ԿՈՒԶԵՆԱՅԻ՞Ք ԱՆԿԵՂԾԱՆԱԼ


Արամ ՍԱԹՅԱՆ. կոմպոզիտոր, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր, միջազգային և հանրապետական մրցույթների դափնեկիր «Ամենամեծ թերությունն այն չունենալն է» - Ի՞նչն է կյանքում ամենադժվարը եղել Ձեզ համար: - Ինձ համար գրեթե ամեն ինչ հեշտ է եղել: Սակայն կայացումից, ձեռքբերումներից հետո դժվար է անսպասելի այս անկայուն իրադրությունում հայտնվելը: Իրավիճակն այնպիսին է, որ անհասկանալի է, թե որտեղ է միսը, որտեղ` ոսկորը: Կարծես թե ամբողջովին չեմ ընկալում մեր ընթացքը: Ստեղծված քաոսի մեջ կողմնորոշվելը բարդ է. կարող է ցածրակարգը, վատը գովաբանվել և հակառակը` լավը, ճշմարիտ արժեքը փնովվել կամ անտեսվել: Հատկապես արվեստում. ստեղծագործություններս արտերկրում ջերմ ընդունելություն են գտնում, իսկ մեր երկրում ուշադրության էլ չեն արժանանում: - Եթե ոչ հայ, ապա ո՞ր ազգի ներկայացուցիչ կնախընտրեիք լինել: - Երբեք չեմ մտածել այդ մասին: Քանի հրավերներ եմ ունեցել ուրիշ երկրներից` ամենա-ամենա-բարենպաստ պայմաններով, բայց նախընտրել եմ այստեղ ապրել: Կարծում եմ` եթե մարդ ծնվել է որպես այսինչ ազգի ներկայացուցիչ, այդ առումով դժվար թե խորհի այլ պատկանելության մասին: Եթե գերմանացի ծնվեի, նույն հայրենասիրությամբ կառաջնորդվեի` ինչպես հիմա է: Այլ խնդիր է, թե կուզենայի՞ր, որ ազգդ ունենար նաև որոշ ժողովուրդների ինչ-ինչ հատկանիշներ: Օրինակ` գերմանացիների ճշտապահությունը, անգլիացիների հաշվենկատ ու ճկուն քաղաքականությունը, հրեաների շշմեցուցիչ վերաբերմունքը` դեպի իրենց արժեքները: Մենք չենք կարողանում գնահատել մեր ունեցածը: Միշտ ասում եմ. նորը չենք կարողանում գնահատել, քանի որ շատ անգամ մոռանում ենք մեր անցյալը: - Ձեր կյանքի որևէ գաղտնիք կամ անցյալում այն չասածը, ինչն այժմ կբարձրաձայնեիք: - Գաղտնիքը միշտ էլ գաղտնիք է մնում. եթե բարձրաձայնես, այն կդադարի այդպիսին լինել: Արվեստի պարագայում դրանք մասամբ արտահայտվում են ստեղծագործական թռիչքներում: Արվեստագետն անընդհատ ձգտում է կատարյալին` շարունակ որոնելով իր համար անպատասխան հարցերի պարզաբանումը` արդյո՞ք այնքանն եմ արել, որքան որ կարող էի, արդյո՞ք այն եմ արել, ինչը պետք էր: Ստեղծագործողն անդադրում փնտրտուքի մեջ է, և հուզող շատ հարցերի պատասխանները ժամանակն է տալիս: Ինձ թվում է, որ յուրաքանչյուր մարդու գաղտնիքն իր արածի` ապագայում կենսունակ լինելու ցանկությունն է: - Ի՞նչն է Ձեզ համար դեռևս առեղծվածային: - Կյանքը: Շատ հասկանալի, պարզ կրկնությունների շղթա լինելով` միևնույն ժամանակ անբացատրելի է: Այնպես, ինչպես անհասկանալի է յուրաքանչյուր կին. բոլորը նման են, բայց… Կամ` մարդկությունը ո՞նց է այսքան ապրել: Դարերի ընթացքում անընդհատ պայքարել են իրար դեմ, միմյանց ոչնչացրել, բայց բարությունը չի վերացել: Մոտեցումից է կախված, թե ինչպես կընկալես այդ անհասկանալի երևույթները: