«ԱՇԽԱՐՀԱԿԱԼ» ՄԵՐ ՏԻԳՐԱՆՆԵՐԸ


Ավագ սերնդի ներկայացուցիչները լավ են հիշում 60¬ական թվականները, Տիգրան Պետրոսյանի հաղթարշավը և ժողովրդի ոգևորությունը: Ի թիվս բազում մանրապատումների, անվանի դերասան Ժան Էլոյանն այս մասին ևս ուներ իր տարբերակը և մեծ հաջողությամբ արտասանում էր. «Տիգրան Պետրոսյանն ու Միխայիլ Բոտվիննիկը շախմատի աշխարհի առաջնությունն էին վիճարկում: 1963¬ի ապրիլն էր: Երևանի հրապարակներից մի քանիսում մեծ ցուցատախտակներ էին տեղադրված` խաղերի ընթացքն էին մեկնաբանում: Մշեցի քեռի Եղոն օպերայի այգու մշտական այցելուներից էր, որ նստած աթոռներից մեկին, թզբեհն էր շրխկացնում: Ինձ տեսնելով, ձայնեց. - …Ի՞նչ եղավ, ա´յ տղա, էդ ի՞նչ խալմախալ էր ելավ: - Հաղթեց: - Պետրոսյա՞նը: - Խուրբան էղնին տղին, ըբը´… է՞ մկա ի՞նչ կիտան ուրան: - …Չեմպիոնի կոչում է կիտան: - Չեմպիոն հե´չ… Ուրիշ ի՞նչ կիտան: …Ես լսել իմ ուրան թագավորի թագ է կիտան, օղո՞րթ է: - Հա´, քեռի Եղո, օղորթ է: - …Էն լավ է` մըր հողերու հարց լուծվավ»: Շատերիս է հայտնի հենց առաջին խաղը` Հայաստան¬Իսրայել 3,5:0,5: Դա լուրջ հայտ էր հետագա քայլերի համար, որին հետևեց` ՀՀ-ԱՄՆ` 2:2, ՀՀ¬ՌԴ` 2:2: Մեր տղաները Եգիպտոսին հաղթեցին 3,5:0,5, Չինաստանին` 2,5:1,5, Հնդկաստանին` 2,5:1,5, Հունգարիային` 2,5:1,5 հաշվով: Եվ ոչ մի պարտություն: Արշակ Պետրոսյանի թիմը` Լևոն Արոնյան, Սերգեյ Մովսիսյան, Վլադիմիր Հակոբյան, Գաբրիել Մարգարյան, Ռոբերտ Հովհաննիսյան, ոչ մի շանս չթողեց հակառակորդ ներին և արժանի հաղթանակ տարավ աշխարհի առաջնությունում: Բայց դա չէ միայն հիացնում, այլ այն, որ կոլեկտիվ խաղի բացառիկ դաս եղավ շատերի համար: Աշխարհի առաջնության ողջ ընթացքը ցույց տվեց, որ եթե մեկը սայթաքում է (թեկուզ Արոնյանը), նրա ձեռքից ամուր բռնում է չորրորդ տախտակի ոչ շատ փորձառու ներկայացուցիչը: Արդյունքում` վերջինս իր հաղթանակով հաղթանակ է պարգևում ողջ թիմին… Իսկ ոչ ոքինե՞րը: Գաղտնիք չէ, որ վերջին խաղում` Ուկրաինայի հավաքականի հետ, մերոնք կարող էին նաև հաղթել, բայց այդ ոչ ոքին և´ մեզ համար, և´ Ուկրաինայի` հաղթանակ արժեր… Կեցցե´ք մեր տղաներ: Երկրի նախագահն անձամբ դիմավորեց նրանց: Օրինաչա´փ էր: Համընդհանուր ջերմ վերաբերմունքն էլ ինքնաբուխ էր, համերգն ու հրավառությունը` լավագույն գնահատանք:

Վալտեր ԱՅԴԻՆՅԱՆ