Ուզում եք հավատանք, որ սխալը կուղղվի՞


Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների մասին ԱՄՆ դեպարտամենտի զեկույցում մեր բարեկամ Նահանգները, շարունակելով հավատարիմ մնալ իր երկդիմի խաղի կանոններին, Հայաստանին վերաբերող հատվածում թույլ են տվել սխալ, այն է. «Հայաստանը շարունակում է օկուպացված պահել Ադրբեջանի տարածք համարվող Լեռնային Ղարաբաղը և յոթ շրջանները»: Արդյո՞ք նման սխալը հարևանի քուրայում կրակն ավելի թեժացնելու նպատակ չունի: Ըստ արտգործնախարար Վարդան Օսկանյանի, պարզվում է, այնքան էլ ոչ: Օրերս «Ռեգնում» գործակալությունում «Քաղաքական և տնտեսական զարգացումները հարավկովկասյան տարածաշրջանում» թեմայի շրջանակներում լրագրողների հետ հանդիպման ժամանակ արտգործնախարարը կրկնեց. - Պետքարտուղարությունն ընդունում է, որ դա սխալ ձևակերպում է, և այն այդ փաստաթղթում չպետք է տեղ գտներ: Հասկանալի է, որ, զուտ բյուրոկրատական պատճառներով, փաստաթուղթը պաշտոնապես հրապարակվելուց հետո դժվար է այնտեղ ուղղում անել, բայց խոստացվել է մեզ, համենայն դեպս, ինչ-որ հստակություն մտցնել այդ հարցում կամ ուղղման ճանապարհով` միգուցե կայքի վրա, կամ ինչ-որ այլ ճանապարհով, որն որ իրենք կընտրեն: Բայց ես նորից եմ վերահաստատում, որ պետքարտուղարը մեր քննարկումների ընթացքում ընդունել է, որ դա ակնհայտ սխալ է եղել իրենց կողմից, և կփորձեն, եթե հնարավոր լինի բյուրոկրատական խոչընդոտները հաղթահարել, այդ ուղղումը մտցնել փաստաթղթում: Թեև Վարդան Օսկանյանը 2-րդ անգամ է պնդում պետքարտուղարության սխալի մասին, սակայն նրա առաջին հայտարարության ժամանակ Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը հաստատեց զեկույցում տեղ գտած ձևակերպումը: - Դեսպանատունը այլ հայտարարություն չէր կարող անել, որովհետև չուներ Վաշինգտոնի համաձայնությունը: Ես նորից եմ կրկնում: Եվ գիտեմ, որ այն, ինչ ասելու եմ, լսվելու է ԱՄՆ դեպարտամենտում, և գիտակցում եմ իմ պատասխանի կարևորությունը: Այս հարցում չեմ կարող շեղումներ թույլ տալ, այլապես կասեն` Օսկանյանը ստում է: Իսկ բանակցությունների արդյունքում այսօր ինձ լիազորված է հայտարարել, որ պետդեպարտամենտը ընդունում է իր սխալը և որ փորձ կանի ուղղում մտցնել: Սա հայտարարում եմ պաշտոնապես: Իսկ թե ինչպե՞ս է նույն սխալը տեղ գտել և° Հայաստանին, և° Ադրբեջանին վերաբերող զեկույցների մեջ, պատճառն, ըստ Վարդան Օսկանյանի, այն է, որ այդ երկու զեկույցները գրել է մի մարդ, և որ այդ հարցի վերաբերյալ նրա ակնհայտ վերաբերմունքը չի արտահայտում Միացյալ Նահանգների քաղաքականությունը: Տարօրինակ զուգադիպությամբ ԱՄՆ դեպարտամենտի այս ձևակերպումը հաջորդեց նրա մեկ այլ հայտարարության, որի պատճառով իրենց երկրի սպառողական շուկայից հանվեց «Ջերմուկ» հանքային ջուրը` պատճառաբանելով նրանում պարունակող մկնդեղի քանակության մեծ չափաբաժինը: Սակայն գերզարգացած երկրին պետք է հայտնի լիներ, որ «Ջերմուկ»-ում առկա արսենիումն ամենևին մկնդեղ չէ, և որ այդ հանքային ջուրը տասնամյակներ շարունակ բուժական նպատակով կիրառել և շարունակում են օգտագործել բազմաթիվ երկրներ: Պարզապես հարկ չեն համարում խոստովանել թուրքական լոբբինգի ազդեցության ու սեփական քայլերի նպատակահարմարության իրողությունը: Վարդան Օսկանյանը ԱՄՆ-ի այս քայլերի միջև որևէ կապ կամ միտումնավորություն չտեսավ, այն կրկնեց մի քանի անգամ և մեկ բաժակ «Ջերմուկ»-ով եզրափակեց պատասխանը: Ամռանը Հայաստանի և Ադրբեջանի միջև հնարավոր պայմանագրի կնքման մասին եվրոպացի մի պաշտոնյայի հայտարարության առթիվ արտգործնախարարը նշեց, որ դեռ վաղ է խոսել ԼՂ-ի հարցի կարգավորման վերաբերյալ որևէ փաստաթուղթ ստորագրելու մասին: ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում Կոսովոյի հարցի լուծումը որպես նախադեպ ընդունելու Ադրբեջանի պնդմանն ի պատասխան` Վարդան Օսկանյանն ասաց. - Ղարաբաղի հարցի լուծումն իր ուրույն ճանապարհն ունի և հստակ գնում է ինքնորոշման ճանապարհով: Եթե Կոսովոն անկախանա, դա իրավական առումով լրացուցիչ հիմնավորում կտա Ղարաբաղի ինքնորոշման քաղաքականությանը: Իսկ եթե Կոսովոյի հարցի լուծումը գնա այլ ճանապարհով, ԼՂ-ն կշարունակի ընթանալ իր ուղիով` փորձելով հասնել իր ամբողջական ինքնորոշմանը: Տարածաշրջանում տնտեսական զարգացումների ամենացայտուն օրինակը Իրան-Հայաստան գազամուղի բացումն էր: - Մեր էներգետիկայի դիֆերսիֆիկացման առումով սա իսկապես էական նշանակություն ունեցող ծրագիր է: Կարծում եմ, որ մեր էներգետիկ իրավիճակը առավել անկախ է դարձնելու և նվազ խոցելի` տարբեր զարգացումներից:

Անուշ ՆԵՐՍԻՍՅԱՆ