Քրիստոնյաների տանջախուց 


 

Եգիպտոսի իշխող` «Մահմեդական եղբայրներ» կուսակցությունը պարբերաբար «ստիպվում» է ճնշել իր քաղաքականությունից դժգոհների ընդվզումները: Հիմա, սակայն, կարծես որոշել է ավելի արմատական միջոցներով չեզոքացնել վարչախմբի հակառակորդներին: Ընդդիմադիր տրամադրությունները չթաքցնող քրիստոնյաները վերջերս իշխանություններին մեղադրել են այն խոշտանգումների համար, որոնք նրանք կազմակերպել են հատուկ այդ նպատակով զավթած մզկիթում (գրել է Mid EΖst ChristiΖn News-ը):

Կահիրեի Մոկատամ արվարձանի մզկիթի ներկայացուցիչներից ոստիկանությունը հայտարարություն է ստացել, որում պնդումներ կան, որ երեկոյան աղոթքի ժամանակ անհայտ ուժայիններ են ներխուժել և բոլորին դուրս վռնդելով, իրենց հսկողության տակ են առել շինությունը: Մզկիթի «զավթման» վկաները հավաստիացրել են, որ ներսում գտնվողներից շատերը ծեծի են ենթարկվել: Իսկ ղպտի Ամիր Հայադը վկայել է, որ նույնիսկ խոշտանգումներ են եղել: Մարդկանց հատուկ այստեղ են քարշ տվել ու խոշտանգել:

- Երբ ինձ բռնեցին ու մզկիթ բերեցին, ես այնտեղ մենակ չէի: Այնտեղ տանջահար էին անում բազմաթիվ ցուցարար-ղպտիների,- պատմել է Ամիրը, ով գանգի և ձեռքի կոտրվածքներ ու բազմաթիվ վնասվածքներ էր ստացել:

Ինչպես նշել է Fox News-ը, Եգիպտոսում ղպտի-քրիստոնյաների հանդեպ բռնությունները հաճախակիացել են նախագահ Հոսնի Մուբարաքի տապալումից հետո: Մուբարաքը միշտ ջանացել է կանխել կրոնական ծայրահեղականության դրսևորումները:

Եգիպտական ղպտիները ամենանշանակալի քրիստոնեական համայնքն են Մերձավոր Արևելքում: Տարբեր տվյալներով նրանք 90 միլիոն եգիպտոսցիների 6-10 տոկոսն են կազմում: Միայն Կահիրեում հաշվվում է ղպտիական 163 եկեղեցի: