ՀՌՈՄԻ ՊԱՊԻՑ ԱՎԵԼԻ ԿԱԹՈԼԻ՞Կ


Հայոց ցեղասպանության 94-րդ տարելիցի նախօրեին Հայաստանի ու Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունները հրապարակեցին կարճառոտ մի հաղորդագ րություն, թե Շվեյցարիայի միջնորդությամբ փաստաթուղթ են ստորագրել, ըստ որի «կողմերը համաձայնության են հանգել իրենց երկկողմ հարաբերությունների կարգավորման համապարփակ շրջանակի շուրջ` երկու կողմերին գոհացնող կերպով»: Ըստ նույն հաղորդագրության` հաստատվել է նաև այսպես կոչված «ճանապարհային քարտեզ». այսինքն` կոնկրետ գործողությունների պլան: Հենց այս «ճանապարհային քարտեզն» էլ, որը չի հրապարակվել, միանգամից զգացմունքների փոթորիկ առաջացրեց. և` ոչ միայն Հայաստանում: Անվստահությունն այնքան մեծ է Թուրքիայի նկատմամբ, որ նույնիսկ այս համաձայնագրի ստորագրման ամսաթիվը դիտարկվում է իբրև ոչ պատահականորեն ընտրված օր: Իբր, թուրքերը մեզ մոլորեցրել են, փաստաթուղթն ստորագրել են հենց Հայոց ցեղասպանության տարելիցից անմիջապես առաջ, որպեսզի խաբեն ամբողջ աշխարհին: Առաջին հերթին` Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբամային: Իբր` մենք արդեն Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու փուլն ենք թևակոխում. այնպես որ` ապրիլի 24-ի ավանդական ուղերձում «հայոց ցեղասպանություն» բառերը կարող են վնաս հասցնել երկու պետությունների ու ժողովուրդների հաշտեցման գործընթացին: Եթե ենթադրություններով առաջնորդվենք, ուրեմն ինչո՞ւ բացառել, որ թուրքական կողմը մերոնց ուղղակի խնդրել է փաստաթուղթն ստորագրել մինչև ապրիլի 28-ը: Քանի որ ապրիլի 28-ին Անկարայում նախատեսված էր ամենաբարձր մակարդակով, Անվտանգության Խորհրդի նիստում, քննարկման առարկա դարձնել հայ-թուրքական հարաբերությունների նորմալացման հարցը: Որ Թուրքիայում և Ադրբեջանում մեր հարաբերությունների նորմալացման հակառակորդները շատ-շատ են` ոչ մեկի համար գաղտնիք չէ: Գործող իշխանությունները նորմալացման կողմ են, սակայն վստահ չեն, թե իրենց կհաջողվի համոզել նաև Անվտանգության Խորհրդի մեծամասնությանը: Ահա և հայկական կողմին խնդրել են` իրենց հավելյալ հնարավորություններ տալ Անվտանգության Խորհրդի մյուս անդամների դիմադրությունը կոտրելու համար: Ահա ինչու մեր Անվտանգության Խորհուրդը նույն խնդիրը քննարկեց և համաձայնագրի նկատմամբ դրական վերաբերմունք արտահայտեց ապրիլի 25-ին: Պատրանքներ պետք չէ ունենալ` Թուրքիայի իշխանությունները «բարի կամք» չեն դրսևորում Հայաստանի հանդեպ: Նրանք հարաբերությունների նորմալացմանն էլ համաձայնում են միայն միջազգային հանրության, առաջին հերթին Միացյալ Նահանգների ու Եվրամիության ուժեղ ճնշման տակ: Նրանց ուղղակի ստիպում են հասկանալ, որ երկու հարևան երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների բացակայությունը և փակ սահմանները քաղաքական նոնսենս են ժամանակակից աշխարհում: Եվ դրա ամբողջ մեղքն ընկնում է իրենց վրա, քանի որ Հայաստանի ղեկավարությունը տարիներ շարունակ հայտարարում է, թե մենք «կողմնակից ենք Թուրքիայի հետ հարաբերություններ հաստատել` առանց որևէ նախապայմանի»: Այս հավաստումը կար նաև Նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձում` «Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանութ յան փաստի ճանաչումը նախապայման չէ»: Սա մի թափանցիկ ակնարկ է, որ եթե գործը հասնի նախապայմաններ առաջ քաշելուն, ինչպես տարիներ շարունակ անում էր պաշտոնական Անկարան, ապա մենք շատ ավելի զորավոր նախապայմաններ կարող ենք առաջ քաշել: Օրինակ, Հայոց ցեղասպանության փաստի ճանաչումը և ցեղասպանության համար հողային ու նյութական փոխհատուցման պահանջները: Հարկ է նկատել, որ աշխարհը դա հասկանում և գնահատում է: Ահա ինչու Միացյալ Նահանգների Պետդեպարտամենտը ապրիլի 23-ին անմիջապես ողջունեց հայ-թուրքական հարաբերությունները կարգավորելու վերաբերյալ երկու պետությունների արտաքին գերատեսչությունների միջև ձեռք բերված համաձայնությունը: Դատելով Պետդեպարտամենտի մամլո խոսնակ Ռոբերտ Վուդի նույն օրվա հայտարարությունից, համաձայնագիրն իսկապես կրում է «առանց նախապայմանների» բնույթ` «Միացյալ Նահանգների դիրքորոշումը երկար ժամանակ եղել է այն, որ կարգավորումը պետք է տեղի ունենա առանց նախապայմանների և խելամիտ ժամկետներում»: Հազիվ թե խոսնակն օգտագործեր «առանց նախապայմանների» արտահայտությունը, եթե տեղյակ չլիներ, որ ստորագրված փաստաթուղթը հենց այդպիսին է: Սակայն մեզանում հրապարակ են իջել քաղաքական ուժեր ու գործիչներ, որոնք ձևացնում են, թե իրենք ավելի° տեղեկացված են և նույնիսկ պնդողներ կան, թե իբր «հայկական կողմը լուրջ զիջումների է գնացել Արցախյան հակամարտության խաղաղ կարգավորման հարցում, հայ-թուրքական հարաբերությունների բարելավման և սահմանների բացման դիմաց խոստացել է Ադրբեջանին վերադարձնել անցած պատերազմում մեր ազատագրած շրջաններից 5-ը»: Որքան էլ մեր իշխանությունները վստահեցնում են, թե հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը ոչ մի կապ չունի Արցախյան հակամարտության խաղաղ կարգավորման բանակցային գործընթացի հետ` քաղաքական շահարկումները շարունակվում են: Նման պնդումների հեղինակների մտքովն էլ չի անցնում երևի, որ իրենք կարող են կլանել հայ-թուրքական հարաբերությունների նորմալացման զանազան հակառակորդների լավ հորինված ստերի խայծը` միտումնավոր ապատեղեկատվության տեսքով: Այս կարգի վայնասուն բարձրացնողների մեջ ամենազարմանալին, թերևս, Հայ Հեղափոխական Դաշնակցության` կատարելապես անհասկանալի կեցվածքն էր: ՀՅԴ-ն շտապեց հայտարարություն անել, թե իբր ստորագրված համաձայնագրի մեջ մեր ազգային ու պետական շահերին հակասող ինչ-ինչ բաներ է տեսնում, որոնց հետ չհաշտվելով` ինքը հեռանում է կոալիցիայից: Նման կարգի անզսպություն հանդես չբերեց նույնիսկ արմատական ընդդիմադիր Հայ Ազգային Կոնգրեսը, որն ընդամենը պահանջ էր ներկայացրել գործող իշխանություն ներին` «անհապաղ հրապարակել ոչ միայն Հայաստանի, այլև ողջ հայության շահերին առնչվող այդ փաստաթուղթը»: Կոնգրեսը միայն այդ փաստաթղթի պաշտոնական հրապարակումից հետո է իրեն իրավունք վերապահում` տալու «սույն փաստի քաղաքական գնահատականը»: Հապճեպ եզրակացություններ չանենք: Հայ-թուրքական հարաբերությունների նորմալացումը բարդ խնդիր է, դժվարին գործընթաց: Չափազանց անբարենպաստ հողի վրա նոր ծլարձակած հունդը եթե չեն ջրում, ապա գոնե` չեն էլ տրորում: Համբերել է պետք, որ առնվազն…չվնասենք…

Ռաֆիկ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