«Հասկացա՞ք, թե էլի բացատրեմ»


Դեռ 1999 թվականից քաղաքական դաշտ մտած Հայաստանի առաջադիմական կուսակցությունը, «Եկեք մեզ հետ դեպի ապագա» կարգախոսով հանդերձ, չունի հստակ ծրագիր, այլապես կուսակցության ներկայացուցիչը չէր զլանա կրկին ներկայացնել այն, այլ ոչ թե կբավարարվեր միայն «Առաջիկայում պատրաստ կլինի, կբաժանենք» խոսքերով: Եվ սա այն դեպքում, երբ, ասուլիսից հետո 20.000 ձայն ունեցող ՀԱԿ-ը հանել է համամասնական ընտրակարգով ընտրություններին մասնակցելու հայտը, իսկ փոխարենը 9-րդ ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով առաջադրված ՀԱԿ նախագահ Տիգրան Ուրիխանյանը վստահ է, որ կստանա պատգամավորի մանդատ: Երիտասարդ նախագահը հատկապես ռուսալեզու թերթերից մեկի` նրա այդ քայլը դարի գործարք գնահատելուց խիստ վրդովված` հայտարարեց. - Եթե մամուլը, քաղաքական դաշտը կամ հասարակությունը առայսօր չեն կարողացել ըմբռնել, որ Ուրիխանյան Տիգրանը մանր հարցերի մեջ չի մտել և չի մտնելու, մանրուքներով չի զբաղվել և չի զբաղվելու, և եթե կան կասկածներ, որ ինձ համար կուսակցության շահը վեր է անձնականից, ապա ես ուզում եմ հերթական անգամ ապացուցել, որ կուսակցության շահը վեր է ամեն ինչից: Այդ պատճառով հայտարարում եմ, որ պատրաստ եմ հանել իմ թեկնածությունը N 9 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով ընտրություններին մասնակցելուց, որպեսզի հերքեմ մամուլի կեղծ լուրերը: Ուրիխանյան Տիգրանը հերքեց նաև որևէ այլ կուսակցության նախընտրական ցուցակում իր լինել-չլինելու փաստը: - Որևէ բանակցություն չի եղել ո°չ ՀՀԿ-ի, ո°չ ԲՀԿ-ի, ո°չ չբարգավաճի, ո°չ չհանրապետականի, չեմ էլ ուզում անուններ թվարկել: Պարզվում է` կուսակցության առաջնորդին չի մտահոգում, որ հետագա հնարավոր հրապարակումներից հետո կուսակցության մյուս անդամները նույնպես ինքնաբացարկ կհայտարարեն, կարևորն այն է, որ իր անվան հետ նման խոսակցություններ չկապվեն, քանի որ նա դեռ բավական երիտասարդ է և ունի հեռահար նպատակներ: Բացի այդ, չի ցանկանում մտնել քաղաքական կամ ենթաքաղաքական «կեղտոտ առևտրի մեջ»: Գաղափարին հավատարիմ առաջնորդը մամուլի հրապարակումներից չպետք է վիրավորվեր. արժե՞ արդյոք դրանք հերքելու համար, ըստ կարգախոսի, մի ողջ ժողովրդի ապագա ուղեկցող խոստումից հրաժարվել: Այս ժողովուրդն առանց ՀԱԿ-ի ինչպե՞ս է գտնելու այդ բաղձալի ճանապարհը: Խիղճ ունեցիր, Տիգրա°ն: Այնինչ հրապարակումը հերքելու լավագույն տարբերակը կլիներ ոչ միայն չհրաժարվել համամասնական ընտրակարգով մասնակցելուց , այլև միաժամանակ մեծամասնականում պահպանել թեկնածությունը: Բայց` ոչ: - Իմ թեկնածության հետ կապված աղմուկը