Տարեգրության այս օրը. հուլիսի 29


«ԿՌՈՒՆԿ» ԿՈՄԻՏԵ. հասարակական-քաղաքական կազմակերպություն Լեռնային Ղարաբաղում, որը ՀՀ «Ղարաբաղ» կոմիտեի հետ կազմակերպել է արցախահայու թյան ազատագրական պայքարը` նպատակ ունենալով ԼՂԻՄ-ը դուրս բերել Ադրբեջանական ԽՍՀ կազմից ու վերամիավորել Հայկական ԽՍՀ-ին: Կազմավորվել է 1988-ի մարտին: Քանդակագործ Ա. Հակոբյանի առաջարկությամբ կոչվել է «Կռունկ»: Ծրագիրն ու Կանոնադրությունը մշակել է Ռ. Քոչարյանը: Հիմնադիր ժողովում ընտրվել է 13 հոգուց բաղկացած խորհուրդ (կոմիտե)` Ա. Մանուչարով (նախագահ), Ռ. Քոչարյան, Վ. Հակոբյան, Մ. Միրզոյան (տեղակալներ), Գ. Գաբրիելյան, Հ. Բեգլարյան, Ժ. Գալստյան, Հ. Գրիգորյան, Ա. Կարապետյան, Վ. Մարության, Հ. Հովհաննիսյան, Յու. Ներսիսյան, Բ. Օվչյան: Ունեցել է հանրահավաքների կազմակերպման (նախագահ` Ժ. Գալստյան, անդամներ` Ռ. Գրիգորյան, Ա. Գրիգորյան, Վ. Բադալյան), կարգախոսների ստեղծման (Էդ. Ղազարյան, Ա. Հակոբյան, Հ. Զաքարյան), ֆինանսների (Ռ. Աղաջանյան, Հ. Մովսիսյան, Ա. Հարությունյան), նկարահանումների, տեսաժապավենների, լուսանկարների պահպանման (Ա. Նազարյան, Մ. Բալայան, Ս. Ասրյան, Բ. Կարապետյան), միգրացիայի և էմիգրացիայի (Ռ. Պետրոսյան, Վ. Սարգսյան, Բ. Օվչյան), քաղաքական հարցերի (Ռ. Քոչարյան, Ս. Սարգսյան, Մ. Միրզոյան, Վ. Աթաջանյան, Գ. Պետրոսյան, Շ. Հարությունյան), լրատվության (Հ. Բեգլարյան, Վ. Հակոբյան, Գ. Գաբրիելյան), հասարակական կարգի պահպանման (Յու. Ջահանգիրյան, Ա. Լաչինյան, Մ. Բաղդասարյան, Ռ. Բաղդասարյան, Կ. Բարսեղյան և ուրիշներ), անվտանգության (Վ. Գևորգյան, Է. Հայրապետյան, Ս. Ծատրյան, Ռ. Անանյան, Բ. Առուշանյան, Օ. Մելքումյան, Է. Շահրամանյան) հանձնաժողովներ և քարտուղարություն (Ս. Խաչատրյան, Կ. Օհանջանյան, Կ. Անդրյան): 1988-ի մարտի 1-ին Ա. Մանուչարովի և Ռ. Քոչարյանի կոչով դադարեցվել է գործադուլը, մարտի 6-ին Սումգայիթի ցեղասպանության զոհերի հիշատակին սգո երթ և հանրահավաք է կազմակերպվել Ստեփանակերտի հուշահամալիրում: Մարտի 8-ին Ռ. Քոչարյանի գլխավորությամբ 7 հոգուց բաղկացած պատվիրակությունը Մոսկվայում հանդիպել է Ե. Լիգաչովի և Ե. Պրիմակովի հետ, ներկայացրել սումգայիթյան ցեղասպանության շարժառիթները և կազմակերպիչներին: «Կռունկ»-ի կազմակերպած ցույցի մասնակիցների ճնշմամբ մարտի 17-ին կայացել է կուսակցության մարզկոմի պլենումը. որոշում է ընդունվել` խնդրել ԽՄԿԿ ԿԿ-ին դրականորեն լուծել ԼՂԻՄ-ը ՀԽՍՀ-ին վերամիավորելու հարցը: 1988-ի մարտի 24-ին Ադրբեջանական ԽՍՀ ԳԽ Նախագահությունը որոշել է լուծարել «Կռունկ» կոմիտեն, արգելել ցույցերը, գործադուլները և հանրահավաքները: Կոմիտեն անցել է ընդհատակ, 1988-ի հուլիսի 29-ին տրոհվել է, ստեղծվել են Տնօրենների խորհուրդ և «Միացում» կազմակերպությունները: ՄԱԿ-ի ԱԽ-ն Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ 1993-ին ընդունել է չորս բանաձև: 822 բանաձևը (ընդունվել է ապրիլի 30-ին), պահանջել է ռազմական գործողությունների անհապաղ դադարեցում, հրադադարի հաստատում և տեղական հայկական ուժերի դուրսբերում Քելբաջարի շրջանից: Կոչ է արել բոլոր կողմերին անհապաղ վերսկսել ԵԱՀԽ Մինսկի խմբի խաղաղ գործընթացի շրջանակներում հակամարտության կարգավորման բանակցությունները: 853 բանաձևը (հուլիսի 29) հակամարտության երկու կողմերին կոչ է արել կատարել 822 բանաձևի պահանջները, դատապարտել է Ադրբեջանին հայաբնակ շրջանների ռմբակոծման և քաղաքացիական բնակչության վրա հարձակումների համար որպես պատասխան քայլ` հայկական ուժերի կողմից Աղդամ քաղաքի գրավումը: Մինչև օգոստոսի 8-ը տևած նիստում ընդունվել է «ՄԱԿ-ի ԱԽ 822 և 853 բանաձևերի իրականացման անհետաձգելի միջոցառումների ժամանակացույցը»:

Զ. ՍԱՐԳՍՅԱՆ