ՀՀԿ մեկուսացման պատրանքայնությունը


Եթե նկատի ունենանք այն հանգամանքը, որ ԱԺ քաղաքական ուժերը մեծամասամբ մերժեցին նոր կառավարության ծրագիրը` չմասնակցելով քվեարկությանը, ապա կարող է թյուր տպավորություն ստեղծվել, թե ՀՀԿ-ն, որպես իշխող կուսակցություն հայտնվել է «մեկուսացման» մեջ` չունենալով դաշնակից քաղաքական ուժ:

Նույն մակերեսային դիտարկմամբ էլ, զուտ ձևական տրամաբանության տեսանկյունից կարելի է եզրակացություն անել, որ ոչ իշխանական խորհրդարանական խմբակցությունները, իրար հետ ունենալով լուրջ և անլուծելի տարաձայնություններ` ընդդեմ ՀՀԿ-ի կամա թե ակամա գործում են միասնական: Սակայն, երբ փոքր-ինչ խորանում ենք երևույթների մեջ, ապա անմիջապես ի հայտ է գալիս այս բոլոր եզրահանգումների խաբուսիկությունն ու պատրանքայնությունը: Ինչո՞ւ: Որովհետև խաղարկվում է թեկուզ նրբերագներ պարունակող, բայց ոչ այնքան բարդ շախմատային պարտիա, որում ֆիգուրների թվացյալ զոհաբերությունն ընդամենը մի որոշակի ժամանակահատ վածում, հետագա քայլերը քողարկելու միտում է պարունակում: Հիմա ավելի կոնկրետ և առարկայորեն փորձենք տարանջատել իրականը` թվացյալից:

ԲՀԿ-ն չէր կարող անմիջապես բացահայտել նոր վարչապետի նշանակման խնդրում իր նշանակալի դերը` ինչը կարտահայտվեր կառավարության ծրագրին միանշանակ համաձայնությամբ: Ուրեմն` ՀՀԿ-ի հետ հակադրվելու խաղը դեռ որոշ ժամանակ պետք է շարունակեր: Կանցնի մի քանի ամիսներ, և այդ խաղը շարունակելու անհրաժեշ տություն չի լինի: ԲՀԿ-ն` կամ իշխող կուսակցության հետ կրկին կոալիցիա կկազմի, կամ էլ բացահայտ, որոշ դեպքերում աննկատ կաջակցի ՀՀԿ-ին բոլոր կարևորագույն հարցերում:

Ինչ վերաբերում է արմատական դիրքերից հանդես եկող ՀԱԿ-ին, ապա այն որպես խորհրդարանական խմբակցություն ներկայացնող քաղաքական ուժ այլևս դժվար է համարել: Առանց այդ էլ փոքրաթիվ խորհրդարանականներ ունեցող ՀԱԿ-ի բոլոր անդամները այնպիսի բացահայտ տարաձայնությունների մեջ են միմյանց նկատմամբ, որ դա քողարկել ոչ մի կերպ հնարավոր չէ: Ն. Փաշինյանը և Լ. Զուրաբյանը անթաքույց ատում են միմյանց: Հ. Բագրատյանը միայնակ իր խաղն է խաղում: Գ. Ջհանգիրյանը սրանց «արանքում» մոլորված, կրավորական «օլոմբա» դիրքում է: ՀՅԴ-ն, ինչպես միշտ` «կառուցողական» է. մի կողմից հակադրվում է, մյուս կողմից աջակցություն հայտնում, դիրքորոշումներում հազվադեպ է կոշտ կեցվածք ընդունում... «Ժառանգություն»-ում ամեն ինչ այնքան վերացական և քաոսային է, որ յուրաքանչյուր պահի հնարավոր են այնպիսի մետամորֆոզներ, ինչն առողջ տրամաբանության մեջ դժվար թե տեղավորվի: Հատկապես վերջերս խոսակցություններ են պտտվում, որ Ր. Հովհաննիսյանը հերթական անգամ դուրս է գալու խմբակցությունից, վայր է դնելու մանդատը և ավելին... լքելու է Հայաստանը: Իհարկե այդ տեղեկությունները առայժմ ասեկոսային մակարդակում են, բայց ելնելով Ր. Հովհաննիսյանի փոփոխական, որոշ առումով հակասական և պարադոքսալ պահվածքից` ոչ մի բան չի կարելի բացառել:

Հիմա անդրադառնանք նորաթուխ ընդդիմադիրի մաշված թիկնոցը կրկին ուսերին առած ՕԵԿ-ին: Իհարկե, դասական պոպուլիզմը առանցքային մարտավարություն դարձրած այս քաղաքական ուժը կառավարության ծրագրին կողմ չէր կարող քվեարկել: ՕԵԿ-ի չփոփոխվող ձեռագիրը նկատի ունենալով` դա կհամարվեր դիպուկ կրակոց ուղիղ պոպուլիզմի սրտին: Այլ խոսքով ասած` ինքնասպանություն: Իսկ ամբոխահաճությունը ՕԵԿ-ի օդն ու ջուրն է, առանց որի` նրան չէր հաջողվի մշտապես հայտնվել խորհրդարանում:

Ա. ՀԱԿՈԲՅԱՆ