Ուզբեկ Կոդիրովն` ընդդեմ Օբամայի


Նահանգների դատարանն Ուզբեկստանի քաղաքացի Ուլուգբեկ Կոդիրովին մեղադրել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի դեմ մահափորձ նախապատրաստելու համար: Ինչպես տեղեկացրել է «Վեստի»¬ն` նրան մեղադրում են նաև անօրինական զենք ունենալու և ապօրինաբար Ամերիկա թափանցելու համար: Նախագահի անձի դեմ սպառնալիքի մասով (հանցանքն ապացուցվելու դեպքում) Կոդիրովի պատիժը կարող է լինել մինչև 20 տարվա ազատազրկում, իսկ զենք պահելու մասով` մինչև 10 տարի: Կոդիրովը հանգամանորեն ներկայացրել է Օբամայի սպանության ծրագիրը: Չկայացած ահաբեկչի ասելով` ինքը նրան պետք է կրակեր մեծ հեռավորությունից` միաժամանակ օգտագործելով պայթուցիչ: Հետաքննությունը ցույց է տվել, որ Ուլուգբեկը բազմիցս աջակցել է իսլամիստ ծայրահեղական կազմակերպություններին և նրա համար միևնույնն է եղել` եթե «նույնիսկ ինքը կզրկվի կյանքից»: Դատախազության աշխատակիցները փաստել են, որ Կոդիրովին ձերբակալել են Ալաբամա նահանգի մոթելներից մեկում` ծպտյալ գործակալից ատրճանակ գնելիս: AFP¬ի տվյալներով` Ուլուգբեկն Ամերիկա մուտք է գործել 2009 թ., ուսանողական մուտքի հրավերով: 2010 թ. ապրիլից այնտեղ նրա ներկայությունն արդեն անօրինական էր. վիզան չեղյալ էր համարվել, որովհետև նա որևէ ուսհաստատություն չէր ընդունվել: