ՆԱԽԱՐԱՐԸ ԶԱՅՐԱՑԵԼ Է 


 

«Հարսնաքար» ռեստորանային համալիրում տեղի ունեցած ողբերգական իրադարձությունները շարունակում են մնալ հասարակության ուշադրության կենտրոնում, ստեղծվել են տարբեր խմբեր, որոնք արդարացի պատիժ ու դատավարություն են պահանջում: Ու այս խորապատկերին շատերին է զարմացրել այն հանգամանքը, որ հանրապետության բժիշկները, բացառությամբ Քիթ-կոկորդ-ականջ բժիշկների ասոցիացիայի, ոչ ոք դատապարտող խոսքով հանդես չի եկել, ոչ ոք աջակցություն չի հայտնել գործընկերներին: Ավելին, ինչպես պարզեցինք, մի քանի օր առաջ` Բուժաշխատողի օրը, բժիշկներն Արամ Խաչատրյան համերգասրահում տոնական մեծ երեկո են ունեցել, որից հետո ուղևորվել են… «Հարսնաքար» և այստեղ իսկական կերուխում սարքել` աղմկոտ պարերով, երգերով, տաշիտուշիներով: Այն ռեստորանում, որտեղ չորս օր առաջ անխնա ծեծի էին ենթարկվել նրանց գործընկերները, ոտնահարվել էր բժշկի արժանապատվությունը, իսկ Վահե Ավետյանը մինչև օրս կռիվ է տալիս մահվան դեմ` հավանաբար դեռ երկար ժամանակ գտնվելով կոմային վիճակում:

Այն ժամանակ, երբ շատ հասարակական կազմակերպություններ, լրատվամիջոցներ բողոքի ձայն են բարձրացնում, ընդգծում, որ բժիշկների հանդեպ առանձնահատուկ վերաբերմունք պիտի լինի, բժիշկները` արհամարհելով իրենց ընկերներին ու բժշկի արժանապատվությունը, քեֆ են անում ողբերգության վայր դարձած ռեստորանում: Չի բացառվում, որ ոմանք էլ կանգնած լինեն այն տեղում, որտեղ դաժան ծեծի է ենթարկվել Վահե Ավետյանը: Կանգնել ու երևի գինովցած օրորվել են` իրենց գործընկերների արյան հետքերի վրա… Դե, կարևորն իրենց քեֆն է, իրենց ուրախությունն է, իրենց տոնն է… Իրե˜նց ինչ, որ մի քանի հաստագլուխներ ծեծել են իրենց ընկերներին, իրենց ի˜նչ, որ «ախրանիկների» համար բժշկի կյանքը գրոշ չարժե… Ու հենց այս մարդիկ էլ հիվանդների են ընդունելու, աշխարհի մեծագույն մարդասիրական պարտականություններով են զբաղվելու…

Տեղեկանալով կատարվածի մասին, առողջապահության նորանշանակ նախարար Դերենիկ Դումանյանը խիստ զայրացել է, խոսել համազգեստի պատվի ու արժանապատվության մասին: Հազիվ թե այդ քեֆ անողների մոտ տպավորություն թողնեն համազգեստի պատիվ և արժանապատվություն հասկացությունները, հազիվ թե նրանք հասկանան իրենց արարքի սոսկալիությունը: Ասենք, նրանց համար կարևորն այն է, որ շարունակեն գռփել հիվանդներին, բուժումը դարձնեն անհասանելի, հարստանան մարդկանց առողջության հաշվին ու քեֆեր անեն: Իսկ Հիպոկրատի երդումն այդպիսիներին էլ պետք է գալիս միայն դիպլոմ ստանալու պահին…