«Ոչ պիտանիների» աճուրդ


Ebay աճուրդը, ասում են, վաղուց վերածվել է ինտերնետից օգտվողների սրամտության մրցահրապարակի: Կատակով թե հանուն ինչ¬որ փորձարարության կայքում աճուրդային լոտ կամ վաճառքի հանված ապրանք են դարձել տատիկներ, անհավատարիմ կանայք, ծնողներ: Մի ավստրալուհի, սակայն, տարբերվել է բոլորից: Ավստրալիայի Վիկտորիա նահանգի Ջելոնգ քաղաքի այս բնակչուհին կայքում վաճառքի է հանել իր երկու երեխաներին, որոնց տարիքի ու անունների փոխարեն միայն նշել է, որ իր «ապրանքները» տղա և աղջիկ են` մինչև 9 տարեկան: Նրա առաջարկին արագ արձագանքել են մի քանի գնորդներ: Ոստիկանությունն, իհարկե, նրանցից ավելի շուտ է հասել «վաճառողուհու» տուն: Սիրասուն մայրիկն էլ նրանց ասել է, որ իր քայլը կատակ էր ու յուրատեսակ փորձ. ինքն ընդամենը ցանկացել է իմանալ, թե ինչ արժեն երեխաները: Իրավապահներն այդպիսի կատակը որպես հումոր չէին կարող գնահատել. մանավանդ, որ գնորդներ կային ու չի բացառվում` դարձյալ փորձարարության նպատակով: - Ո՞վ գիտե` ովքե՞ր են այդ մարդիկ, Նրանք կարող են մանկապիղծներ լինել կամ ինչ¬որ ուրիշ մոլագարներ,¬ հայտարարել են իրավակարգի ներկայացուցիչները: Մեկ¬երկու տարի առաջ էլ գերմանացի ծնողները eBay ինտերնետ¬աճուրդով փորձել են վաճառել իրենց 8 տարեկան երեխային: «Ապրանքի» մեկնարկային գինը եղել է 1 եվրո: - Առաջարկում եմ համարյա նոր մանուկ, որն ինձ համար շատ աղմկոտ է դարձել: Արական սեռի, հասակը` 70 սմ: Ինքնաշարժ: Անլուրջ առաջարկներով խնդրում եմ չանհանգստացնել,¬ գրված էր հայտարարության տեքստում: Կայքի վրդովված այցելուներն իրենք էին դիմել ոստիկանություն: 23-ամյա մայրն ու 24-ամյա հայրն իսկույն ձերբակալվել էին, իսկ «Աղմկարար, համարյա նոր» մանչուկին հիվանդանոց էին տեղափոխել` առողջական վիճակը ստուգելու: Ավելի հաճախ, սակայն, հակառակ իրավիճակ է ստեղծվում: Վերջերս, օրինակ տարեց մի տղամարդ աճուրդի է հանել հարազատ մորը: Եվ իր արարքը 38 տարեկան լոնդոնցի Ջեյմսը բացատրել է բարի նպատակներով. նա ցանկացել է մոր` Սենդիի համար արժանավոր երկրպագու գտնել: Հայտարարությունը ձևակերպվել էր. «վաճառքում` հրեա մայրիկ»` 2 դոլար մեկնարկային արժեքով: Նկարագրական մասում Սենդին ներկայացվել էր, որ գեղեցիկ է, հրաշալի խոսում է, ընտանեկան օջախի իսկական պահապան է և շատ հոգատար: Մեկ ուրիշն էլ` 44-ամյա բրիտանացի Պոլ Օսբոռնը, առժամանակ առաջ որոշել է վաճառել կնոջը, ում կասկածել է դավաճանության մեջ: Եվ «ստախոս-խաբաբա ու դավաճան կնոջ» սիրահարներ գտնվել են. վաճառագումարը բարձրացել է մինչև 500 հազար ֆունտ (շուրջ 1 միլիոն դոլար): Կինը` Շերոնը, հերքել է դավաճանությունը և ամուսնու դեմ բողոք է ներկայացրել ոստիկանությանը: Ամուսինն իր արարքը պատճառաբանել է զայրույթի նոպայով: Այս օրինակների կողքին ավելի անմեղ է թվում բրիտանացի գործազուրկ Դևիդ Վուդի ինքնավաճառքի փորձը: 2 տարի նա նոր աշխատանք գտնել չի կարողանում և ստիպված է հորից ապրուստի միջոց խնդրել: Կայք¬աճուրդում 45-ամյա Վուդի հայտարարությունն ազդարարում է: - Վաճառվում է վաճառքի փորձառու գործակալ: Իր անձի դիմաց նա ցանկացել է ստանալ 35 հազար ֆունտ: Աճուրդի գաղափարը ծագել է այն պահին, երբ տղամարդը որոշել է ինքնասպան լինել: - Իմ արարքը հուսահատ քայլ էր` գործատուների ուշադրությունը գրավելու նպատակով,¬ պարզաբանել է Վուդը: Իսկապես տարօրինակ է, բայց` ոչ այնքան զվարճալի, որքան կարող է թվալ առաջին հայացքից: