Շնացել ես` վճարիր


Սեռական բռնությունների համար մեղադրվող գեներալ Ջեֆրի Սինքլերին ամերիկյան ռազմական դատարանը դատապարտել է 20 հազար դոլար տուգանքի` իրեն ենթակա կանանց հանդեպ անպատշաճ հարաբերությունների համար:

Միացյալ Նահանգներում Սինքլերն ամենաբարձրաստիճան զինվորականն է, ով դատական պատասխանատվության է ենթարկվում սեռական հանցագործության համար: Դատաքննությունը տևել է ավելի քան մեկուկես տարի: Նրա ենթակայությամբ ծառայող կապիտանուհին մեղադրանք է ներկայացրել, որ գեներալն իրեն ստիպել է այսպես կոչված ոչ ավանդական սեռահարաբերության` սպառնալով, թե մերժելու դեպքում հաշվեհարդար կտեսնի նրա ընտանիքի հետ: Իսկ Սինքլերն էլ դատարանում խոստովանել է, որ 3 տարի ինտիմ կապ է ունեցել այդ կապիտանուհու հետ, բայց նա միակը չէ: Բացի այդ, նա պոռնկագրական նյութեր է պահել, ինչն արգելված է բանակի կանոնադրությամբ:

Հայցվոր կինն, այնուամենայնիվ, ներողամիտ է գտնվել և չի պահանջել բանտային կալանք: Նա նույնիսկ չի առարկել, որ ամբաստանյալը մնա բանակում և պահպանի կենսաթոշակ ու այլ վճարներ ստանալու իրավունքը (տեղեկացրել է AP գործակալությունը:) Բայց գեներալն էլ, պարզվում է, արժանապատվություն ունի. նրա փաստաբանները հայտարարել են, որ իրենց պաշտպանյալն առաջիկայում ինքնակամ կհեռանա զինված ուժերից:

Չէ˜˜, բանակում կանանց ներկայությունն այնքան էլ անվտանգ չէ: