Հայ առաջին տպագիր գրքի 500-ամյակին ընդառաջ


ՀՀ մշակույթի նախարարությունում հատուկենտ լրագրողների և «Գրքարվեստ» II հանրապետական երկփուլ մրցույթում հաղթած մի շարք հեղինակների, հրատարակիչների ու տպագրիչների հետ մասնակցելով 32 անուն գրքերից 7 անվանակարգերով լավագույն ճանաչված 19-ի մրցանակաբաշխությանը` համազգային հոգևոր թմբիրից թոթափվելու ռեալ կանխանշան եմ տեսնում: Էդվարդ Միլիտոնյանի և Դավիթ Մուրադյանի արժևորմամբ` ընդունում ցուցադրված նորընծա գրքերի շքեղ հավաքականությունը որպես գրահրատարակչական, պոլիգրաֆիական կորսված մշակույթի ռևանշի առհավատչյա: Ոգևորված մեծամասնության (19-ից` 11-ը) պետական պատվերով կյանքի կոչվելու պատկառազդու փաստով, ֆրանկֆուրտյան ամենամյա խոշորագույն համաշխարհային գրատոնավաճառում անցյալ տարի արձանագրված մեծ հաջողությունից հետո, հայատառ գրքի միջազգային շուկայում մրցունակության նոր գրավական եմ համարում ԱՊՀ երկրների «Գրքարվեստ» մոսկովյան մրցույթում Գագիկ Բաղդասարյանի «Երևան» ալբոմին և Վան Խաչատուրի «Գույնը IV-XIX դարերի հայկական ճարտարապետության մեջ» ուսումնասիրություն-ալբոմին շնորհված առաջին կարգի դիպլոմները: Հանձնախմբի նախագահ Դավիթ Մուրադյանը վկայագրերի հանձնման հետ մեկտեղ մեկ-երկու բնութագրական արտահայտությամբ հավաքվածներին ներկայացնում է հաղթող գրքերի արժանիքները` գոհ դրանցով ամրագրվող ձեռքբերումից. «Սա հեղինակների մրցույթ չէ, այլ հրատարակիչների: Նպատակը ոլորտում մրցակցական ոգին սրելն է, որակը բարձրացնելը: Այսօր կան կայացած գրահրատարակչություններ: Աստիճանաբար նկատվում են առաջատարները, որոնք ի հայտ են եկել վերջին 10 տարիներին: Հրատարակվում են հրաշալի գրքեր, որոնց հրատարակիչներն ու տպագրիչները պատիվ են բերում Հայաստանին: Հարգանքի արժանի հատկություններով կրկին մեր հասարակությանն են ներկայացվում ճանաչված արվեստագետներ, արժեքավոր ուսումնասիրություններ, գրական երկեր»: 14 տարի իր գլխավոր մրցանակակիր գրքի վրա աշխատած Վան Խաչատուրը բավարարված է վերջնարդյունքից. «Նպատակ էի դրել վերածնել մեր հազարամյա գրատպությունը, գիրքը` որպես գանձ»: Արարողության ավարտից հետո կցկտուր տեղեկություններ եմ հավաքում գրի ու գրականության հանդեպ մեր ավանդական պաշտամունքի գեթ մասնակի վերականգնման ակնկալությանս ռեալականության մեջ համոզվելու միտումով: Սահմանված սակագների սանդղակը պարզելով` հասկանում եմ, որ մրցանակված գրքերի մեծամասնությունը հազիվ թե մատչելի դառնա դրանցով լրջորեն հետաքրքրվողներին: Անընթերցող ներկայիս հասարակության գիտակցության մեջ մտավոր-հոգևոր տպագիր գանձերի երբեմնի բարձր համարումը սոսկ գրքարվեստի զարգացման խթանմամբ անկարելի է վերստին արմատավորել: Եթե դրանք մասսայական ընթերցողի սեղանի գրքերը չեն դառնալու, պերճաշուք զարդի են վերածվում, թանգարանային նմուշի: