ՀԻՄԱ «ՍԱՌԸ ՊԱՏԵՐԱԶՄՆ» Է ՀԱՂԹԱՀԱՐՎՈՒՄ


- Այսօր սառը պատերազմն է հաղթահարվում, աշխարհն անցնում է դինամիկ փուլի,- ասում Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն, քաղաքագետ Մանվել ՍԱՐԳՍՅԱՆԸ`` անդրադառնալով ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջ. Ուորլիքի հայտնի հայտարարությանը :- Ըստ Ձեզ, որո՞նք էին այն նոր շեշտադրումներն ու ասելիքը Ուորլիքի հայտնի հայտարարության, համանախագահների այցի մեջ:

- Ուորլիքը մինչ այդ էլ ամիսներ շարունակ ինչ-որ հայտարարություններ էր անում: Ի վերջո բոլոր խոսակցությունները հանգեցին նրան, որ այս ամեն ինչը կապված է միջազգային նոր իրավիճակի, ուկրաինական խնդիրների, Ռուսաստան-Արևմուտք հարաբերությունների հետ: Արդեն սկսել են բացահայտ խոսել դրա մասին և փորձում են ինչ-որ առաջարկներ անել` Ղարաբաղյան հիմնախնդրով հետաքրքրված բոլոր շրջանակներին: Ըստ էության, ինչպես ասում են, բոլորին հիշեցրել են միջազգային հարաբերություններում խաղի կանոնները: Ուորլիքը ցույց է տալիս երեք ճանապարհ. բանակցություններով փոխզիջումներ, անընդունելի ստատուս քվո և պատերազմ: Բայց նկատենք, որ այդ նույն ժամանակահատվածում Միացյալ Նահանգները ցույց տվեց չորրորդ ճանապարհը, երբ Կալիֆոռնիան ճանաչեց ԼՂՀ անկախությունը: Այս պարագայում խնդիրը միայն ճանաչման իրավական կողմը չի: Իրավական նշանակությունը կարող է նաև մեծ չլինել, որովհետև Կալիֆոռնիան անկախ պետություն չի: Բայց այստեղ գործ ունենք մեծ տերության` ԱՄՆ-ի քաղաքականության հետ: Նույն օրերին որևէ նահանգի կողմից ԼՂՀ ճանաչումը նույնպես բոլորին հասցեագրված «մեսիջ» է: Ուշադրություն դարձնենք` այդ ընթացքում նաև խոսվել է ԼՂՀ` Սարսանգի ջրամբարի ջրային ռեսուրսները Ադրբեջանի և Ղարաբաղի կողմից համատեղ օգտագործելու մասին: Այսինքն, ճանապարհներից մեկն էլ դա է:

- Բազմիցս նշվել է, որ Ուորլիքը ներկայացնում է ԱՄՆ պաշտոնական տեսակետը, դա արդյո՞ք նշանակում է, որ այդ երկիրը որպես հիմնախնդրի խաղաղ լուծման տարբերակ` Ղարաբաղին և Ադրբեջանին առաջարկում է համագործակցել:

- Այո: Այս ամենից բացի ամենաէականն այն էր, որ Միացյալ Նահանգներն Ադրբեջանի հետ բավական կոշտ զրույց սկսեց, ինչը հանգեցրեց մինչև հիմա շարունակվող նույնքան կոշտ բանավեճի: Նահանգները Բաքվին առաջարկում է չփչացնել հարաբերություններն իր հետ` ասելով, թե Ադրբեջանը ԱՄՆ-ին հետաքրքրում է միայն ու միայն, որ ինչ-որ կերպ զսպի Ռուսաստանի գործողությունները: Ադրբեջանն էլ մտահոգված` փորձում է Ռուսաստանի հետ հարաբերություններ ստեղծել: Ահա այս լարվածության իրադրությունում էլ ամերիկացիները պարզորոշ հասկացրեցին Ադրբեջանին, որ վերջինիս սուվերենությունը վտանգված է, իսկ այն պաշտպանողը միայն Միացյալ Նահանգներն է: Սա նորություն չէ: Նույնը մի քանի տարի առաջ Բաքվում ասել է Հիլարի Քլինթոնը:

- Ղարաբաղյան այս գործընթացը համընկավ ուկրաինական սրացումների հետ: Ի՞նչ կապ եք տեսնում այս ամենում:

- Մենք գործ ունենք Ռուսաստանի նոր քաղաքականության` ռուսական ծավալապաշտական քաղաքական գծի հետ: Ռուսաստանը կասկածի տակ է դրել հետխորհր դային պետությունների սահմանների լեգալ լինելը, օրինականությունը և բարձրացրել է ազգերի ինքնորոշման պաշտպանության դրոշը: Սրանով հանդերձ, Մոսկվան բացահայտորեն զինում է Ադրբեջանին: Փոխվում է ընդհանրապես միջազգային քաղաքականությունը, երկրների ունեցած դերերը: Հիմա դժվար է ճիշտ գնահատել, որովհետև ամեն ինչը նոր է: Ես կարծում եմ` սխալ է, երբ ոմանք ասում են, թե սառը պատերազմն է վերադառնում: Սառը պատերազմը շատ ավելի կոնկրետ բան է, քան սառած հարաբերությունները: Այն 50 տարվա ժամանակաշրջան էր, որը կայուն կարգ էր պահպանում աշխարհում: Հիմա հակառակը` սառը պատերազմն է հաղթահարվում, աշխարհն անցնում է դինամիկ փուլի: Այսօր փոփոխությունների դարաշրջան է, և յուրաքանչյուր երկիր պետք է իրեն դրսևորի, հասկանա, թե ինքն ինչ տեղ է ունենալու, ինչ անվտանգության համակարգում է աշխատելու:

Արթուր ԴՈԽՈԼՅԱՆ