Սեր` որը ձգտում է քաղաքական կատեգորիա դառնալ


- Կադրային ապահովվածության հարցը, որպես կանոն, կարևոր խնդիր է: Հատկապես, երբ նոր ենք սկսում գործընթացները, անհրաժեշտ է, որ նրանք համապատասխան մակարդակ ունենան: Այդպիսի մակարդակ ունեցող մարդկանց առումով ԲՀԿ ցուցակը առանձնանում է այլ կուսակցություններից: Ինձ անձնապես հայտնի չէ և ոչ թե հայտնի չէ, այլ պարզապես չկա այնպիսի փաստ, որ ԲՀԿ-ն անձնագրեր հավաքի: Ուժային կամ չընդունված մեթոդներով շարքեր համալրելու խնդիր չունենք: Մենք հպարտ, պատվախնդիր կուսակցություն ենք,- հպարտորեն հայտարարել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Վարդան Բոստանջյանը:- Մենք հպարտ ենք մեզանով, մեր համամասնական ցուցակով,- շարունակել է նա և անմիջապես սկսել խորհուրդներ տալ` այն հիմնավորելով Սուրբ գրքով: - Սա իմ առաջարկությունը չէ, Սուրբ գիրքն է ասում. «սիրով եղեք հայ մարդու, ընդհանրապես մարդու նկատմամբ»: Սկսենք նրանից, որ նա հավանաբար նկատի ունի աստվածաշնչյան «Սիրեցեք զմիմեանս» պատվիրանը: Քաղաքականությամբ զբաղվող մարդը բնավ էլ պարտավորված չէ խոսքի մեջ Սուրբ գրքին հղումներ կատարել: Բայց եթե նա, այնուամենայնիվ, իր կերպարը կամ խոսքը ավելի գեղեցիկ ու համոզիչ ներկայացնելու համար դիմում է Աստվածաշնչյան դարձվածներին, ապա գոնե պարտավոր է զգուշանալ, որ հանկարծ իր խոսքը նույն` Աստվածաշնչյան պատգամների հետ անհաշտ հակասության մեջ չհայտնվի: Զորօրինակ, ինչպե՞ս կարելի է մի ամբողջ կուսակցության անունից պարծենալ աստվածային մեղքերից մեկով` հպարտությամբ, այն դեպքում, երբ բոլորը գիտեն, որ դա դասվում է մահացու մեղքերի շարքում, որից զգուշացնում է Սուրբ գիրքը: Իսկ գուցե «Բարգավաճը» հատվածաբար է ընդունում Աստվածաշունչը` մի պատվիրանի հետ համաձայն է, մյուսի հետ` ոչ: Սա արդեն խոսակցության ուրիշ թեմա է: Այլապես, իրոք, հնարավոր չէ կրկնել «Սիրեցեք զմիմեանս» ու ջոկատներ պահել` չսիրողներին պատժելու համար: Գ. ԱԲԳԱՐՅԱՆ Հարգարժան թեկնածու, Ձեզ գրում են այն ընտրատարածքի երախտապարտ բնակիչները, որտեղ մեծամասնական ընտրակարգով առաջադրել եք Ձեր թեկնածությունը: Ճիշտ է, Դուք միայն մեկ ժամով այցելեցիք մեզ, բայց մինչ Ձեր այցը, նույնիսկ այդ կարճ ժամանակահատվածում, մեր հոգսերին հաճախ անհաղորդ պատասխանատուները ապագա խոստումներով (որոնք պիտի կատարվեին Ձեր գրպանի հաշվին) ոգևորելով տարածքի երեխաներին, այն փողոցը, որով նախատեսվում էր Ձեր երթը, ամբողջովին մաքրեցին քարերից ու աղբից: Ի դեպ, այդ աշխատանքներին ջանադրաբար մասնակցում էին նաև այս տարածքում հավատարմագրված մուրացկանները` դատարկ շշեր հավաքելու հույսով: Բոլորը միասին այնպես էին աշխատում, որ ձեռքի հետ հողից հանեցին դեռ անցյալ աշնան ծառատունկի ժամանակ տնկած, արդեն իսկ չորացած տնկիները, որոնք այդպես էլ հողի հետ խոսքկապ չեղան: Ձեր ճանապարհին գտնվող թերթի կրպակների ապակիներից հանվեցին մերկ կանանց պատկերներով ամսագրերը (սերնդի սեռական դաստիարակությունը ժամանակավորապես մղելով ետին պլան), իսկ տեղում հայտնվեց Ձեր լայնաժպիտ և խոստումնալից դիմանկարը` «Կապրենք մինչև մայիսի 12-ը» կարգախոսով: Տեսքի բերվեցին նաև հացի, կոշիկի վերանորոգման կրպակները, խառն ապրանքների կրպակում հայտնվեցին սուպերմարկետին վայել երշիկեղեն, թանկարժեք խմիչք: Ճիշտ է, գնորդ չկար, բայց վաճառողուհին սրա-նրա ականջին փսփսում էր, թե «պռակատ ա, չեմ կարա ծախեմ»: Առավել առաջամարտիկները հաստաբուն ծառերի և շենքերի պատերին արված մակագրությունները սպիտակ ներկով փորձում էին ծածկել Ձեր ելույթներից քաղված մեջբերումներով, որպեսզի Դուք պաստառների համար լրացուցիչ գումար չծախսեք: Տարածքում գտնվող միակ արձանը, որի ձեռքից վաղուց չքացել էր կրակով ջահը, լվացվեց, իսկ ջահը փոխարինվեց վարպետորեն քողարկված 20 կիլոգրամանոց գազի բալոնով: Մանուկների հանդեպ Ձեր հոգատարությանն ու սիրուն քաջատեղյակ պատասխանատուները մանկական հրապարակի թալանված ճոճանակները (որոնք այսօր ննջում են մոտակայքում գտնվող մետաղի ջարդոնի հավաքման կետում) փոխարինեցին իրենց երեխաների ու թոռնիկների հեծանիվներով ու զանազան խաղալիքներով` միաժամանակ մի քանիսին հարկադրելով հսկել դրանք: Հարգելի թեկնածու, Ձեր այցից հետո, երբ հետաքրքրության համար ներկա եղանք հարևան ընտրատարածքի թեկնածուի` իր ընտրողների հետ հանդիպմանը, զարմանալիորեն նա կրկնում էր Ձեր խոսքերը: Կարո՞ղ է բոլոր թեկնածուներին բաժանել են նույն խոստումների պատճենավորված թերթիկներ: Ձեր ընտրողների անունից` Անուշ ՆԵՐՍԻՍՅԱՆ