«Որպեսզի հոգին չմեռնի մարմնից առաջ»


«Գրավել, հուզել և ցնցել հանդիսատեսին»: ՋԱԿՈՄՈ ՊՈՒՉԻՆԻ Իր հաստատուն տեղը Ալեքսանդր Սպենդիարյանի անվան ազգային օպերային թատրոնում առաջատար մեներգիչ Ռուբեն Նուրիջանյանը գտավ երիտասարդության սահմանն անցնելիս: Չնայած Աշոցքի հեռավոր լեռների մեջ աշխարհից կտրված ու, ասես, կորած հայրենի Թավշուտում նրա երգը զրնգում էր 5 տարեկանից: Դպրոցական որևէ հանդես կամ ներկայացում չէր անցնում առանց նրա տպավորիչ երգեցողության: Մասնակցում էր մաթեմատիկայի օլիմպիադաներին (մինչ օրս էլ գերագույն բավականություն է ստանում մաթեմատիկական բարդ հանելուկների լուծումները գտնելիս), դահուկավազքի մրցումներին, հայտնի գրողների ու կոմպոզիտորների գրաֆիկական մատիտանկար ներով զարդարում տան պատերը: Երաժշտական (առհասարակ` արվեստի ու կյանքի) «դպրոցը» հեռուստացույցն էր: Լսում էր ժողովրդական, գուսանական երգեր Հովհաննես Բադալյանի, Օֆելյա Համբարձումյանի, Ռուբեն Մաթևոսյանի կատարմամբ և յուրովի հնչեցնում դրանցից ամենասրտամոտները` առանձնապես չհրապուրվելով հիմնականում կառավարական համերգներին, կարծես պարտադիր դարձած ծրագրով, հեռարձակվող դասական երաժշտարվեստի մշտահունչ դրվագներով, այդ թվում և` օպերային դերերգերով: Երևան եկավ միջնակարգից հետո, ճարտարապետ դառնալու մտադրությամբ: Ձախողվելով ընդունելության քննություններին Պոլիտեխնիկականում` սովորում էր Բժշկականի դեղագործական ֆակուլտետի նախապատրաստական բաժնում, երբ իր երգով տարված հորաքրոջ ամուսնու ջանադրությամբ, ով տնտեսվարն էր Պարարվեստի ուսումնարանի, տնօրինուհի Թերեզա Գրիգորյանի բարի կամքով ունկնդրության է ներկայանում Հովհաննես Բադալյանին, ապա Սերգեյ Դանիելյանին և ընդունվում երաժշտական մանկավարժական ուսումնարան (այժմ` Առնո Բաբաջանյանի անվան): Եվ սկսվում է ներքին հեղաշրջումը` Դորգոմիժսկու "Ծվպ չՐցրՑվՏ" առաջին ռոմանսի տպավորությամբ: 17 տարեկանում ոտք դնելով օպերային թատրոն` անմիջապես կախարդվում է մինչ այդ իրեն անծանոթ դասական երաժշտաշխարհով պաշտամունքի աստիճան: Անվանի երաժիշտ-մանկավարժները բացահայտում են նրա «վայրի, բայց գեղեցիկ» ձայնի ձայնալարերից մեկի բարիտոնային, մյուսի տենորային հնչողությամբ միասնաբար ապահովվող, իտալական օբերտոններով հարուստ, ուշագրավ տեմբրը: Զորակոչվում է բանակ` չդադարելով երգել` վերադարձին բերելով օպերային ձայնասկավառակների տրցակներ: Ավարտելով ուսումը օպերային հայտնի բարիտոն Վահրամ Գրիգորյանի դասարանում` դիմում է Երևանի պետական կոնսերվատորիա և անկանխատեսելի դժվարության առջև կանգնում: Պարզվում է, ճիշտը Հովհաննես Բադալյանի կանխորոշումն էր` լիրիկոդրամատիկական տենոր: Փաստորեն, պետք էր մի կողմ թողնել 6-ամյա բարիտոնային կրթությունն ու մտածողությունը և վերապատրաստվել: Անելանելի իրավիճակից դուրս է գալիս դաշնակահարուհի, օպերային երբեմնի մեներգուչուհի (անմոռաց Տատյանա) պրոֆեսոր Իզաբելա Այդինյանի անշահախնդիր օժանդակությամբ` հետագայում ուսանելով ԵՊԿ-ի նրա դասարանում: Բարետես ու զգամցունքառատ այդ երաժշտագետ մանկավարժի ուրույն մեկնաբանությունները առանձնանում էին խորքային վարակիչ բանաստեղծականությամբ: Չայկովսկու "ղՏՑպս ոօ Չ պՊՌվՏպ րսՏՉՏ" ռոմանսի էության մատուցման նրբություն ների պարզաբանումները, յուրաքանչյուր երաժշտական արտահայտությունը ցույց տալուն զուգընթաց, ուղեցույց են դառնում ինքնուրույն ողջ ստեղծագործության համար: Տխրահռչակ հանգամանքների բերումով` կոնսերվատորիայից հետո չի հաջողվում անմիջապես ընդգրկվել օպերային թատրոնում: ՀՀ հեռուստատեսության և ռադիոյի կամերային երգչախմբի (գեղարվեստական ղեկավար` Տիգրան Հեքեքյան) կազմում հաղթափայլով հանդես է գալիս միջազգային համերգասրահներում: Միաժամանակյա գործունեություն է ծավալում Հակոբ Պարոնյանի անվան և կամերային երաժշտական թատրոններում` դասավանդելով իրեն կրթած երաժշտական ուսումնա րանում: 1999-ին, երբ Գեղամ Գրիգորյանը հրաշալի ձայների մի մեծ ծաղկեփունջ սփռեց օպերայինի բեմում, Ռուբեն Նուրիջանյանի նվիրական ձգտումն էլ վերջապես իրականանալի դարձավ: Վարպետության դասեր է քաղում համաշխարհային երգարվեստում մեծ համբավ վայելող գեղարվեստական ղեկավարից: «Անզուգական տենոր է Գեղամ Գրիգորյանը,- ասում է նա:- Երբ երգեցողության փորձերին (րտպՉՍՈ) ցույց է տալիս սոպրանոյին, բասին, էլ չեմ ասում` տենորին, հմայում է իր արվեստի կատարելութամբ, գայթակղում երաժշտակտավի գեղեցկությամբ: Ի դեպ, նա վատ գեղարվեստական ղեկավար չէր, համապատասխան լծակներ չուներ լիարժեք գործունեության: Նրա հեղինակությունը պարզապես օգտագործեցին Լևոնյանից ազատվելու համար, ստիպեցին հրաժարվել անհատական բարձր բարեկեցությունից ու շռնդալի փառքից և պատշաճ աջակցություն ցույց չտվեցին (չարաղետ «հոկտեմբերի 27-ը» արգելափակեց հավատընծա մեկնարկային բոլոր խոստումների իրականացումը): Ձեռնունայն մնալով` հարկադրված էր հովանավորներ հայթայթել ու անձնական միջոցները ներդնել «Տրավիատա», «Անուշ», «Կարմեն» բեմադրելիս, բայց ի զորու չէր ստեղծագործական կազմին պատշաճ աշխատավարձ վճարել: Եթե նրա ռեժիսուրան չէր բավարարում արվեստասեր հանրության պահանջները, պետությո°ւնը պետք է խելամտորեն միջամտեր: Չէ՞ որ պայմանագիր էին կնքել ղեկավար նշանակելիս: Թող մշակույթի նախարարությունը լրջորեն անհանգստանար, վերանայեր պայմանները` թույլ տալով միայն զբաղվել բեմադրությունների երաժշտական բարձր մակարդակի ապահովմամբ` երգիչների ու նվագախմբի հետ աշխատելով»: Հասուն տարիքում օպերային արվեստին ստեղծագործական եռանդը անմնացորդ նվիրաբերող արտիստը, բախտի քմահաճույքով զրվկած լինելով հեղինակավոր մրցույթ ներին հանրաճանաչումից, արդեն 10 տարի պատվով իր ուսերին է կրում թատրոնի խաղացանկային ծանրության առյուծի բաժինը` Ալֆրեդ («Տրավիատա»), Դոն Խոզե («Կարմեն»), Պոլիոն («Նորմա»), Պողիկտոս (համանուն օպերա), Սարո («Անուշ»), Գերման («Ագռավի թագուհին»), Կավարադոսի («Տոսկա»), Սայաթ-Նովա (համանուն օպերա), Պինկերտոն («Մադամ Բաթերֆլայ)», Մանրիկո («Տրուբադուր»), Տիրիթ («Արշակ Երկրորդ»), Ստեփանոս Շահումյան («Դավիթ Բեկ»)… Վերջին տարիներին կուտակված հակաստեղծագործական գորդյան հանգույցի հրատապ քակումը համարելով պետության բարձրաստիճան պաշտոնյաների հայրենասիրական պարտքը (ինչպե՞ս է, որ Սաակաշվիլին, անկախ երկրի հասարակական-քաղաքական բազմաբարդ իրադրությունից, երբեք չի մոռանում վրացական մշակույթի առանձնակի կարևորության մասին պետության հիմքերն ամրապնդելու տեսակետից)` երազում է հարազատ թատրոնը` միակը իր տեսակի մեջ, տեսնել վերստին համընդհանուր բարյացակամ ուշադրության կենտրոնում, ըմբոշխնել նրա ծաղկունքը. գոնե մայրաքաղաքի կենտրոնը, անկախ սրճարանախեղդ շրջափակումից, զարդարող թամանյանական հրաշք շինությունը կրկին հիշեցնի նրանում ստեղծվող արվեստի վերընձյուղման հրատապության մասին… Հասարակական նպաստավոր կարծիքի ձևավորման գործում առաջնայնացնելով ԶԼՄ-ների դերը` նրա մարտիկներին և պաշտոնատենչ ու գահընկեց արվեստագետներին առաջարկում է «զինադադար» հայտարարել, դադարեցնել ջախջախիչ «կրակահերթը»: Թունոտ ու անձնավորված միագիծ հոդվածների փոխարեն օգնել նորանկախ պետությանը արվեստաշեն մշակութային քաղաքականության զարգացման արդյունավետ ուղիներ գտնելու, անհետաձգելի համազգային փրկության ծրագիր մշակելու և աշխարհասփյուռ կարող ուժերի կենտրոնացմամբ գործադրելու` թայֆայական աշխատաոճի իսպառ բացառմամբ, մի կողմ թողնելով ստեղծագործական գործընթացի նեղմիտ, ուղղագիծ անձնավորումը. «Ահա 2 տարի է, ինչ օպերայինի ստեղծագործական խումբը գոյատևում է առանց գեղարվեստական ղեկավարի: Կառավարման խորհրդում ոչ մի պատահական մարդ չկա, բայց չի կարող այն բարենպաստ լինել ստեղծագործական մակարդակի բարձրացման առումով. բազմաձայնությունը թուլացնում է ընդհանուր պատասխանատվության մշտառկայությունը: Մե°կը կոնկրետ պատասխան պիտի տա ստեղծագործության ամբողջական ներդաշնակության ու վերջնական բարձրարվեստ արդյունքի համար: Եվ պետությունը մշտապես պիտի միջամտի, վերահսկի առօրյա աշխատանքը` ճշգրիտ գնահատելով ու շտկելով: Թանկարժեք արվեստագետների հրավերներով միայն հնարավոր չէ կայուն տևական ռիթմը ապահովել: Մշակույթի նախարարը, եթե կուզեք` երկրի նախագահն էլ լավ ներկայացում պետք է պահանջեն թատրոնի գլխավոր դիրիժորից, գլխավոր ռեժիսորից, գլխավոր պարուսույցից և, անպայման, գեղարվեստական ղեկավարից: Չմոռանանք, որ սա ամենաբարդ կառույցն է արվեստի բնագավառում»: Չափանիշների խեղաթյուրման մերօրյա ճահճում անաչառ ու խիստ վերահսկողությամբ վերականգնելով առհասարակ լուրջ արվեստի, նաև` օպերայինի նկատմամբ զանգվածային հետաքրքրությունը` պետությունն ի վերջո կհասնի մշակութային ներկայիս հոգեկործան արտադրանքի համակողմանի լայնամասշտաբ ավերածությունների կասեցմանը: Մարդը հոգևոր առողջ սնունդ պետք է ստանա