Կո՞ւռք, թե՞ պարզապես ատավիզմ


Հինավուրց երկիր է Հնդկաստանը` առեղծվածային ու շատերի համար հաճախ անընկալելի մշակույթով և ավանդույթներով: Անընկալելի կարող են լինել, օրինակ, նրանց պաշտամունքի առարկաները: Ասենք` գոտկատեղից աճող մազերը կամ պոչի տեսքով թիկունքի ճողվածքը:

Նիժմապուր փոքրիկ գյուղակում Աջմար Սինգխի ընտանիքի 6-ամյա որդին` Ամարը, աստվածային ծնունդ է համարվում: Ծնողների հավաստմամբ` հենց ծնվելու պահից նրա գոտկատեղը ծածկված է եղել մազերով, և վեց տարիների ընթացքում այդ մազերն այնքան են երկարել որ ստիպված են ամեն օր սանրել և հյուսել:

Տեղաբնակները համոզված են, որ այդ մազածածկույթը վկայում է տղայի աստվածային ծագման մասին: Այդ կարծիքը նրանք «հիմնավորում» են նաև այն փաստով, որ Ամարը հաճույքով խաղում է կովերի հետ, որոնք Հնդկաստանում պաշտվում են որպես սուրբ կենդանիներ: Նիժմապուրցիները նույնիսկ կարծում են, թե տղան կապիկների Հանումանա աստծո երկրային մարմնավորումն է:

Ամարն, ի դեպ, միակ պոչավոր հնդիկը չէ: Բալաջի անունով մեկ այլ դեռահաս էլ ծնվել է թիկունքին պոչի տեսքով ճողվածքով (գրիժա) և նույնպես ճանաչվել է Հանումանի երկրային կերպավորում: Իսկ կապիկանման այդ էակը` Հանումանը, համարվում է գիտության և գյուղական կյանքի հովանավոր: Այն հինդուիզմում մեծարվող կենդանանման աստվածություն է` քամու աստված Վայուի և Փունջիստալայի որդին: