Խումարաթողի 10 միջոց


Այս միջոցները հազիվ թե օգնեն «երդվյալ» հարբեցողներին, որոնց համար երանավետ է ալկոհոլի ազդեցությունը: Բայց հատուկ առիթներով ոգելիցը չարաշահած և խումարն արագ թոթափել ցանկացողներին այդ «գործի» գիտակները խորհուրդ են տալիս.

***200 գրամ նարնջի բնական հյութը, 1 լիմոնը` կեղևով և 100 գ մեղրը հարիչով հարել մոտ 5 րոպե. ցանկության դեպքում կարելի է նաև ավելացնել 1 ձվի սպիտակուց:

***Բուռն խրախճանքից հետո ընդունեք «Ասկոֆենի» կամ «Կոֆիցիլ-պլյուսի» 1 հաբ: Ինչպես ասում են` էժան, հուսալի և օգտակար:

***Ակտիվացրած ածուխի 6-8 հաբ, 2 հաբ «Նո-շպա» և 1 հաբ ասպիրին. այս ամենը հարկավոր է խմել կերուխումից հետո:

***Խումարից դուրս գալուն և բերանի տհաճ հոտը վերացնելուն օգնում է հեղուկ B6 վիտամինը:

***Թերևս դեղորայքից ավելի օգտակար կլինի սովորական զբոսանքը. ցանկալի է` առանց ծխելու: Զբոսանքից առաջ ընդունեք պոլիվիտամինի (Դեկամեվիտ, Գենդեվիտ) 2 դրաժե, ըմպեք 1 բաժակ բնական հյութ կամ մասուրի թուրմ: Մաքուր օդում ուժերը վերականգնելու ընթացքում ուշադրություն դարձրեք շնչառությանը. ձգտեք ներշնչել որովայնով, արտաշնչել կրծքավանդակով: 6-10 անգամ այսպես շնչելուց հետո կարելի է 5-10 րոպե դադարեցնել, ապա կրկնել:

***Մեծ խնջույքներից 5-6 ժամ առաջ ճիշտ կանեք 50-100 գ թունդ ոգելից խմեք (օղի, կոնյակ և այլն): Այդպիսով օրգանիզմը «ներարկում» է ստանում և ժամանակ, որպեսզի օրգանիզմը չեզոքացուցիչներ արտազատի (հատկապես` ուղեղի պաշտպանության համար):

***Տաք սուրճի (սրտի խնդիրներ ունեցողները կարող են սուրճը փոխարինել թեյով) գավաթի մեջ գցել լիմոնի մեկ շերտ (շաքարը` ըստ ճաշակի), ավելացնել 2 գդալ կոնյակ և խմել տաք վիճակում: Խմելուց հետո առնվազն 5-20 րոպե չի կարելի ծխել, այլապես բուժիչ ըմպելիքը կարող է հակառակ ազդեցություն ունենալ:

***Շոգեբաղնիքը ևս օգտակար կլինի, բայց այն չարաշահելու դեպքում կվտանգեք սիրտ-անոթային համակարգը: Փոքր-ինչ շոգեհարվելուց հետո հարկավոր է հանքային ջուր խմել կամ թունդ թեյ` շաքարով կամ լիմոնով:

***Խումարի տհաճ հետևանքները վերացնում են նաև շատ քաղցր թեյը` «Բարալգին» 1 հաբով:

***2 գավաթ լիմոնով քաղցր սուրճը խառնել բաց գույնի դառը գարեջրի հետ: Գուցեև տհաճ է, բայց ոգելիցը չարաշահելուց հետո ձեր վիճակը ևս հաճելի չէ: