ՎԵՐԱԴԱՐՁ ԴԵՊԻ ՍԵՓԱԿԱՆ ԻՆՔՆՈՒԹՅՈՒՆ


Հայաստանի և Վրաստանի ժողովրդական արտիստ ԷԼՎԻՐԱ ՈՒԶՈՒՆՅԱՆԸ մեր Օպերային թատրոնում աշխատել է 1962-1991 թվականներին: Այս ընթացքում նշանավոր երգչուհին հանդես է եկել 25 դերերգերով, նկարահանվել «Հայֆիլմ», «Լենֆիլմ» և «Երևան» կինոստուդիաներում` մի շարք ֆիլմերում կատարելով գլխավոր դերեր: Շուրջ 15 տարի հայկական օպերային թատրոնի ամենահմայիչ երգչուհիներից մեկն ապրում է Բոստոնում, գրեթե ամեն տարի հյուընկալվում իր հայրենիքում: Նրան մենք հանդիպեցինք Երևանի դրամատիկական թատրոնում, ուր եկել էր դիտելու Թբիլիսիի Պ. Ադամյանի անվան թատրոնի «Թանկագին Պամելա» բեմադրությունը և հանդիպելու իր եղբորը` այդ թատրոնի բեմադրիչ Լևոն Ուզունյանին: Հենց այստեղ էլ տեղեկացա, որ երգչուհին իր նախաձեռնությամբ Բոստոն է հրավիրում Թբիլիսիի հայկական թատրոնը և պատվիրել է բեմադրել սունդուկյանական «Պեպոն»... - Տիկին Ուզունյան, ես Ձեզ հաճախ եմ տեսնում Երևանում, մենք հանդիպեցինք նաև օՕպերային թատրոնում` «Ռոմեո և Ջուլիետ» բալետի առաջնախաղի ժամանակ... Ամեն անգամ հանդիպելով Ձեզ` մտածում եմ տալ ինձ տանջող հարցը` ինչու՞ հեռացաք: - Հեռանալ բառն ինձ համար չի ասված: Ես իմ ունկնդիրներից երբեք ու ոչինչ չեմ թաքցրել, միշտ անկեղծ եմ եղել, ուստի հիմա էլ կասեմ ճշմարտությունը: 1989 թվականի գարնանը մեր օպերային թատրոնը պատրաստվում էր մեկնել հյուրախաղերի` ԱՄՆ: Ինձ հանձնարարված էր Օլիմպիայի դերերգը` Տ. Չուխաջյանի «Արշակ Երկրորդ» օպերայում: Երկրորդ կատարողը մի երիտասարդ երգչուհի էր: Եվ քանի որ երգչուհին երբևէ հանդես չէր եկել այդ դերերգով, ես թատրոնի գեղարվեստական ղեկավար Տիգրան Լևոնյանին առաջարկեցի, որ սկսնակ երգչուհին մասնակցի փորձերին, հմտանա: Հետո ստացվեց այնպես, որ ինձ առաջարկեցին հանդես գալ փոխարինողների կազմում, իսկ սկսնակ երգչուհուն հաստատեցին հիմնական կազմում: Ես չէի կարող լինել փոխարինող, որովհետև ԱՄՆ-ում վաղուց ինձ ճանաչում և սպասում էին: Ես պայման առաջարկեցի թատրոնին. մեկնում եմ ԱՄՆ` հյուրախաղերի, սակայն եթե հանդես չգամ Օլիմպիայի դերերգով, ապա վերադառնում եմ և դիմում գրում հեռանալու մասին: Մի խոսքով, ԱՄՆ-ում երգեց երիտասարդ երգչուհին, ու ինձ մնում էր խոսքիս տերը լինել: Ճիշտ հասկացեք, ես երբեք չեմ ելել երիտասարդների դեմ, ինքս էլ ժամանակին երիտասարդ եմ եղել և լավ գիտեմ, թե ինչ է նշանակում ճնշվել արդեն տարիքով արվեստագետների կողմից: Ցանկացած օպերային թատրոնում նման փաստը կհամարվեր սկանդալային, երբ առաջատար սոպրանոյին, ում անունն է նաև նպաստել հյուրախաղերի կազմակերպմանը, զրկում են երգելու հնարավորությունից... Ասեմ, որ մեր թատրոնում էլ սա չտեսնված մի բան էր, որովհետև ես երբևէ խնդիր չեմ ունեցել բեմ բարձրանալու, կատարելու այն դերերգերը, որոնք ինձ են տրված եղել: Հակաթատրոնական մի բան էր եկել մեր թատրոն... - Եվ ինչպե՞ս հայտնվեցիք Բոստոնում: - Երբ վերադարձանք հյուրախաղերից, ես անմիջապես պայմանագիր կնքեցի «Լոնջի Սքուլ օֆի» կազմակերպության և Երևանի պետական կոնսերվատորիայի հետ` մեկնելու Բոստոն և այնտեղ անցկացնելու վարպետության դասեր: Ինձ համար հեշտ չէր ստեղծագործական ուժերի ծաղկման շրջանում, երբ կարող էի նոր դերերգեր պատրաստել` թողնել երգչուհու կարիերան և անցնել մանկավարժական գործունեության: Սակայն կապվեցի նշյալ դպրոցին, նրա ուսումնական ընթացքին, ինտեգրվեցի Բոստոնի երաժշտական կյանքին, նրա երաժշտական մտավորականության մի մասնիկը դարձա; Միշտ երազում էի վերադառնալու մասին, սակայն 1999 թվականին ծնվեց թոռնուհիս, և հասկացա, որ իմ կյանքում նոր շրջան է սկսվում: Այսինքն, ես պիտի այլևս ինձ ամբողջապես նվիրեի երիտասարդների դաստիարակությանը: Բոստոնում հիմնադրեցի «Օգնություն երիտասարդ տաղանդներին» կազմակերպությունը, որը