Ե´վ պետություն, և´ հայրենիք, և´ մշակույթ


Մեր պետական քաղաքականությունը պետք է լինի պետականությունն ու հայրենիքը մոտեցնելը, հայրենիքն ու պետությունը համատեղելը, դրանք միասին ընկալելու համար ատաղձ ստեղծելը,- համոզված է բանաստեղծ, բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ, «Աղբյուր» մանկապատանեկան ամսագրի գլխավոր խմբագիր

Թադևոս ՏՈՆՈՅԱՆԸ:

- Մերօրյա հասարակությունը, եթե կարելի է այսպես ասել, ի՞նչ հերոսի, ի՞նչ առաջամարտիկի, ի՞նչ քաղաքացու «կարիք» ունի:

- Ընդհանրապես, չեմ սիրում այն ժամանակները, երբ հերոսի կարիք կա, ինձ համար խնդիր է քաղաքացու ստեղծումը, այսօր խնդիր է հենց հերոսներին պաշտպանելը: Ինչքա˜ն անպաշտպան են մեր Արցախյան ազատամարտի հերոսների գերակշիռ մասը, նրանց ընտանիքները: Զոհված տղերքի ընտանիքները, եթե մենք մեզ հարգում ենք, որևէ խնդիր չպետք է ունենան, թե չէ` ասում ենք փող չկա, այնինչ երկրում միլիոնատերեր, միլիարդատերեր կան: Ուրեմն` փող կա, դրամ կա, բաշխումն է սխալ:

- Ձեր կյանքի մի մեծ մասը նվիրել եք «Աղբյուրին»: Տարիների հեռվից ինչքա՞ն է փոխվել ամսագիրը, և ինչքա՞ն` դուք:

- Արդեն գրեթե երեսուն տարի աշխատում եմ «Աղբյուրում», որ նախկին «Պիոներն» է: «Աղբյուրում» բոլորն ինձ պես «հնաբնակներ» են, մենք անկեղծորեն մտածում ենք «ժառանգներ» գտնելու մասին, ուզում ենք, որ գան երեխաների համար աշխատել սիրող երիտասարդներ, բայց, ցավոք, առայժմ կարծես թե դա քիչ է հնարավոր: Պատճառը, թերևս, այն է, որ աշխատավարձերը, մեղմ ասած, ցածր են, ոչ մի երիտասարդ 30-40 հազար դրամ աշխատավարձով չի ուզենա աշխատել:

Ամսագիրն, իհարկե, փոխվել է, գլխավոր փոփոխությունն այն է, որ եթե նախկինում ավելի շատ էջեր հատկացվում էին գրողներին, երեխաների համար գրված ստեղծագործություններին, այժմ ծավալի գերակշիռ մասը տրամադրվում է հենց երեխաներին և նրանց ստեղծագործություններին:

Ես էլ եմ փոխվել, բայց այսօր «Աղբյուրի» համար ավելի քիչ չեմ աշխատում, քան նախկինում: Ընդհակառակը, կյանքը, միջոցների բացակայությունը ստիպում է, որ անես ոչ միայն խմբագրի, այլև սրբագրիչի, համակարգչային աշխատողի և այլ գործեր: Այս առումով կարող եմ ինքս ինձ հեգնել. ես ունիվերսալ գլխավոր խմբագիր եմ:

- Ձեր ակունքները:

