Ա˜Խ, ԹԱՄԱՐ, ԹԱՄԱՐ


«Մեկ ազգ, մեկ մշակույթ» հիմնադրամի տնօրինուհին հրաժարական տվեց: Եվ, ինչպես վայել էր նախկին ՕԵԿ-ականին, նա այդ արեց պոպուլիզմի բոլոր կանոնների համաձայն, բաց ու հրապարակային: Ինչպես ասում են` հեռանալուց առաջ շրխկացնելով դռները: Տիկին Պողոսյանն, իհարկե, դռներ չջարդեց, բայց հեռանալուց առաջ ասուլիս հրավիրեց, որի ընթացքում հայտարարեց իր հրաժարականի մասին` հավելելով. - Այսօր իմ հրաժարականի ամբողջ փաթեթը կներկայացվի վարչապետին: Թե ինչու՞ պիտի հիմնադրամի տնօրենի հրաժարականի փաթեթը վարչապետին ներկայացվի` ոչ ոք չհասկացավ. մի՞թե նա կառավարության անդամ է և կամ կառավարության մաս կազմող ենթակառուցվածքի ղեկավար... Գուցե իսկապես «Մեկ ազգ, մեկ մշակույթի» տնօրենը կառավարության անդամ է եղել, ու մենք այսքան ժամանակ չենք իմացել... Ինչ բացատրություն էլ տանք, միևնույն է, հանգելու ենք այն եզրակացության, որ այս հայտարարության հեղինակը կամ էքսցենտրիկ է, կամ էլ` բուժօգնության կարիք զգացող մեկը: Այլապես չէր փորձի իր վերջին հարցազրույցում ասել, թե Սփյուռքի նախարարի հետ ունեցած իր խնդիրների լուծման համար փորձել է պայքարել` դիմելով բոլոր հնարավոր ատյաններին... Անշուշտ, ինչպես խոստովանեց տիկին Պողոսյանը, ինքը հաջողության չի հասել, դրա համար էլ որոշել է աննպատակահարմար ճանաչել իր հետագա համագործակցությունը: Ուշադրություն դարձնենք. ոչ թե հեռանում է, որովհետև բացահայտվել են ինքնիրավչության, պետական միջոցների փոշիացման փաստերը, այլ, որովհետև, ինքը նպատակահարմար չի գտել... Այստեղ ևս Թամար Պողոսյանը օրիգինալ է և բացառիկ: - Եթե ես, ներքին խոհանոցի մարդ լինելով, չկարողացա լուծել իմ խնդիրները, պատկերացնում եմ, թե ինչպիսին է շարքային քաղաքացիների վիճակը,- հայտարարեց այլևս նախկին տնօրենը: Հետաքրքիր է, որ նա հիշեց շարքային քաղաքացիներին: Իսկ ինքը, իր քույրը, հիմնադրամի գեղարվեստական ղեկավարն ու նրանց սպասարկող լրագրողուհին շարքային քաղաքացիներ չէին, որովհետև նրանք 7 օրվա համար ստանում էին այնքան հավելավճար, որքան կազմում է ՀՀ ԳԱԱ համակարգում աշխատող գիտության դոկտորի երկու տարվա աշխատավարձը: ՀՀ շարքային քաղաքացին իրեն թույլ չէր տա խախտել հիմնադրամների մասին օրենքն ու որոշել սեփական աշխատավարձի ու հավելավճարի չափերը: Իսկ Թամար Պողոսյանն իրեն թույլ է տվել: Նա նաև իրեն թույլ է տվել բազմաթիվ այլ խախտումներ, որոնց մասին տևական ժամանակ լռել են բոլոր նրանք, ովքեր պարտավոր էին ստուգումներ կատարել հիմնադրամում և բացահայտել նրա անպտուղ գործունեությունը: Նաև` ազգային մշակույթի դեմ իրականացրած արշավանքը, որի մասին մենք արդեն գրել ենք: Իր հրաժեշտի ասուլիսում Թամար Պողոսյանը, այդպես էլ չկամենալով նայել ճշմարտության դեմքին, խոսեց այն մասին, որ ամեն ինչի մեղավորը ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն է: Մենք էլ ենք կարծում, որ հենց Հրանուշ Հակոբյանն է մեղավոր: Այո: Ինչու՞ էր նա հետաքրքրվում հիմնադրամի գործունեությամբ, ինչու՞ էր խախտում հաստատված լռությունը, ինչու՞ էր ավերում բարեկեցության այն որջը, որը ձևավորվել էր այստեղ: Մի քանի տարի շարունակ ոչ ոք չէր նկատում, թե ինչ էր կատարվում հիմնադրամում, թե ինչպես էին այստեղ մսխում պետական միջոցները, թե ինչպես էր մի միջակ արվեստագետ դարձել Սփյուռք-Հայրենիք մշակութային կապերի գլխավոր «վերահսկիչը»` վիրավորելով շատ ու շատ ճշմարիտ արվեստագետների ինքնասիրությունը… Հրանուշ Հակոբյանը ավերեց «հովվերգությունը» ու ստիպեց Թամար Պողոսյանին` հրաժարվել «երջանիկ» ապրելու հետագա հնարավորությունից: Հեռանալով` Թամար Պողոսյանը հայտարարեց, որ ինքն այժմ չի մտածում իր հետագա գործունեության մասին, քանի որ կամենում է հանգստանալ, իսկ հետո ամեն ինչի մասին տեղյակ կպահի հանրությանը: Այսինքն, հանրությանն այնքան է մտահոգված նրա ճակատագրով, որ նա կիրազեկի, թե որ ոլորտում է շարունակելու իր գործունեությունը… Իսկ թե ո՞վ կլինի «Մեկ ազգ, մեկ մշակույթ» հիմնադրամի տնօրենը` առայժմ հայտնի չէ: Միայն հուսանք, որ լինի մշակույթն ու սփյուռքը ճանաչող մեկը, որը չշարունակի սեպ խրել Հայրենիքի ու Սփյուռքի միջև…

Լևոն ՄՈՒԹԱՖՅԱՆ