բազմաբևեռ էր և ձևաչափորեն շատ ընդգրկուն: Վ. Բրյուսովի անվան ռուսաց և օտար լեզուների ինստիտուտի երբեմնի փայլուն շրջանավարտի հռետորական ձևակերպումից մեծամտություն էր բուրում: Եվ ոչ միայն: Լրագրողներին դիմելիս նրա խոսքերում ակնհայտ էր հեգնանքը. «Գիտե՞ք, ինչի մասին է խոսքը», «Հասկացա՞ք, թե՞ բացատրեմ»: Կարճ ժամանակ անց հեգնանքը վերածվեց լարվածության, երբ հարկ եղավ պարզաբանել ինքնաբացարկի և վերջերս իր տնից կատարված գողության միջև առկա կապի հավանականությունը: - Այն, որ դա կենցաղային գողություն չէր, միանշանակ է,- ասաց Տիգրան Ուրիխանյանը,- բավականին արժեքավոր իրեր և զարդեր տեղում են: Տանն էլ այդքան փող չեմ պահում: Ի դեպ, ըստ իրավապահ մարմինների եզրակացության, գործել է պրոֆեսիոնալիզմը: Դա ընտրություններից առաջ ինձ ուղղված հարված էր: Նրա ասելով` իբրև թերթերը տպել են, որ նա 1000 եվրո է խոստացել ինֆորմացիա բերողին: - Այդ բերողն իմ նախկին թիկնապահներից մեկն էր, որի ձեռք բերած տեսաերիզն ինձ չգոհացրեց: Հետո թերթերը գրեցին, որ վճարել եմ 1000 եվրոն: Դրանից հետո ես առաջարկեցի 10 հազար եվրո նրան, ով հանցագործներին կհանձնի ոչ թե իրավապահ մարմիններին, այլ ինձ, որպեսզի անձամբ ինքնադատաստան տեսնեմ: Տիգրան Ուրիխանյանը չհերքեց, որ վճարել է, և որ շուտով կհրապարակի տեսաերիզը: Նրա դիմախաղից դժվար էր ենթադրել, թե որտեղ է ավարտվում հեգնանքը և որտեղից է սկսվում ճշմարտությունը, եթե այն իրոք կար, թեև, նրա հավաստմամբ, իր դեմքին գրված է, թե ինչով է զբաղվում և թե ինչով կնախընտրեր զբաղվել: Բայց մի բան պարզ է. առանց օրենքի ինքնադատաստան տեսնող առաջնորդի ետևից ժողովուրդը հաստատ դեպի ապագա չի գնա, որովհետև այն չի ունենա: Որևէ կալվածք չունեցող, բիզնեսով չզբաղվող և խորհրդարան մտնելու նպատակ էլ չունեցող Ուրիխանյանը ինտելեկտուալ մղումներ էլ ունի. - Ես չեմ ուզում, որ ինձ հավանողները մտածեն, թե ես նախագահականի թեկնածու եմ: Ի սեր Աստծո, ես տարիներ շարունակ կրթվել, դաստիարակվել, ինքնակատարելագործվել եմ, ճանապարհ եմ անցել, տարատեսակ հասարակական-քաղաքական նախաձեռնություններով հանդես եմ եկել, փորձել եմ գործել ինտելեկտի դաշտում ոչ նրա համար, որ իմ արժանիքը հետո լինի նախագահականի աջակցությունը, այլ նրա համար, որպեսզի արժանանամ ընտրողներիս համակրանքին: Կարծում եմ, եթե նախագահականի կամ ցանկացած ուժի աջակցությունը, հատկապես պետական, դառնում է մարդու միակ արժանիքը, իհարկե` վատ է: Ութ տարի շարունակ ինտելեկտի դաշտը հերկող առաջնորդի խոփը դեմ է առել քարին, և այն շրջանցելու համար «ինչ-որ ուժերի» աջակցություն, այնուամենայնիվ, պետք է:

Անուշ ՆԵՐՍԻՍՅԱՆ