ԿՈՆՅԱԿԱՅԻՆ ՀԱՅՐԵՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆ 


 

Հայաստանում հավանաբար ոչ ոք չհիշեր, որ լրացել է «Դվին» կոնյակի 50-ամյակը, մինչդեռ Մոսկվայում օրերս հավաքվել ու նշել են այդ հոբելյանը` միաժամանակ պարգևատրելով աշխարհում հայկական ժառանգության ու մշակույթի տարածման գործում մեծագույն վաստակ ունեցող 50 ականավոր գործիչների:

Ասում են, որ աշխարհի 20 երկրում ապրող մշակույթի, բիզնեսի և քաղաքականության ականավոր գործիչներին ընտրել է «ԱրԱրԱտ» կոնյակների գնահատման միջազգային հանձնաժողովը: Թե այդ ի՞նչ հանձնաժողով է և ովքե՞ր են դրա կազմում` մենք, բնականաբար չգիտենք, որովհետև «էլիտար» հայերի մի խումբ է ձևավորել այն ու նման զրնգուն անունով կնքել: Իսկ այս «միջազգային նշանակության» հավաքի համար էլ ընտրել են «Թատերական արվեստի ստուդիա» թատրոնի փոքրիկ այգին: Փոքրիկ ու աննշան, սակայն «միջազգային նշանակության» բակում հավաքը բացելու պատիվն էլ տվել են «հայ մշակույթին մեծ ծառայություն մատուցած» Չուլպան Խամատովային:

Երևի կհիշեք «Սպասիր ինձ» հաղորդաշարի վարողներից մեկին, ով նաև նկարահանվել է մի քանի ֆիլմերում: Նա կարդացել է Անդրեյ Բելու և Վալերի Բրյուսովի բանաստեղծություններն ու իր համար հայտնագործել Հայաստանը: Հետո հնչել է շնորհակալություն «Տրոյկա դիալոգ» ընկերության հիմնադիր Ռուբեն Վարդանյանի հասցեին, հետո էլ բեմ է բարձրացել «ԱրԱրԱտ»- Pernod RicΖrd Rouss ընկերության բրենդ-տնօրեն Կարին Մադելյերեն ու շնորհավորել մրցանակակիրներին: Ի˜նչ հայկական հավաք` այս երկու տիկնանցով, ովքեր հավանաբար Հայաստանի տեղն էլ չգիտեն...

Այս ամենից հետո էլ հայ ժողովրդի դարավոր մշակույթի մասին խոսել է երգիչ, կոմպոզիտոր և պրոդյուսեր Ստաս Նամինը` Անաստաս Միկոյանը: Կյանքում հայերեն մեկ բառ չարտասանած, որևէ հայկական ստեղծագործություն չկատարած, հայկական թեմայով որևէ երգ չգրած Նամինը` Հայաստանի դարավոր մշակույթի մասին: Զավեշտի նման է հնչում, բայց նրանք ապրում են Մոսկվայում, ժամանակ առ ժամանակ իրենց հայ են համարում, երբ հարկավոր է երևալ հայ ունևորների ռեստորանային հավաքներին:

Նամինին հաջորդել են Դավիդ Յանը, Ֆրանսիայից հրավիրված օպերային երգչուհի Աննա Կասյանը, Էրմիտաժի տնօրեն Միխայիլ Պիատրովսկին, աստղաֆիզիկոս Գարիկ Իսրայելյանը, վիրաբույժ Բագրատ Ալեքյանը, RussiΖ TodΖy ալիքի ղեկավար-լրագրող Մարգարիտա Սիմոնյանը, «Սուխոյ» ավիացիոն հոլդինգի գլխավոր տնօրեն Միխայիլ Պողոսյանը, Interview հանդեսի գլխավոր խմբագիր Ալյոնա Դոլեցկայան: Իբրև «աղանդեր» էլ հրավիրվել են Արմեն Ջիգարխանյանը, Ռոման Բալայանը և Հասմիկ Պապյանը: Այս անուններից ոմանք մեզ ոչինչ չեն ասում, բայց կարևորն այն է, որ նրանք հայ մշակույթն են տարածել ողջ աշխարհում: Գուցե հուշեն ու բացատրեն, թե ինչպես են տարածել, որ մենք ոչինչ չենք իմացել:

Կարճ ասած, կոնյակային հայրենասիրություն, որը պետք էր մի խումբ մարդկանց` հավաքվելու և ինքնացույց սարքելու: Իսկ հայ մշակույթն իրապես տարածողները նման հայրենասիրության ու մրցանակների կարիք չունեն...