ՕԼԻԳԱՐԽ Ե՞Ս, ԹԵ ՊԱՏԳԱՄԱՎՈՐ


Հաջորդ խորհրդարանն ամենայն հավանականությամբ մաքրված կլինի օլիգարխներից: Համենայն դեպս, գործարարներին օրենսդիր գործունեությամբ իրենց սիրելի զբաղմունքից` բիզնեսից այսուհետ «չշեղելու» հավաստիացումները նաև հասարակության սրտով են: Իրենք` օլիգարխները, ինչպես իրենց «բազմաչարչար» օրենսդիր գործունեության երկար ու ձիգ տարիների ընթացքում, հիմա էլ են լռում` հավանաբար չցանկանալով ժամանակից առաջ ընկնել` նախապատվությունը տալով «Որը բարին է...» տարբերակին: Չի բացառվում, որ լռությունը մինչև վերջ պահպանվի, և մեկ տարի հետո մեծամասնական ընտրատարածքներում չառաջադրվելու կամ կուսակցական ցուցակներում իրենց չհայտնվելու փաստը հայրենի օլիգարխներն էլի լռությամբ ընդունեն: Ճիշտ է, ուտելիս չեն խոսում, բայց խորհրդարանը ոչ թե լռելու, այլ հենց խոսելու տեղ է: Անձեռնմխելիության, մանդատի պարգևած սնափառության ու պատգամավորին ընձեռվող այլևայլ բարիքների մասին, իհարկե, շատ է խոսվել: Ու քանի որ օլիգարխների` ԱԺ անկանոն ելումուտին կարծեք թե շատ ժամանակ չի մնացել, բայց անտեսված ևս մի կարևոր երևույթ դիտարկենք: Որքան էլ ընդգծվի այս մարդկանց` անսահման նյութական միջոցների տիրապետելու փաստը, այնուհանդերձ, մանդատը վերջիններիս հնարավորություն է տվել պետության հաշվին ամենուր լինել: Շատերի դեպքում պատգամավորական գործունեության ամեն մի հնգամյակ կարող է մինչև հինգ տասնյակ գործուղումներով հագեցած լինել: Որևէ մեկն, իհարկե, չի առարկում, որ մեծահարուստ¬պատգամավորն էլ կարող է տարբեր երկրներում լինել: Բայց ոչ` պետության հաշվին: Ամոթ է նույնիսկ` մեծահարո˜ւստ օլիգարխ և աղքա˜տ պետբյուջե, որի հարստացմանը նպաստելու փոխարեն` դրանից վայելքների ծախսեր են քամում: Ավելին, մայրենիով մի կերպ իրենց կարծիքները հասկացնող մարդիկ այլալեզու ամբիոններից պետք է որ կիլոմետրերով հեռու փախչեն: Ուրեմն` ի՞նչ առաքելության մասին կարող է խոսք լինել: Իսկ նմանների հաշվին սոսկ գլխաքանակ ապահովվելը մեր «գրպանով չէ»: Ու այստեղ է, որ դարձյալ ընդգծվում է մանդատը, նաև որպես օդանավի անվճար տոմս օգտագործողներին նոր Ազգային ժողովում չընդգրկելու նախաձեռնության հրատապությունը: Ի վերջո պե´տք է պատրաստված ու բանիմաց մարդկանց թիվը բազմապատկվի...