- Իմ ակունքները Մշո դաշտում են. ես ծնվել, մեծացել եմ Երևանում, բայց այդպես էլ ինձ երևանցի չեմ զգացել: Իմ` երևանցու պատկերացումը երևի այլ է, քան, ասենք, Ռուբեն Հախվերդյանի, Մանարյանի, Ֆորշի և այլոց, ովքեր այսօր նաև Երևանն են երգում: Ես ինձ մշեցի եմ համարում, բայց սկզբունքորեն դեմ եմ այն մտածողությանը, որը, «Էրգի˜ր, էրգի˜ր» ասելով, մոռանում է այս հողը, որի վրա կանգնած ենք, թույլ չի տալիս Հայաստանի Հանրապետությունը որպես լիարժեք հայրենիք զգալ: Մեզ, ցավոք, թվում է, թե հայրենիքը միայն այն էր, որ մնաց գետի մյուս կողմում, և այդ հայրենիքի մորմոքով անուշադրության ենք մատնել մեր պետությունը: Մեր այսօրվա պետության քաղաքականության մի կարևոր թևը ուղղված է դեպի կորուսյալ հայրենիքի, եղեռնի միջազգային ճանաչման խնդիրը, բայց շատ կուզեի, որ կրկնակի ուժով քաղաքակա նության մյուս թևը աշխատեր փրկված մեր այս մի կտոր քարուհողը որպես հայրենիք զգալու և ծաղկեցնելու համար: Մեկ-մեկ ինձ թվում է, թե շատերի համար սա միայն պետություն է ու ոչ հայրենիք: Մեր պետական քաղաքականությունը պետք է լինի պետականությունն ու հայրենիքը մոտեցնելը, հայրենիքն ու պետությունը համատեղելը, դրանք միասին ընկալելու համար ատաղձ ստեղծելը:

-Գրողը կարո՞ղ է մասնակցել մեր հասարակության ձևավորմանը, ժողովրդավարության հաստատմանը:

- Գրականությանը, մշակույթին ընդհանրապես պետական մոտեցում, հովանավորություն է պետք: Պետությունը գրական մամուլին, գրականությանը, նկարչությանը, երաժշտությանը պետք է տա և, ներեցեք, երբեք չպահանջի, որովհետև պահանջելու դեպքում էլ ոչինչ չի փոխվի, կփոխվի տալու դեպքում. եթե լինի լավ գրականություն, նկարչություն, երաժշտություն, դրանք իրենց ավելի լավ կզգան, եթե տվյալ պահին չլինեն, ուրեմն կընթանա պրոցեսը. սա ևս անչափ կարևոր է: Ասպարեզը վերափոխելը ես չեմ հասկանում, բայց վերարժևորելու հրամայական կա: Կարծում եմ` մինչև օրս էլ դեռևս ճիշտ գնահատականներ չեն տրվել մեր պատմության շատ կարևոր հարցերի, դեմքերի, շատ գրական երկեր նորից ընթերցվելու, նոր կերպ, նոր դիտակետից ընթերցվելու կարիք ունեն:

Գրողը ակտիվ հասարակական, քաղաքացիական դիրքորոշում պետք է ունենա նախ իր գրականության մեջ, և նրան քարկոծել, թե ինչու միտինգի չի մասնակցում, ճիշտ չէ: Նա, որպես քաղաքացի, փողոց դուրս գալ կարող է, բայց, որպես գրող, ավելի կարևոր է, որ մնա «տանը»:

Գրական ասպարեզում դեռևս իշխում են օտար գրականություններին կապկելու գործընթացները: Պոեզիայում դեռևս Բարաբային ենք ընտրում, Քրիստոսին պաշտում ենք խաչվելուց հետո միայն: Եթե հեռուստատեսությանը պետք է մի որևէ ժամանակակից բանաստեղծի խոսք լսել, «աշխարհագրությունը» երկու կինարմատից այն կողմ չի անցնում. այսօր տեսնում ենք, չէ՞, բոլոր հեռուստահաղորդումներին հյուր են նույն անձինք, ովքեր, երևի, լրագրող կամ առավելապես հրապարակախոս պետք է լինեին: Ժողովուրդն էլ նայում, ասում է` սա՞ է բանաստեղծը: Նրանք ժողովրդավարության անվան տակ օգնում են «միջազգային», անհայրենիք գաղափարներ տարածելուն, իսկ ես կարծում եմ, որ նման ժողովրդավարությունը մեզ պետք չէ, մեզ պետք է ուժեղ պետականություն, բանակ, գիտություն և մշակութային ինքնաճանաչում, կրկնում եմ, մշակութային ինքնաճանաչում. վերջինս մեզ կօգնի ապրել` ինքներս մեզ հարազատ մնալով: Ժողովրդականությունը մասսայի իշխանության գաղափարն է, բայց չէ՞ որ այդ մասսայի մեջ խելոքներն ու իմաստունները թվով ավելի քիչ են, հազարից մեկը, երկուսն են, իսկ երկրի ճանապարհը որոշում են այդ հազարները: Ես կարծում եմ` ամեն մարդ քվեարկելու իրավունք չպետք է ունենա: Եթե մարդն ուզում է քվեի իրավունք ձեռք բերել, ասենք, պետք է գոնե բարձրագույն կրթություն ունենա, կամ ցենզը կարելի է ավելի խստացնել: Թե չէ դոկտորը մեկ քվե ունի, և մեկ քվե ունի մի կիսահարբեցող, որ ութերորդ դասարանը հազիվ է ավարտել: Դեմոկրատիան կամ ժողովրդավարությունը, փաստորեն, միջոց ու զենք է, որ մասսայի վրա իշխող մեկը կարողանա իշխել երկրի վրա:

