ԵՐԵԿՈՆ Է ԵՐԲ ԻՋՆՈՒՄ....


ՎԱՆԱՁՈՐԻ մանկավարժական ինստիտուտի լրագրության բաժնի ուսանող Էդվարդ Արզումանյանը էլեկտրոնային կայքերից մեկում ցավով գրել էր, որ Վանաձորում չգտնելով ժամանցի վայրեր և ապրելով ներփակվածության մեջ` երիտասարդները մղվում են դեպի Երևան, որն էլ վերածվում է քաղաք-պետության... Այս մտահոգությունը, ցավոք, նոր չէ: Նոր չէ ոչ միայն Վանաձորի, այլև հանրապետության մյուս մարզկենտրոնների, քաղաքների և բնակավայրերի համար: Վանաձորի դեպքում, իհարկե, երիտասարդ լրագրողը փոքր-ինչ խտացրել է գույները` գրելով, թե չկա մշակութային կյանք: Մշակութային կյանք այս քաղաքում կարծես թե կա, որովհետև գտնվելով այնտեղ` մենք ականատես եղանք, որ երկու օրվա ընթացքում տեղի ունեցան նկարչական ցուցահանդեսի բացում, համերգային մի միջոցառում, Աբելյանի անվան թատրոնում ներկայացվում էր Շեքսպիրի «Լիր արքա» ողբերգությունը... Սակայն, ինչպես նշեցին մեզ հետ զրույց վարած շատ երիտասարդներ, մշակութային այդ հազվագյուտ «բռնկումները» շուտով կմարեն, որովհետև հուլիս-օգոստոս ամիսներին մշակութային կյանքը «հանգստի է գնում», եզակի են դառնում համերգները: Երիտասարդներն էլ իրենց ժամանցը փորձում են կազմակերպել սրճարաններում, որոնց թիվը մեծ չէ քաղաքում: Ինչպես Երևանից դուրս գտնվող այլ բնակավայրերում, այստեղ ևս սրճարանների գերակշռող մեծամասնությունն անմատչելի է երիտասարդներին` ռեստորանային «կարգավիճակով», օղու և խորովածի մշտառկա «ճաշացան կով»: Շատերի միակ մխիթարությունը դառնում է «Տաշիր պիցցա» սրճարանը, ուր սպասարկումը ծայրահեղ վատ վիճակում է. այցելուներին մատուցում են հնացած պիցցա` երբեմն վերցված մեկ ուրիշի չօգտագործած կերաբաժնից... «Տաշիր պիցցայում» հնարավոր է նստել մինչև ժամը 12-ը, զրուցել, չքաշվել, որ պատվերները բազմազան ու հարուստ չեն... Մատչելի սրճարանները, որոնց թիվը 2-3-ն է, կենտրոնացած են քաղաքի գլխավոր հրապարակի տարածքում, ինչն էլ նշանակում է, որ այլ թաղամասերում ապրողները չեն կարող երեկոյան ժամերին գալ այստեղ, քանի որ հետո կառաջանա տրանսպորտից օգտվելու խնդիր: Վանաձորում երեկոյան ժամը 10-ից հետո կաթվածահար է լինում այսպես կոչված հանրային տրանսպորտը` քաղաքի կենտրոնը մեկուսացնելով մյուս միկրոշրջաններից: Այս մասին բազմաթիվ անգամներ բարձրաձայնել են բնակիչները, տեղական իշխանություններին խնդրել վերահսկողություն սահմանել, բանակցություններ վարել «գծերի տերերի» հետ: Սակայն բոլոր խնդրանքներն էլ անպատասխան են մնացել, որովհետև «գծերի տերերից» ոմանք հենց քաղաքապետարանում պաշտոններ են զբաղեցնում: Նման վերաբերմունքի պատճառով էլ երեկոյան ժամերին Դիմաց, Բազում, Առափնյա և այլ թաղամասեր վերածվում են անկենդան տարածքների. երիտասարդները շտապում են տուն` չխարխափելու համար մութի և անտարբերության մեջ: Վանաձորն ունի բարետես և հաճելի համերգային սրահներ. Ազնավուրի անվան մշակույթի պալատը, Երկաթուղայինների մշակույթի կենտրոնը, մարզահամերգային մեծ սրահը: Այսինքն, այս դահլիճներում միշտ կարելի է կազմակերպել գեղարվեստական ամենատարբեր միջոցառումներ, դրանցում ներգրավել երիտասարդությանը: Սակայն քաղաքապետարանի մշակույթի բաժինը բավարարվում է միայն ձևական զանգվածային միջոցառումներով` մոռացության մատնելով ջահելներին: Վերջիններիս մոռացել են նաև կառավարության որոշմամբ ստեղծված երիտասարդական կենտրոնում, որի գլխավոր գործառույթը դարձել է տարեկան մեկ անգամ կազմակերպվող ՈՒՀԱ մրցույթը: Իհարկե, չենք պատրաստվում մեղքի ամբողջ բաժինը բարդել քաղաքային իշխանությունների և մշակութային հաստատությունների ղեկավարների վրա. Վանաձորում էլ քիչ չեն գրանցված հասարակական կազմակերպությունները, որոնք ունեն հնչեղ անվանումներ, ժամանակ առ ժամանակ դրամաշնորհներ են ստանում` այդպես էլ չմտածելով երիտասարդության ժամանցի կազմակերպման մասին: Կար ժամանակ, որ Վանաձորը համարվում էր երիտասարդության քաղաք, այստեղ էին ծնվում բազմաթիվ նախաձեռնություններ, որոնք էլ նպաստում էին, որ մարդիկ չհեռանային քաղաքից, մտածեին քաղաքի առօրյայի հարստացման մասին: Այսօր այդ նախաձեռնություններին փոխարինելու են եկել դատարկությունն ու պարապությու նը...

Լևոն ՄՈՒԹԱՖՅԱՆ