«Կնոջ աշխարհ»-ում խորացած կասկած


«Գրքարվեստ»-ի մրցանակաբաշխությունից հետո այցելում եմ EXPO MEDIA-ի կազմակերպած «Կնոջ աշխարհ» VIII միջազգային ցուցահանդեսը: «Մոսկվա» կինոթատրոնի նախասրահում տեղադրված տաղավարներից առաջինը ուշադրությունս գրավում է «Մարմարի աշխարհ»-ը` էկզոտիկ բույսերի, ինտերիերի ու էքստերիերի ձևավորման քարակերտ առարկաների իր գեղեցիկ տեսականիով: Նկարիչ-ճարտարապետ Իրինա Հարությունյանի արվեստի սրահի նմուշներից առանձնակի գրավչություն են ներկայացնում սրբապատկերագրերը: Կահույքի արտադրության և ինտերիերի դիզայնի բոլոր ոլորտների ներառմամբ է երևում 1995-ից հայկական շուկայում գործող «Ջուլիաննա» ձեռնարկությունը: Նինա Հովնանյանի «Հայաստանի գանձերը» դիզայներական կենտրոնի գեղարվեստի պատկերասրահի բազմազանությունը` հեղինակային հանդերձից մինչև գրքեր ու Հայաստանի բոլոր անկյուններից հավաքված մոտ 400 վարպետների տարաբնույթ ձեռագործ աշխատանքներ, գայթակղում է կիրառական արվեստի ցուցանմուշների գունեղ առատությամբ: Նկատելով «Արվեստի գիրք» անվանակարգում առաջին կարգի դիպլոմի արժանացած «Սարգիս Մուրադյան» ալբոմը` ուշի-ուշով զննում եմ «Անտարես» հրատարակչատան փոքրիկ տաղավարում ցուցադրված 150 անուն գրքերը` մեծահամբավ գիտնական-մանկավարժների հեղինակած դասագրքեր, ինքնուսույցներ, թարգմանական ու բացատրական, երկլեզու և եռալեզու բառարաններ, զրուցարաններ, պատկերազարդ մանկական գեղարվեստական և ուսուցողական գրականության լայն ընտրանի… «Գիրք երեխաներին» անվանակարգում հաղթող ճանաչված «Մեր մոլորակի մայրցամաքները», «Ճանաչենք և սիրենք կենդանիներին», «Անտառային հեքիաթներ» գրքերից ստացածս անմիջական տպավորությամբ` համադրում եմ «Մարդու մարմինը», «Էկոլոգիական այբբենարանը», «Իմ առաջին ատլասը», «Զվարճալի այբ ու բեն», «Հանելուկ-հանմանելուկ» և մյուս «անտարեսյան» հրատարակությունների հետ: Դժվարանում եմ պատճառաբանել, թե ինչու է խուսափել 1996-ից հրատարակչատան գործունեությունը խելամտորեն տնօրինող ու հաջողությամբ ընդլայնող Արմեն Մարտիրոսյանը մրցույթին ներկայացնել տարբեր անվանակարգերում մրցունակ ողջ տեսականին: Իրազեկված չլինելով «Գրքարվեստ»-ի անցկացման մանրամասներին` ապավինում եմ մշակույթի նախարարության տրամադրած ««Գրքարվեստ» հանրապետական երկրորդ մրցանակաբախշության մասին» մամլո հաղորդագրությանը: Վերնագրից հանգում եմ համապատասխան եզրակացության. ըստ երևույթին, դաշտին քաջատեղյակ նախարարական հանձնախումբը իր հայեցողությամբ ընտրել է վերջին հրատարակություններից լավագույնները` ամենաաչքի ընկնողներին խրախուսելով պետական գնահատող ուշադրության հավաստիք դիպլոմներով: Անվանակարգերի խորագրերն էլ, երևի, հորինվել են բոլոր արժանավորներին դրվատելու նպատակամղվածությամբ: Հակառակ դեպքում, ինչո՞վ բացատրել «Ռաֆայել Իսրայելյան» («Մեր ժամանակակիցը»), «Սարգիս Մուրադյան» («Արվեստի գիրք») և «Իմ Հայաստան» («Իմ հայրենիքը»), «Երևան» («Տպագրված է Հայաստանում») ալբոմները տարբեր անվանակարգերում ներառելը: Կամ, ասենք, նույն մեկում` «Սա մեր երկիրն է. Հայաստան» գիրք-ուղեցույցի և «Սասնա ծռեր» էպոսի… Ինձ համար, գոնե, անհասկանալի է: Հատկապես` վերջինը. մի՞թե բոլորն էլ Հայաստանում չեն տպագրված... «Տատասկների միջով դեպի աստղեր» Հենց Որմնանկարների սրահում էլ սկիզբ է առնում զրույցս «Անտարես» հրատարակչատան տնօրեն Արմեն Մարտիրոսյանի հետ` «Գրքարվեստ» հանրապետական II մրցույթի պրիզմայով ինձ համար բացահայտելով արդի հայ գրահրատարակչության իրատեսական պատկերը: Միաժամանակ սպառիչ պատկերացում եմ կազմում ՀՀ-ում գրանցված 150 գրահրատարակչական միավորների (այդ թվում` տարեկան գոնե 1 գիրք թողարկող) առաջատար տասնյակում գտնվող «Անտարես հոլդինգ»-ի 17-ամյա տատասկոտ տարեգրության մասին: Վերջին 2 տարում բազմիցս հայտնվելով ձեռնարկության աշխատանքային լարված ռիթմում` ինձ համար ևս ճշգրտում եմ անուղղակի գործընկերոջս բովանդակային էությունը: ...Մութ ու ցուրտ 90-ականներին, երբ գիրքն առավելապես վառարանային բարբարոսական կիրառություն ուներ, ԵՊՀ կիրառական մաթեմատիկայի չորրորդ կուրսեցի իր 3 ընկերների հետ միասին պատրաստվում էր ի կատար ածել դասախոսների հանձնարարությունը` հրատարակել «Մաթեմատիկայի խնդիրների շտեմարանը»: Բայց առաջինի լույս ընծայման բախտը վիճակվում է «Ազնավուրը կինոյում» հայերեն և ռուսերեն գրքերին: Ընդլայնելով ընդգրկման սպեկտրը` գործնականում համոզվում են, որ գրահրատարակչության խորհրդային գոյաձևն անհնար է և ձեռնարկում են օպտիմալ գործունեության փնտրտուքին: «Տատասկների միջով դեպի աստղեր» նշանաբանով էլ աշխատում են մինչ օրս, չնայած կայացման խոսուն վկայություններին` արտերկրում (Մոսկվա, Սանկտ Պետերբուրգ, Փարիզ, Տաշքենդ, Թբիլիսի) ստեղծված մասնաճյուղեր, Վահան Խաչատրյանի բարի կամքով 10 տարի առաջ մեկնարկած պատվաբեր մասնակցություն Ֆրանկֆուրտի միջազգային ամենախոշոր ամենամյա գրատոնավաճառին, համաշխարհային գրահրատարակչական ցանցում ներառում, հեղինակավոր մրցանակներ… Ապագայի առջև քաղաքացիական պարտքի բարձր գիտակցությամբ ստանձնելով դպրոցական որակյալ դասագրքերի տարածման առաքելությունը` «Անտարեսը» 5 տարի անընդմեջ գնում է «ԺՐՏՒՈ» և «կՐՏրՉպքպվՌպ» հանրահռչակ հրատարակչությունների դասագրքերի արտոնագրերը (մոտ 50 զարգացած երկրներ են օգտվում 25-50 մլն աշակերտների ուսուցմամբ փորձարկված այդ գրքերից), համապատասխանեցնում ՀՀ կրթության և գիտության նախարարության ու Համաշխարհային բանկի սահմանած չափորոշիչներին, հրապարակում նորագույն որակյալ տեխնոլոգիայով: «Առնվազն տարօրինակ է, որ լուրջ մանկավարժական «շկոլաների» արգասիք մեր հրատարակությունները, որպես կանոն, պարտվում են հայկական ամենամյա մրցույթներում,- ասում է Արմեն Մարտիրոսյանը,- չնայած դրանցով անհամեմատ որակյալ կադրեր են կրթվում նեղ մասնագիտացմամբ հանրակրթարաններում: Նույնիսկ Ռուձիտիսի քիմիայի դասագիրքը, որը ՌԴ նախագահի հատուկ մրցանակն է շահել: Ցանկացած ծնող կհաստատի ուսուցման գործընթացում ներկայումս կիրառվող դասագրքերի թերարժեքությունը: Դասագիրք «շահելու» համար Հայաստանում պետք է պատգամավոր լինես, նախարար, բարեկամ… Հազվադեպ են բացառություններ լինում: Հուսով եմ, որ ՀՀ կրթության և գիտության նախարարի, Համաշխարհային բանկի ներկայացուցչության փոփոխությամբ լուրջ վերաբերմունք կդրսևորվի ոլորտի աղետալի վիճակի հաղթահարման հանդեպ: Հասարակությունը, գուցե, սթափվի, և այս աշնանը հայտարարվելիք մրցույթը կանցնի մանկավարժական արդյունավետ մեթոդներով գիտելիքներ սերմանող դասագրքերին նախապատվություն տալու սկզբունքով: Պետությունը պետք է զբաղվի գրահրատարակչական ոլորտը կարգավորելու խնդիրներով, նախևառաջ` մասնագիտացված գրավաճառության ցանց ստեղծի` հրատարակչին ու սպառողին կապող օղակ: Պետությունը իմ վճարած հարկերով, փաստորեն, գիրք է հրատարակում` ինձ դուրս մղելով մրցույթից: Գրահրատարակչական ոլորտում նա պետք է ելնի երկրի արմատական շահերից, դրանց բարենպաստ լուծմանը ի զորու քաղաքացիներ կրթի, գործարար փոխհարաբերությունները արժանահավատ, ազնիվ հիմքերի վրա տեղափոխի: Մեզանում գրեթե ոչ մի բնագավառում չկա մեծածախ մասնագիտացված վաճառող: Ձևական բնույթի մրցույթներով (դրանք պետք է լինեն թափանցիկ և հավատընծա) անկարելի է ոլորտի զարգացման խթանումը: Տպագրության 500-ամյակին լավագույն նվերը կլինի այն, որ Հայաստանում մեկուկես գրախանութից ավելին լինի: Գիրքը, որպես հոգևոր հայ, մոտ ու մատչելի լինի սպառողին, իր երբեմնի բարձր համարումը վերագտնի»: Ի հակակշիռ թղթի վրա գործող 2 միությունների, մի քանի ակտիվ հրատարակչությունների, գրավաճառ ցանցի ու 2 գրադարանների ներկայացուցիչների մեկտեղմամբ ստեղծված «Այբ» իրավաբանական անձանց միությունը, անդամ ձեռնարկությունների նախագահական ամենամյա հերթագայությամբ (այս պահին` Մկրտիչ Մաթևոսյան), փորձում է, իր հնարավորությունների շրջանակներում, օգնել գրենական պիտույքների ու գրքի շուկաներում կայուն ցանց ստեղծելուն: Առկա իրավիճակով մտահոգ իր գործընկերների անունից բարեկիրթ գրահրատարակիչն առաջարկում է վարձակալական հիմունքներով «Այբ»-ին տրամադրել մեկական սենյակ ՀՀ տարածքում եղած 1400 գրադարաններից գեթ 20-ում, ապա` 50-ում` գրախանութի համար: Իրենք պատրաստ ենք նաև գումար հատկացնել տեղի կադրերի վերապատրաստմանը. «Գիրք վաճառելը մսի կամ ձվի վաճառք չէ: Գրադարանավարը, որպես գրքի մասին հստակ գաղափար ունեցող, ստանալով մասնակի տնտեսաֆինանսական գիտելիքներ, լավագույն գրավաճառ կդառնա, կապահովի գրքի համապատասխան հասարակական գովազդային հնչողությունը: Եթե առաջնայինը շահույթն է, գրքի արժեքավորությունը թող որոշեն սպառողական պահանջարկով, վաճառվելու չափանիշով: Գիրքը պետք է լինի ամենօրյա օգտագործման առարկա, ոչ թե ֆետիշ, մատյան, թանգարանային ցուցանմուշ»: «Այբ»-ը համոզված է, որ նաև այսպիսով կարելի կլինի գրքի ավանդական բարի համբավը վերականգնել ներկայիս Հայաստանում, եթե պետությունը զուգընթաց օբյեկտիվ վերահսկողություն սահմանի դպրոցական լուրջ դասագրքերի տարածման վրա: Եվ միանգամայն հնարավոր կլինի մեր հասարակության իրական պատկերը ներդաշնակեցնել 88-ին խմորված երազանքներին:

Նվարդ ԱՍԱՏՐՅԱՆ