Չայկովսկու, Պուչինիի, Խաչատրյանի, Տիգրանյանի և բազում այլ հանճարեղ երաժշիտների անխամրելի գանձերին հաղորդակցվելով նաև: Բարձր արվեստն է միայն մարդու ներթաքույց ազնիվ մղումներն անվերապահորեն արթնացնում, հոգեպես հարստացնում ու մտավորապես զարգացնում, երկրին պիտանի Քաղաքացի կրթում: «Մարդը, որ ծնվում է, պետք է այնպես ապրի, որ հոգին չմեռնի մարմնից առաջ, այնինչ շատերինը լքել է մարմինը վաղուց,- ցավով նկատում է Ռուբեն Նուրիջանյանը:- Հիմա մեզ մոտ շնորհալի երգիչ-երգչուհիներ կան, ֆանտաստիկ ձայներ, որոնցով կարելի է 2 օպերային թատրոն պահել` շարժելով աշխարհի նախանձը: Նրանք բեղուն աշխատանքի, հավասարակշռված ստեղծագործական լիափթիթ կյանքի են կարոտ օտարների բեմերում հաստատվելու գաղափարից անգամ հրաժարվելու համար: Հոգեպես կփլուզվեմ, եթե նրանցից որևէ մեկի ազնիվ նվիրումն ու արտիստական արժանապատվությունն այնպես ոտնահարվի, ինչպես Ռազմիկ Պապիկյանինը, ով ստիպված էր լուռումունջ լքել հայրենիքը` բեմական կյանքից միտումնավոր զրկված դերերգերի մորմոքը սրտում: Այժմ մենք, առաջին հերթին, օպերային արվեստի գիտակ, թող որ միջին կարողությունների տեր, բայց նվիրյալ, եռանդուն կազմակերպչի կարիք ունենք` ձեռք բերած նվազագույն լավը պահպանող ու փայփայող: Եթե պատվիրատուն որևէ մեկին բեմադրություն է վստահում, ժամանակին պետք է կանխի, թույլ չտա դրա տապալումը, այսինքն ստեղծագործական ու նյութական ռեսուրսների վատնումը: Այսօր ես նկատում եմ, որ մշտական հանդիսատես ունենք. թող որ 10 %-ի չափով: Ուրեմն` կա° ծարավը օպերային արվեստով հոգեպես հագենալու: Դա ինձ պարտավորեցնում է, որպեսզի մոբիլիզացնեմ կարողություններս և այնպես հանդես գամ, որ պատահաբար օպերայինում հայտնված մեկը վարակվի մեր արվեստի ինքնահատուկ հմայքով, հայտնագործի իր համար դասական արժեքները, որոնք իմ կյանքի իմաստն են դարձել: Հոգու խորքում կծկված, ենթագիտակցաբար անտեսված պահանջը վերազարթնի ու նրան կրկին թատրոն բերի: Հոգիս արցունքների հեղեղով կլցվի, եթե դա, ինչ-ինչ կողմնակի հանգամանքներով, ինձ չհաջողվի»: …Օպերայինում այս տարի 3 առաջնախաղ է սպասվում` Խաչատրյանի «Սպարտակ» բալետի, Սպենդիարյանի «Ալմաստ» և Ալ. Հարությունյանի «Սայաթ-Նովա» օպերաների: Մոցարտի «Դոն Ժուան»-ն են նաև ձեռնարկում: Իր վաստակաշատ կոնցերտմայստեր Լյուդմիլա Խորոզյանի հետ վաղուց կայացած համագործակցությամբ` Ռուբեն Նուրիջանյանը դոն Օտավիոյի դերերգի պարտիտուրն է յուրացնում: Հավատում է, որ կգտնվի այն ռեժիսորը, ով վերջնականապես կամբողջացնի ու կգունեղացնի Կանիոյի ու Գերմանի իր գտած երաժշտադրամատուրգիական կտավները և կրկին բեմ կբարձրանան «Պայացներ»-ն ու «Ագռավի թագուհին»: Գրիգորովիչի փորձերին ՀՀ նախագահի հայտնվելը հույս է ներշնչում, որ «Սպարտակ»-ով գուցե սառույցը կոտրվի և Ռուբեն Նուրիջանյանի նման նվիրյալները ռեալ լծակներ կունենան մոտ ապագայում ստեղծագործական անամպ բերկրանքի:

Նվարդ ԱՍԱՏՐՅԱՆ