Կադիրովը սպառնում է Մոսկվային


Ռուսաստանում ամենաորոնված ահաբեկիչ Դոկու Ումարովն այս շաբաթասկզբին տարածած իր տեսաուղերձում նախազգուշացրել է, որ Ռուսաստանը դառնալու է իսլամական ահաբեկչության թիրախ (գրել է իսպանական El Mundo¬ն): Մեկ տասնամյակ հետո այն իրողությունից, երբ ռուսական զորքերը վերջ դրեցին Չեչնիայի անջատողական կառավարությանը, գրոհայինները չեն դադարեցրել Հյուսիսային Կովկասում իսլամական պետություն ստեղծելու փորձերը: Մոսկովյան Դոմոդեդովո օդակայանում տեղի ունեցած և 37 մարդու կյանք խլած պայթյունի կազմակերպման պատասխանատվությունը ստանձնել է Ումարովը: Նա նաև Ռուսաստանին «արյան ու արցունքի» տարի է խոստացել` խորհրդարանական ընտրությունների նախաշեմին: Ինչպես մասնավորեցվել է` առաջիկա դեկտեմբերից առաջ և 2012 թ., երբ նախատեսված է ՌԴ նախագահի ընտրությունը: Իր տեսաուղերձում ինքն իրեն Կովկասի էմիր հռչակած Ումարովը հայտարարել է, որ գրոհայինները կոփվել են և համալրվել նոր ուժերով: - Մենք ցանկանում ենք ձեզ հավաստիացնել, որ մեր ջիհադը նոր գլուխ է բացելու` եթե Ալլահը թույլ տա,¬ ասել է նա` ուղերձում, որը հրապարակվել է kavkazcenter.com կայքում: - Կովկասի և մյուս մարզերի մոջահեդներին մենք կոչ ենք անում` անցյալում թողնել բոլոր տարաձայնությունները և ձգտել նրան, որ մեր ուժը, կամքը և իշխանությունը միախմբվի այն բանի վրա, որպեսզի վկայակոչենք Ալլահին և պայքարենք մեր թշնամու դեմ,¬ ասել է նա: Իսկ տեսանյութի վերջում Դոկու Ումարովը գրկախառնվում է իսլամիստներ Հուսեյն Հակաևի և Ասլամբեկ Վադալովի հետ, ովքեր լքել էին նրա ջոկատը: - Մենք գիտենք, որ զոհվելու ենք: Դրա համար պետք է պատրաստ լինենք, որպեսզի մաքրենք մեր սրտերը և գնանք ընդհանուր ճանապարհով,¬ ասել է նա: Վրեժխնդրությունն ընդհանրապես, իսկ արյան ծարավն` առավել ևս, անհամատեղելի է մարդկային կերպար կոչվածին: Սակայն «Կովկասի էմիրի» խոսքում պարտվողականություն կա: Զոհվելու մտայնությամբ մարտադաշտ մեկնող հրամանատարի ետևից զոհի ախտանիշով վարակված զինվորը կարող է միայն գնալ: Ահաբեկչության պարագայում դա «մխիթարական» է, թերևս: Դժբախտաբար, սակայն, նմաններն իրենց ծարավն անմեղ մարդկանց արյամբ են հագեցնում: Ի դեպ, սպառնալիքի սլաքը Ռուսաստանի դեմ է ուղղված, սակայն, ըստ El Mundo¬ի` Միացյալ Նահանգները 5 միլիոն դոլար պարգև է խոստացել` այս ահաբեկչին բռնելուն նպաստող տեղեկատվության դիմաց: