Իրատեսությունը չշփոթել ստրկամտության հետ


Դեռ 5-10 տարի առաջ, առավել հեռատես և ողջամիտ քաղաքագետները պնդում էին, որ եթե Արևմուտքի և Ռուսաստանի միջև հակամարտությունը խիստ սրվի, ապա Հայաստանը այլևս հնարավորություն չի ունենա շարունակել, այսպես կոչված, փոխլրացման քաղաքականությունը և ստիպված կլինի ընտրություն կատարել Արևմուտքի ու հյուսիսային հարևանի միջև:

Ավելորդ է ասել, որ սա խիստ անցանկալի տարբերակ էր Հայաստանի համար, քանզի զրկում էր մանևրելու հնարավորությունից, միաժամանակ մեծացնում կախվածությունը այս կամ այն ուժային կենտրոնից: Անցյալ տարվա աշնանը, ի վերջո, հասունացավ ընտրություն կատարելու ճակատագրական պահը և ՀՀ իշխանությունները որոշեցին, որ Ռուսաստանի հետ է´լ ավելի ինտեգրումը ավելի շահեկան է, քան ՌԴ-ի հետ հարաբերությունները վատթարացնելու գնով` Եվրամիության հետ ասոցացման պայմանագրի կնքումը: Որքան էլ իշխանությունները խուսափեն իրենց այդ որոշումը գնահատել որպես ընտրություն վատի և վատթարագույնի միջև, միևնույնն է, իրողութ յունից երես թեքել հնարավոր չէ:

Բոլորովին պատահական չէ, որ վերջին ամիսներին խիստ ակտիվացել է ռուսատյացության ծայրահեղ գաղափարների դրոշակակիր հասարակական շերտը, որն իր շարքերում ներառում է ընդդիմադիր կուսակցությունների որոշակի մասին, Արևմուտքից դրամաշնորհներ ստացող հասարակական կազմակերպություններին, մտավորակա նության մի հատվածին: Իհարկե, իրադրությունն այնպիսին է, որ շատ դժվար է ծայրահեղություններից խուսափելը, ուստի ըմբռնումով պետք է վերաբերվել բոլոր նրանց, ովքեր Մաքսային Միությանը միանալը համարում են, ոչ ավելի, ոչ պակաս Հայաստանի վերջնական «գաղութացում», անկախության լիակատար կորուստ: Դժվար է նաև երկրի անկախությամբ իրապես մտահոգ հայրենասերներին սահմանազատել Արևմուտքից սնուցվող և վերջիններիս պատվերը կատարող կազմակերպությունների անձնապաշտ ղեկավարներից:

Մի հռետորական հարց տանք. ո՞ր իրական հայրենասերին ցավ չի պատճառում իր հայրենի երկրի կախյալության մեծացումը որևէ գերտերությունից: Եվ հետո միայն տանք երկրորդ, արդեն ոչ հռետորական հարցը բոլոր նրանց, ովքեր անիծում և հայհոյում են թե´ Ռուսաստանին, թե´ ՀՀ իշխանություններին` ՄՄ մտնելու համար. երբևէ լուրջ վերլուծե՞լ եք, թե ինչ ծանր հետևանքների կարող էր հանգեցնել ՌԴ-ի կամքին չենթարկվելը:

Մինչ այդ վտանգների թվարկումը, հիշեցնենք մի հատված Հայաստանի բոլշևիկացումից շատ տարիներ անց` Առաջին հանրապետության վարչապետ Սիմոն Վրացյանի հետ հարցազրույցից: Ս. Վրացյանին այսպիսի «ճակատային» հարց է ուղղվում.

- Եթե պետք է իշխանությունը հանձնեինք բոլշևիկներին, ապա ինչո՞ւ դա չարեցիք, ասենք, մեկ տարի առաջ: Չէ՞ որ այդ պարագայում թուրքական լծից փրկած կլինեինք կրկնակի ավելի տարածք, չհաշված այն անտեղի հազարավոր զոհերը, որ տվեցինք:

Պատասխանը այսպիսին էր.

- Իսկ ո՞վ կարող էր գուշակել, թե ինչպես կծավալվեին իրադարձությունները: Մենք Անտանտի դաշնակիցն էինք: Անտանտը պատերազմում հաղթել էր: Դաշնակիցները մեզ խոսք էին տվել վերադարձնել Արևմտյան Հայաստանը: Թուրքիան ծնկի եկած էր: Ճիշտ է, մենք տագնապով էինք հետևում Թուրքիայում սկիզբ առնող քեմալական շարժմանը: Բայց ամեն ինչ ընթանում էր մեր օգտին: Ո՞վ կարող էր գուշակել, որ ամեն ինչ գլխիվայր շուռ է գալու:

Բավականին փաստարկված արդարացում է թվում: Ուրեմն ի՞նչ. հետագայում կատարվածը կրկին վերագրենք «Հայի բախտի՞ն»: Ո´չ, և կրկին ո´չ: Ի՞նչ է, Դաշնակցութ յան լիդերները մոռացե՞լ էին, թե նախորդ տասնամյակներին քանի անգամ էր քաղաքակիրթ Արևմուտքը Հայոց Հարցը «պառկեցրել» իր շահերի զոհասեղանին: Ինչո՞ւ էր Վրացյանը կարծում, թե այս անգամ բացառություն է լինելու: Որովհետև Եվրոպան հանկարծակի սրբացե՞լ է: Իսկ չէ՞ր կարելի կռահել, որ Հայաստանի մանդատը տրվելու է ԱՄՆ-ին: Իսկ ԱՄՆ-ը «գծելով» Հայաստանի նոր քարտեզը, այն որպես զուգարանի թուղթ է օգտագործելու, նույն կերպ, ինչպես Սևրի պայմանագրով գծված քարտեզը:

Այս կարճ պատմական էքսկուրսից հետո կրկին վերադառնանք մեր օրերին: Այսօր էլ չկա որևէ գերտերություն, որ ղեկավարվի ոչ թե իր շահերով, այլ «տառապի» հումանիզմի, արդարության, ճշմարտության «ախտով»: Շահերի գերակայության պայմաններում ՀՀ-ն առանձնակի արժեք չունի ո´չ Ռուսաստանի, ո´չ Արևմուտքի համար: Փորձենք ավելի առարկայական վերլուծել, թե ինչպես կարող էր ՌԴ-ն պատժել Հայաստանին` ՄՄ-ից հրաժարվելու, ԵՄ-ին ասոցացվելու պարագայում: Կործանարարը ոչ այնքան էներգակիրների թանկացումը, իր շուկաները ՀՀ-ի առջև փակելը և այլ տնտեսական բնույթի ճնշումները կլինեին: ԵՄ-ն այդ պարագայում հնարավոր է, որպես կրած վնասների փոխհատուցում լուրջ ֆինանսական օգնություն ցույց տար: Թեպետ դա էլ դժվար թե էականորեն նվազեցներ տնտեսական վնասների չափը: Էական վտանգը ԼՂ հարցում ՌԴ-ի կտրուկ շրջադարձն էր լինելու: Եթե ստատուս քվոյի պահպանումը միշտ ձեռնտու է եղել Ռուսաստանին, ապա ՀՀ-ի «կամակորության» պարագայում` ՌԴ-ն Ադրբեջանին իր կողմը ներգրավելու պայմանով, դեմ չէր լինի բլից պատերազմ հրահրել` հայերին մենակ թողնելով ադրբեջանա-թուրքական տանդեմի դեմ: Անցյալ դարի 90-ականների սկզբին` մենք դրա նախադեպը ունեցել ենք: Մի նոր «Կոլցո» գործողություն ձևակերպումով ՌԴ-ն կարող էր ոչ միայն մեզ մենակ թողնել, այլև «տակից» օգնել Ադրբեջանին: Հետո, երբ ԼՂՀ-ն մի քանի շրջան կորցներ, անմիջապես ոտքը դներ արգելակին: Քանզի դա բավական կլիներ հայերիս «ուշքի բերելու» համար: Իսկ դրանից ավելի Ադրբեջանին նվեր մատուցելը դեմ կլիներ իր իսկ շահերին:

Շատերը հարց կտան. բա Արևմուտքը չէ՞ր կանխի արդյոք ՌԴ-ի արկածախնդրական այս քայլերը: Պատասխանը մեկն է: 2008-ին ի՞նչ արեց Արևմուտքը իր ռազմավարական դաշնակից Վրաստանի համար, երբ Աբխազիան և Օսիան զավթելուց հետո ռուսական տանկերը անպարագիծ «ֆռֆռում» էին Թբիլիսիի արվարձաններում` Արևմուտքի անպտուղ սպառնալիքների «լուսարձակների» ներքո... Ի՞նչ է կարողանում անել այսօր, երբ Ղրիմը Ուկրաինայից հանգիստ պոկելուց հետո ՌԴ-ն այժմ արդեն զավթում է արևելյան Ուկրաինան:

Այո, որքան էլ ցավալի և տխուր լինի, մենք ստիպված ենք ոտքներս «մեր վերմակի չափով պարզել»: Թե չէ հետո ստիպված կլինեք Սիմոն Վրացյանի ձևով «արդարանալ»...

Բոլոր «ուռա» հայրենասերները և «վայ» անկախականները ի վերջո պետք է հասկանան, որ նախ եղածը պետք է կարողանալ պահպանել և հետո միայն ձգտել ավելիին: Եվ` իրատեսներին չշփոթել ստրկամիտների հետ...

Արամ ՀԱԿՈԲՅԱՆ