համագործակցում է հայաստանյան «Նոր անունների» հետ: Տարիներ շարունակ Բոստոնում հրատարակվող ռուսական «Կոնտրակտ» հանդեսում վարում եմ «Հայկական համայնքի լրատու» էջը: - Դուք Ձեզ մոռացված համարու՞մ եք մեր օպերային արվեստում: - Բոստոնում` ոչ: Աշխարհահռչակ «SONORA CD» ֆիրման թողարկել է իմ երկու խտասկավառակները, շուտով ունկնդրին կներկայացվի նաև երրորդը: Բայց ահա Երևանում, այո, ինձ մոռացված եմ զգում: Ես ընդգծված վերաբերմունք չեմ պահանջում, սակայն երբ գալիս եմ Երևան ու մտնում օպերային թատրոն` այնպիսի անտարբերությամբ են նայում, կարծես ես այստեղ 20 տարի չեմ երգել, չեմ արժանացել երկու հանրապետության ժողովրդական արտիստի կոչման, չեմ եղել ամենասիրված երգչուհիներից մեկը... 2004-ին Բոստոնում և Գյումրիում հանդիսավորությամբ ու ճոխությամբ նշվեց ծննդյանս 70-ամյակը, իսկ ահա հարազատ թատրոնս լռություն պահպանեց... Ինչի՞ մասին եմ խոսում... Թատրոնի հիմնադրման 70-ամյակի առթիվ բուկլետ է լույս տեսել, որտեղ «մոռացել» են իմ անունը հիշատակել... Մեր թատրոնը մոռացել է իր երախտավորներին, կարծես նրանք չեն եղել... - Վրաց նշանավոր դիրիժոր Շավլաձեն Ձեր ամուսինն է, սակայն Դուք ապրում եք տարբեր քաղաքներում: Նա` Թբիլիսիում է, դուք` Բոստոնում: Կարելի՞ է այսպիսի ընտանիք ունենալ: - Ամեն ինչ գլխիվայր շրջվել է, ամեն ինչ խառնվել է իրար: Սակայն այս 14 տարիների ընթացքում, որքան էլ իրարից հեռու` մենք միշտ իրար հետ ենք եղել: Մեր աղջիկն էլ ապրում է Լոնդոնում... Մենք մեղավոր չէինք, որ ամեն ինչ այսպես դասավորվեց: Մեր հանդիպավայրը Երևանն է դարձել, որովհետև երբ աղջիկս` Զառան, գալիս է Երևան, բոլորս հավաքվում ենք այստեղ, այստեղ վերամիավորվում` հետո բաժանվելու և մեր ստեղծագործական գործունեությանը տրվելու համար: Չնայած այս դժվարություն ներին ու մշտական բաժանումներին, ես համարում եմ, որ ունեմ երջանիկ ընտանիք, որ ես երջանիկ կին եմ, որովհետև բաժանումներից հետո ավելի է ամրանում իմ ընտանիքը: - Ի՞նչ եք կարծում, այսօր Հայաստանում օպերային երգչի պահանջարկ կա՞: - Ոչ, այսօր Հայաստանում օպերային երգի ու երգչի պահանջարկ չկա: Հենց այս պատճառով է, որ անգամ հիմնական օպերաները, որոնք զարդարում են աշխարհի ցանկացած օպերային թատրոնի խաղացանկ` մեր օպերային թատրոնի երկացանկում չկան: Սա շատ տխուր վիճակ է, այսպես չի կարող գոյություն ունենալ օպերային թատրոն: Մենք, պարզվում է, ոչ թե առաջ ենք գնացել, այլ կորցրել ենք շատ բան, կորցրել ենք բուն օպերային թատրոնը: Այսպես կոչված «համաշխարհային առաջնախաղերով» օպերային թատրոն չի կարելի պահել... Վատ է, շատ վատ... Այդ պատճառով է, որ մեր շատ երիտասարդներ հեռանում են Հայաստանից: Հիմա տաղանդավոր երգիչ Եղիշե Մանուչարյանը Մետրոպոլի և Բոստոնի օպերային թատրոնների անփոխարինելի տենորն է, իսկ աշխարհում հայտնի այս տենորին Հայաստանում և չեն հիշում, և չեն ճանաչում: Մի խոսքով, շատ անելիքներ կան... - Տիկին Ուզունյան, ուզում եմ տալ մեր ավանդական հարցերից մեկը. «Ավանգարդ» թերթը հիշու՞մ եք: - Ոչ միայն հիշում եմ: Հիմա էլ կարդում եմ նրա էլեկտրոնային տարբերակը: Լավ թերթ է «Ավանգարդը», իհարկե, չկարծեք, թե սիրաշահում եմ: Այն ինձ կապում է իմ Երևանի և իմ Հայաստանի հետ, կարոտս փարատվում է: Կարևորն այն է, որ թերթն այս տարիների ընթացքում չի դավաճանել իր սկզբունքներին: Իմ ողջույնները հաղորդեք ընթերցողներին, բոլոր նրանց, ովքեր չեն դավաճանել թերթին: Նաև խնդրանքս է, որ հաճախ անդրադառնաք մեր օպերային թատրոնի խնդիրներին: Մեր աչքի առջև կարծես փլուզվում են շատ արժեքներ այդ թատրոնում, որոնք պետք է պահպանել: - Թույլ տվեք շնորհակալություն հայտնել զրույցի համար և հուսալ, որ մեր նոր հանդիպումը չի ուշանա: - Իհարկե, չի ուշանա... Աշնանը նորից կլինեմ Երևանում...