Նշանաբանը նույնն է`` «Հավատանք, որ փոխենք»


 

Նախընտրական շրջանում ընդդիմադիր դաշտում առկա տրամադրությունների և զարգացումների մասին է զրույցը ՀՀՇ վարչության նախագահ Արամ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ հետ

Ընտրություններում հաջողության հասնելու ինչպիսի՞ հնարավորություն ունի ընդդիմությունը:

- Ընդդիմությունն ունի այնքան շանս, ինչքան ժողովուրդն ունի մեր կյանքում փոփոխություն իրականացնելու ցանկություն: Ես կարծում եմ` դրանք համահունչ են: Մեր խնդիրն ընտրություններում պետք է լինի դա վերածել գործի, արձանագրության, կոնկրետ ձայնի: Սա է այս պահին դժվարությունը: Այն, որ ժողովրդի ճնշող մասը փոփոխության ցանկություն ունի, պատկերացնում է, թե որտեղից են գալիս իր դժվարությունները` արտագաղթը, կոռուպցիան, սոցիալական անարդարությունը, գնաճը և այլն. շատ լավ գիտի: Գիտի նաև փոփոխության ձևը: Մեծ մասը կգա քվեարկության, բայց մի մասը չի հավատում, որ այդ քվեարկությունը ցանկալի արդյունք կբերի: Այդ առումով, մեր խնդիրը պետք է լինի հույս արթնացնել, որ ինքը` ժողովուրդը, կարող է ազդել երկրի գործընթացների վրա, և մենք կարող ենք պահել նրա տված քվեն: Այսինքն` ընտրությունների կազմակերպումը պարզ ձևակերպումով հետևյալն է` ժողովրդի ցանկությունը դարձնել քվե, և քվեն պահել, դարձնել արձանագրություն:

Բայց որքանո՞վ եք վստահ, որ ժողովուրդն այսօր վստահում և հավատում է ընդդիմությանը: Ի դեպ, ընդդիմություն ասելով նկատի չունեմ միայն ՀՀՇ-ն կամ ՀԱԿ-ը:

- Հենց այդ պատճառով ասացի, որ երկու խնդիր պետք է լուծենք. Մեկն այն, որ փոփոխություն իրականացնելու ցանկությունը մարդիկ կապեն Կոնգրեսի հետ, վստահեն ու հավատան, որ դա կարող ենք անել և երկրորդ խնդիրը` որ կարողանանք այդ վստահությունը պահել, իրականացնել: Ժողովրդի, ընտրողների հետ մեր առաջիկա հանդիպումները, հանրահավաքները և այցելությունները մարզեր լինելու են առաջին խնդիրը լուծելու համար: Այսինքն, փոփոխության ցանկությունը կապել Հայ ազգային կոնգրեսի հետ:

Ձեր ասածն ըստ էության համընկնում է այն բանաձևի հետ, որը երկրի նախագահն առաջադրեց` «Հավատանք, որ փոխենք»: Բայց հավատալու համար հիմքեր են պետք. ինչի՞ն կամ ո՞ւմ պետք է հավատա ժողովուրդը: Անկախության առաջին օրվանից ժողովուրդը հավատացել և վստահել է, բայց ցանկալի արդյունք չի տեսնում: Չեմ ասում, թե ընդդիմությունը վատն է, պարզապես ընդդիմությունը չի համախմբվում, չի հաջողում ինչ-որ բան անել:

- Երևի դուք խոսում եք այս փուլի մասին: Մենք ունենք աշխատելու 40 օր, և ծրագրավորել ենք այնպես, որ հավատացողների ու վստահողների թիվը լինի առավելագույնը: Մենք դեռևս ոչ մի գործիք չենք ներդրել:

Բայց ընդդիմության դաշտում վերջին զարգացումներն այնքան էլ հուսադրող չեն: Մի երկու օր առաջ «ժառանգությունը» բոլորին համախմբելու նախաձեռնությամբ հանդես եկավ: Բայց դա կարծես ձախողվեց:

- Ես ողբերգություն չեմ տեսնում դրա մեջ: Ճշտելու համար ասեմ` նախաձեռնությունը մերն է եղել, ոչ թե «Ժառանգությանը»: Մենք առաջարկել էինք քննարկումներն անել մինչև առաջադրումները, ինչը շատ ավելի կհեշտացներ ընդհանուր լուծումներ գտնելը: Լևոն Զուրաբյանն է Արմեն Մարտիրոսյանին առաջարկել` առաջադրվելուց առաջ քննարկել բոլոր տարբերակները: Առաջադրվելուց հետո թեկնածություն հանելը դժվար է. դուք հիմա կպատկերացնե՞ք, որ ես հանեմ թեկնածությունս:

Այնուամենայնիվ, Րաֆֆի Հովհաննիսյանը գնաց այդ քայլին:

- Ճիշտ քայլ է արել: Բայց նրա առաջարկը խոհեմությունից շատ հեռու էր. նրա հետ թեկնածություններս հանելու էինք ես, Լ. Զուրաբյանը և մնացած 4-ը: Առաջ նրա առաջարկն իրականությունից շատ հեռու էր, առավել ևս առաջարկի երկրորդ մասը` աջակցել Կոնգրեսին մնացած 21 ընտրատարածքներում: Դրանք այն տարածքներն են, որտեղ իրենք առաջադրված թեկնածուներ չունեին:

Բայց փաստ է` ունենալով նույն խնդիրները, ընդդիմադիր ուժերը տուրք են տալիս իրենց ամբիցիաներին:

- Փառք Աստծո, նորմալ հարաբերությունները մնում են, ցանկացած փուլում մեր հետագա աշխատանքները քննարկելու որևէ դժվարություն չի լինի: Գոնե մենք իսկապես ուզում ենք, որ դաշտն ընդարձակ լինի:

- Չե՞ք գտնում, որ այսօր հասարակության մեծ մասը հակված է ավելի շուտ հավատալու և վստահելու քաղաքացիական նախաձեռնությունների երիտասարդներին, քան գոյություն ունեցող կուսակցություններին: Եվ եթե այո, ապա ինչո՞ւ կուսակցություններն իրենց ընտրացուցակներում չեն ներառում այդ ջահելներին :

- Մեր կուսակցությունում բոլոր ջահելները հիմնականում այդ շարժման մասնակիցներ են: Բացի այդ, 2 ընտրատարածքներում մենք թեկնածուներ ենք առաջադրել այդ ջահելներից: Այս ընտրություններում երիտասարդները մեծ դեր կխաղան նաև սոցիալական ցանցերի միջոցով:

Արթուր ԴՈԽՈԼՅԱՆ