«Ե՞րբ տիեզերք համեղբայրության վառարան մը պիտի ըլլա» Անթաղ մասունքներ


Ըստ էության անհիմն է Չարենցի անվան արվեստի և գրականության թանգարանի Կոմիտասի սրահում անցկացվող սակավամարդ քննարկմանը այս ու այն կողմից երբեմն-երբեմն ցայտող հախուռն ընդվզումը: ՀՀ մշակույթի նախարարության արվեստի վարչության փոխպետ, գրականագետ Կարո Վարդանյանը ոչ միայն ի պաշտոնե, այլև հանգամանալից խորագետ խաղաղությամբ պարզաբանում է խնդրո առարկան: Երբ 1957-ին Սկյուտարի Ս. Խաչ եկեղեցուն կից «Պաղլար Պաշը» հայկական գերեզմանատան մի մասն հատկացվել է հարակից ճանապարհաշինությանը, Տ. Գարեգին Խաչատուրյան Ս. Պատրիարքի հրամանով այդ տարածքում գտնվող Պետրոս Դուրյանի գերեզմանը անձամբ փորած Միհրան Ագտաղը կտոր-կտոր եղած գանգոսկրերը հանձնել է նրան` մարմինը փոխադրելով ու թաղելով գերեզմանատան խորքում, սիրահարների ուխտատեղի դարձած ներկայիս տեղում: Գերեզմանափորի, Պատրիարքարանի բարապան Կարպիս Տողրամաճյանի և Թուրքիայի Հայոց Պատրիարք Շնորհք արքեպիսկոպոսի հաստատագրերով` որպես սուրբ մասունք, վաղամեռիկ մեծ բանաստեղծի զգայացունց միտքն երբևէ ամփոփած այդ նշխարները տուփի մեջ պահվել են, նախ, դպրեվանքում, ապա` Պատրիարքա րանում: Վերջինս գաղտնածածուկ Ս. Էջմիածին է բերել այդ նշխարները` ի պահ հանձնելով երջանկահիշատակ Վազգեն Ա Ամենայն Հայոց Կաթողիկոսին: Կերպարվեստագետի արտակարգ ձիրքով օժտված ականավոր բժիշկ, խոշոր գիտնական Անդրանիկ Ճաղարյանը, ով մարդկանց գանգերի հիման վրա արված բազում դիմաքանդակներով համաշխարհային ճանաչման է արժանացել, իր մշակած պլաստիկ վերականգնման մեթոդով 1972-ին ստեղծել է բնօրինակի արժեք ունեցող դիմաքանդակը, որն իրեն ծնունդ տված սուրբ մասունքների հետ միասին արդեն մի քանի տասնամյակ է, ինչ այս թանգարանի բացառիկ ցուցանմուշներից է: Համահայկական նշանակության այս խնդրի ամենախելամիտ լուծման առնչությամբ հնարավոր շահագրգիռ կազմակերպությունների հավաքական կարծիքներով հստակ կողմնորոշվելու ՀՀ մշակույթի նախարարության ակնկալությունը փաստորեն չի արդարացել` պաշտոնական հղումներին միասնական լուրջ մոտեցման բացակայությամբ: Հասարակական հրապարակային հնչողությունը, ըստ իս, հազիվ թե ապահովվի ամեն նոր առիթով նոր անհատական մտահղացումներ արտահայտողների այս հավաքով, որի հետապնդած գլխավոր նպատակը իրականացման ձևաչափերի հստակեցման է կարոտ ընդամենը: Ներկաներին պարզապես չէր հաջողվել իրենց գրական-հասարակական -կրթագիտական հաստատություններում ընդհանուր լուրջ հետաքրքրություն արթնացնել քննարկվող հարցի նկատմամբ: Նախապես գործողության մանրակրկիտ մտածված կոնկրետ ուրվագծեր պատրաստել` հավաքին խիստ գործնական բնույթ հաղորդելու համար: Հավաքվածներն էլ ծանրակշիռ տարակարծություններ չունեին: Որևէ կասկած չէր հարուցում անթաղ մնացած մասունքները, ի վերջո, մայր հողին հանձնելու անհրաժեշտությունը: Ընդունված քրիստոնեական արարողակարգով: 2011-ին նշվելիք 160-ամյա հոբելյանակատարությանն ընդառաջ, կարծում եմ, կկազմավորվի կառավարական հանձնախումբ` ՀՀ վարչապետի գլխավորությամբ, որը և կմշակի Կոմիտասի անվան պանթեոնում Դուրյանի գանգոսկրերի բեկորները հանդիսավոր կերպով հուղարկավորելու պաշտոնական ծիսակարգը: Մասնակիորեն մեզ հասած գրական ժառանգությունը սիրերգակ բանաստեղծի իր մնայուն տեղը վաղուց է գտել հայ գրականության տարեգրության մեջ: Դրա արժեքի հանրահռչակումը մտավորականների ներկա սերնդի բարոյական պարտքն է: Պետությունը, իր շրջահայաց մասնակցությամբ, պետք է ապահովի համազգային նշանակությունը երևույթի` մեծապես աջակցելով անվան ու ժառանգության արժանի կենդանությանը` նոր հուշակոթողով, գործերի վերահրատարակությամբ, կարճատև երկրային կյանքի համակողմանի իմաստավորմամբ… Տիեզերական համեղբայրություն երազող բանաստեղծին այսօր ամենից առաջ պետք է մեծարել գեթ համահայկական համերաշխությամբ` զերծ անհեթեթ մանրախնդրությունից, համահունչ ճշմարիտ հայրենասիրությանն ու անպարփակ մարդասիրությանը:

Նվարդ ԱՍԱՏՐՅԱՆ