինս քիչ լինեին:

Հասմիկ ԳՅՈԶԱԼՅԱՆ