Ցերեկը` պահակ, մութն ընկնելուն  պես` կողոպտիչ 


 

Երեկոյան ժամը 22-ն էր, երբ 18-ամյա տղան մոտենալով Երևանի Մարգարյան փողոցի իրենց շենքի բակին` ցանկանում էր սովորականի պես մտնել շքամուտք: Սակայն տղային տհաճ անակնկալ էր սպասվում:

Ամեն ինչ տեղի ունեցավ կայծակնային արագությամբ. նրա հետևից եկողը, թե եկողները (տղան չի հասցրել անգամ մտապահել այդ մանրամասները) անակնկալ հարձակվել են և պարանոցից ուժգին քաշելով ու պոկելով ոսկյա շղթան` խաչով, դիմել են փախուստի:

Ոստիկանության Մաշտոցի բաժնի աշխատակիցներին մեկ օր էր անհրաժեշտ` կողոպտիչներին հայտնաբերելու համար:

Հաջորդ երեկոյան, ժամը 20.30-ի սահմաններում, հանցագործությունը կատարելու կասկածանքով բերման ենթարկվեցին 24-ամյա Հենրիկ Ալոյանը և 22-ամյա Վարդան Հայրապետյանը:

Նրանք խոստովանեցին, որ տղային փողոցում են նկատել և տեսնելով նրա պարանոցին փայլող ոսկյա շղթան` անմիջապես հանցավոր համաձայնության են եկել: Միառժամանակ հետևել են զոհին և հարմար պահ ընտրելով` կողոպտել:

Պարզվեց նաև, որ Հենրիկ Ալոյանը մեր հայրենակիցների անվտանգության համար անչափ կարևոր ու պատկառելի մի գերատեսչությունում` ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պահպանության վարչությունում, պահակ է աշխատում, և ամենայն հավանականությամբ` նրան սպառնում է պահակաթողությունը: