«Այս պարագայում նա տուժող է»


Երեկվա ասուլիսում ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը հայտարարեց, թե հանրապետությունում նվազել է հանցագործությունների թիվը: Եվ հենց նույն պահին էլ հավելեց, որ սպանությունների գծով աճ է արձանագրվել (1-ին եռամսյակի ընթացքում 19 դեպք` նախորդ 17-ի փոխարեն): Ոստիկանության թիվ 1 պաշտոնյան, փաստորեն, սպանությունը ծանր հանցագործությունների խմբին չի՞ դասում: «Ավանգարդի» հարցին, թե ի՞նչ փուլում է գտնվում Արտաշատի վերջին հանցավոր միջադեպի առնչությամբ հարուցված գործը, ովքե՞ր են հարցաքննվել և ովքե՞ր են մեղադրվում, ՀՀ գլխավոր ոստիկանապետը պատասխանեց, որ գործն, իրոք, աղմկահարույց էր, որովհետև ընդամենը կապված էր Արտաշատի և Ազգային ժողովի նախագահի հետ: - Հովիկ Աբրահամյանի տղան ընդհանրապես կապ չունի այդ գործի հետ: Իսկ եթե կրակել էին, կրակել էին Հովիկ Աբրահամյանի եղբոր տղայի վրա: Այս պարագայում նա տուժող է: Այս հանցագործությունը շարունակություն է ունեցել: Հետագայում, հանցագործության կատարումից քիչ անց, ով կրակել է նրա եղբոր տղայի վրա, նա էլ կրակել է Մրգավան գյուղի նրանց տան վրա: Ինչո՞ւ չէ, այս ընթացքում 2 տաքսի մեքենա է այրվել, որը պատկանելիս է եղել Հովիկ Ազարյանին: Հավաստիացնում եմ, որ բոլոր գործերով ոստիկանությունը առանց կաշկանդվելու ձեռնարկել է բոլոր միջոցառումները: Ճիշտ է, կրակողը գտնվում է հետախուզման մեջ, բայց հավաստիացնում եմ ձեզ, որ շուտով կհայտնաբերվի և կկանգնի օրենքի առջև: Ինչ վերաբերում է, թե ովքեր են կրակել մյուս կողմի վրա, այդ կապակցությամբ գործը մնում է չբացահայտված (ի դեպ, Ա. Սարգսյանը հավաստիացնում է նաև, որ ոչ մի չբացահայտված գործ չի լինելու-Մ. Ծ.): Կատարվել է չբացահայտված հանգամանքներում, գիշերվա ուշ ժամին: Ականատեսներ, վկաներ այս պահին չունենք, բայց վստահեցնում եմ, որ բոլորը պատասխանատու են օրենքի առջև և կանգնելու են դատարանի առջև: Այստեղ ոչ մի կողմնապահություն չկա: Իսկ մնացած շահարկումները, կարծում եմ, անիմաստ են և սովորական դեպք է, ինչ որ տեղի է ունենում հանրապետության բոլոր մարզերում: Հ. Գ. Ոստիկանապետի հավաստմամբ հանրապետությունում հայտարարվում է ապօրինի զենք-զինամթերքի և թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարի «Վահան» միամսյակ, որի ընթացքում ավելի ակտիվ են պայքարելու օրինախախտների դեմ: - Մեր դեմ խաղ չկա,- հավելեց ոստիկանապետը:

Մ. ԾԱՌՈՒԿՅԱՆ