- Ձեր կարծիքով` ի՞նչը կարող է Հայաստանի համար լինել ազգային գաղափար: Կա՞ որևէ բան (իդեալ), որին անվերապահորեն հավատում եք:

- Հայերեն խոսքը չկեղծելը, հայոց լեզվով միայն ճշմարտություն ասելը, այսինքն` մեր մտածողությունն ու հոգեբանությունը չփչացնելը: Հայաստանը մեկ օրում կարթնանա, եթե բոլորս սկսենք միայն ճիշտ խոսել, չկեղծել: Ոչ թե գեղեցիկ խոսել, այլ ճիշտ: Մենք մտածում ենք լեզուն գեղեցիկ պահելու, բայց չենք մտածում լեզուն կեղծիքից հեռու պահելու մասին: Թող հասարակ հայերը, մեր պետական այրերը, բարձր պաշտոններ զբաղեցնողները չկեղծեն մեր լեզուն, և Հայաստանը կծաղկի. պարզ, միջոցներ, հսկա ներդրումներ չպահանջող ուղի եմ ցույց տալիս…

Հավատում եմ մարդու մեջ մարդկայինի ու աստվածայինի հաղթանակին, ինչքան էլ ինձ հուսահատեցնեն Հայաստանից հեռացողները: Թեև… իմ համոզմամբ` իսկական հայը միշտ Հայաստանում է, նա ուր էլ լինի, միշտ Հայաստանում է…

- Ձեր ամենանվիրական երեք ցանկությունները աշխարհին, մարդուն, երկրին:

- Աշխարհին մաղթում եմ սպառազինվելու փոխարեն զարգացնել տիեզերքի յուրացմանն ուղղված աշխատանքը, փնտրել այլ բանական էակների, որոնց գոյությանը հավատում եմ, գտնել նրանց, որպեսզի փարատվի այս Երկրի ծանր մենությունը:

Մեր երկրի՞ն… նախ` զոհված ազատամարտիկների ընտանիքների յուրաքանչյուր անդամի ամեն ամիս նպաստ տրամադրել գոնե նախարարների աշխատավարձի չափով, որոշումը հենց այսպիսի տեքստով էլ կայացնել. դա կլինի գրեթե «քաղաքական» որոշում: Ծերերին այնքան թոշակ տալ, որ պահանջված ուտելիք, թոռնիկներին նվերներ կարողանան գնել: Մյուս ցանկությունների հնարավորությունները թողնում եմ ավելի վառ երևակայություն ունեցողներին:

Ներեցե´ք… մեկ ցանկություն ևս` ընտրությունների ֆոնին. կուզենայի, որ մեր երկրում օրենքը սահմաներ բաց, ոչ գաղտնի քվեարկություն, որպեսզի մեր հայրենիք -պետության բախտը որոշեն ուղղամիտ ու համարձակ մարդիկ, նրանք, ովքեր չեն վախենում իրենց տեսակետն արտահայտել:

Նիկոլայ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