ՈՐՏԵՂ ՀԱՆԳՍՏԱՆԱԼ


Ուր գնալ, որտեղ հանգստանալ. ահա այն հարցերը, որոնք ամռան հետ իրապես նոր հրատապություն են ձեռք բերում: Հանգիստ բառի կողքին հառնում է նաև հնարավորություն բառը, որը շատ ավելի կարևոր է դառնում մեր ժամանակներում, քանզի հանգստի կազմակերպման ֆինանսական կողմն է թելադրում ամեն ինչ: Հայաստանում գործունեություն ծավալող զբոսաշրջային կազմակերպություններն արդեն իրենց առաջարկությունները ողողում են ամենատարբեր ու գայթակղիչ խոստումներով: Որպես գովազդային հնարք` շատերն օգտագործում են էժան ու մատչելի բառերը` երբեմն հնարավորություն չտալով կողմնորոշվել, թե որն է էժանն ու մատչելին: Մինչդեռ, ինչպես ցույց են տալիս ուսումնասիրությունները, Հայաստանում հանգստի կազմակերպումը տասնապատիկ թանկ է, քան, ասենք, մեր հարևան Վրաստանում, ուր վերջին տարիներին գրանցվում է մեծ ուղևորահոսք: Եվ հայաստանցիները գերադասում են հեռու մնալ ծաղկաձորյան «հրապույրներից» և հանգստի մեկնել Քոբուլեթի, որն իսկապես մատչելի է շատերի համար: Եվ ոչ միայն մատչելի. այստեղ կա ծով, որն էլ հրապուրում և կանչում է մարդկանց: Ծանոթանալով տարբեր զբոսաշրջային կազմակերպությունների սահմանած սակագներին, պարզեցինք, որ Քոբուլեթիում 9-օրյա ամենաթանկ հանգիստն արժե 70 հազար դրամ, իսկ Ծաղկաձորում` 120 հազար դրամ: Այս մեկ համեմատությունն էլ բավական է` համոզվելու համար, որ հայաստանյան հանգստի տները շատ ավելի մտահոգված են գերշահույթ ստանալու խնդրով` այսպես մեզանում հետընթաց արձանագրելով և հայաստանցիներին ստիպելով հարստացնել մեկ այլ երկրի բյուջե: Գները շատ ավելի թանկ են Սևանա լճի մերձակայքում գտնվող զբոսաշրջային հանգրվաններում և հանգստյան տներում, որոնց տերերը երբեմն չեն բավարարում անգամ կենցաղային տարրական պահանջները, հոգ չեն տանում, որ հանգստացողները հաջորդ անգամ ևս ցանկություն ունենան հանգստանալու նույն վայրում: Այստեղ, անպայմանորեն, իր կարգավորիչ դերը պիտի հաստատի ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունը, նրա համապատասխան վարչությունը, որը կոչված է զբաղվել զբոսաշրջային ինդուստրիայի հարցերով: Նախարարությունում, սակայն, հաճախ այն կեցվածքն են ընդունում, թե պետությունը չի մասնակցում սակագնային քաղաքականության մշակմանը, ամեն ինչ որոշում են շուկան և սեփականատերը: Սա պարզապես արդարացում է, որը չի բխում պետության ու հանրության շահերից և առաջին հերթին վնասում է պետական բյուջեի ձևավորմանը: Սակագների հաստատման ու դրանց վերահսկման հարցում իր մասնակցությունը պետք է ունենա նաև Տնտեսական մրցակցության հանձնաժողովը, որը նույնպես կրավորական կեցվածք է ընդունում` թույլ տալով, որ սեփականատերերն իրենց կամքը թելադրեն, շատերի համար անհասանելի դարձնեն հանգիստը: Վրաստանում օգոստոս ամսին 9-օրյա հանգստի գները իջեցվում են մինչև 52 հազար դրամ` այսպես հանգստյան տները չափազանց մատչելի դարձնելով հանգստանալ ցանկացողների համար: Իսկ ահա Հայաստանում օգոստոսին առավել բարձրացվում են գները... Մենք հաճախ ենք խոսում և գրում հակատնտեսագիտության մասին, այն մասին, որ մեզանում ճկուն քաղաքականություն չի տարվում գնագոյացման և ծառայութ յունների մատուցման ասպարեզում: Սակայն բոլոր խոսակցություններն ու հոդվածները մնում են անարձագանք, որովհետև, ինչպես պարզվում է` ոմանց ձեռնտու չէ գնալ դեպի կարգավորումները, մանավանդ այն պետական բարձրաստիճան պաշտոնյաներին, ովքեր անձնական բիզնես ունեն զբոսաշրջության և հանգստի գոտիների ոլորտներում...

Լևոն ՄՈՒԹԱՖՅԱՆ