Կատուների պաշտամունք` ռուսական ձևով


Մոսկվայում շուտով նոր տաճար կկառուցվի և ոչ թե սրբի կամ առաքյալի պատվին, այլ… կատուների: Նախագծի ջերմ պաշտպանը կատուների ռուս անվանի վարժեցնող և Կուտուզովսկի պողոտայում գտնվող կատուների թատրոնի հիմնադիր Յուրի Կուկլաչովն է: Այդ «տաճարում» մեծերն ու մանուկները կկարողանան տեսնել ամենատարբեր ցեղատեսակի կատուներ. հնարավորություն կունենան թռչկոտել նրանց հետ, կսովորեն վարժեցնել նրանց ու նույնիսկ իրենց վրա կփորձարկեն «կատվաթերապիա»: Կուկլաչովն ասում է, որ այդ կենդանիներն ընդունելի են բոլոր կրոններում, և նրանց թույլ են տալիս մտնել ցանկացած եկեղեցի. այնպես որ` տարօրինակ չի լինի տաճար կառուցել նրանց խելքի, նազանքի և հանգստացնելու ունակության պատվին: Կուկլաչովի ձեռնարկած տաճարում սիրով կընդունեն նաև այն մարդկանց, ովքեր տանել չեն կարողանում կատուներին կամ ալերգիկ են նրանց հանդեպ: Այնտեղ շնչառական տեխնիկայի հատուկ պարապմունքներ կանցկացվեն: Ա˜յ քեզ կատվասիրություն…