Դրանց վերլուծումն ու մեկնաբանությունն ինձ համար ինքնամաքրման ճանապարհ է: Ընդհանրապես անհասկանալին, ինչպես նաև արգելվածը ձգողականություն ունեն: Առավել ևս` ստեղծագործողի դեպքում, ում պրպտուն միտքը չի հանդուրժում արգելանքներ: Ավելին, փորձում է պարզաբանել դեռ չբացահայտվածը: Արվեստում ճշմարտությունը փոքր-ինչ հարաբերական հասկացություն է և հարկ եղած դեպքում` պետք է ինչ-որ կանոն էլ խախտես` այն օրինաչափություն դարձնելով: Այլապես, բացարձակ ճշմարտությունը որպես ստեղծագործական փարոս ընդունելով` սովորականի շրջանակից դուրս չես գա, միջակությունը կդարձնես չափանիշ: Ի վերջո, ամենամեծ թերությունը թերություն չունենալն է: - Որևէ զավեշտալի դեպք Ձեր կյանքից, կամ սիրելի անեկդոտը: - Հիշում եմ Հունգարիայում անցկացվող «Նոն ստոպ» մրցույթը, որին մասնակցում էին 16 երկրների ներկայացուցիչներ: Ամեն մի կոմպոզիտոր պետք է իր «ասելիքը» ներկայացներ և այն իրեն նախորդողից մեկ քայլ առաջ պետք է լիներ: Իսկ երբ մարդն իր ուժերին վստահ է, անում է այն, ինչն ուրիշը չէր համարձակվի: ԽՍՀՄ տարիներն էին, և ես այդ ժամանակների համար ավանգարդ երաժշտություն ստեղծող էի: Երկրի ստեղծագործական ժողովրդավարությունն ապացուցելու կրեմլյան հնարք էր երևի, որ մի դասական կոմպոզիտորի հետ ինձ ուղարկեցին այնտեղ: Իմ ելույթի ժամանակ, երբ ես ամենաուղղակի իմաստով տանջեցի ստեղնաշարը, ռոյալի կափարիչը շրխկոցով փակվեց, և, որպես վերջաբան, երկու ձեռքով ստեղնաշարից եզրափակիչ անհասկանալի մի քանի ակորդ էլ «խլեցի» ու կանգնեցի: Զավեշտալին այն էր, որ իմ համարով համերգն ավարտվեց: - Մանկության այն հուշը, որ մինչ այժմ ուղեկցում է Ձեզ: - Եթե ճիշտն ասեմ, ես մինչև հիմա երեխա եմ: Կարող է մի քիչ հասունացել եմ, որոշ փոփոխություններ են եղել, բայց ըստ էության նույնն եմ մնացել: Դրա համար չեմ էլ ափսոսում, որովհետև դա է ինձ օգնում մաքուր մնալ: Մերձավորներիս միջավայրում այսօր նույն երեխան եմ: Թե շրջապատում ի՞նչ է լինում, ի՞նչ չի լինում` երբեմն աչքաթող եմ անում, անհաղորդ եմ մնում: Կամ էլ երեխայաբար զարմանում եմ, ինչը կարող է ոմանց համար տարօրինակ թվալ: Բայց երեխա լինելը լավ բան է. մանկական ընկալումներն օգնում են աշխարհին բարի աչքերով նայել: Շատ եմ սիրում հեքիաթներ: Զրուցեց` Տիգրան ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԸ Կյանքի մեծագույն կարելությունը ժամանակի երակն ամուր պահելն է£ Այստեղ է, որ լուծվում են բազմաթիվ հարցեր£ Անշուշտ, երբեմն անհրաժեշտություն է անձնաքննությունը, իսկ ժողովուրդը միշտ եղել է ստեղծագործողի ու տառապողի մայր,քննադատը£ Երբ հեղինակ¬կատարողը սիրով է կերտում, կերպավորում, նրա տառապանքը գնահատվում է հանդիսատեսի կողմից£ Իսկ նրանք պետք է դառնան ոչ միայն ժամանակի կրողները, այլև` թելադրողները, ուղենշողները£ Երգիչ Արսեն ՍԱՖԱՐՅԱՆԻ համար գլխավորն անկեղծությունն է: