«Հնազանդվիր մորդ» և «Հոգացեք Ձեր որդու մասին»


Թբիլիսի կատարած այցի շրջանակներում հանդիսավոր ճաշի ընթացքում Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջոզեֆ Բայդենը Միխեիլ Սահակաշվիլիին խորհուրդ է տվել «հնազանդվել մորը»: - Իմ մայրն 92 տարեկան է, և մինչև այսօր ես հնազանդվում եմ նրան,- ասել է Բայդենը` վրաց նախագահին խորհուրդ տալով վարվել նույն կերպ (հաղորդել է «ԹջչսÿՊ» գործարար թերթը): Փոխնախագահը դիմել է նաև Սահակաշվիլիի մորը` Գյուլի Ալասանիային` խնդրելով հոգալ որդու մասին. - Հոգացեք Ձեր որդու մասին. նա մեզ շատ է պետք և մեզ համար շատ կարևոր մարդ է: Հետո Բայդենը հանդիպել է վրաց-օսական շրջանից բերված երեխաների հետ և նրանց կոնֆետներ ու խորհրդանշական նվերներ է հանձնել իր «անձնական աշխատասենյակից»: Նա երեխաներին էլ է խորհուրդներ տվել` լավ սովորել և «օրինակ վերցնել Վրաստանի շատ խելացի ու տաղանդավոր նախագահից»: Իսկ Սահակաշվիլին ողջունել է` որ երեխաներն իրեն դիմում են անունով` «Միշա» և նրանց կոչ է արել նույնքան անբռնազբոս պահել իրենց ԱՄՆ-ի փոխնախագահի հետ: *** Անդրադառնալով քաղաքական հարցերին, Բ. Օբամայի տեղակալը հայտարարել է, որ Վաշինգտոնը մտադիր է աջակցել Հյուսիսատլանտյան դաշինքին միանալու Թբիլիսիի ծրագրերին: - Մենք ամբողջապես սատարում ենք ՆԱՏՕ մտնելու Վրաստանի ձգտումը և շարունակելու ենք օգնել, որպեսզի դուք հասնեք չափանշվածքներին (ստանդարտներին),- ասել է նա` խոստանալով, որ Նահանգներն աջակցություն կցուցաբերի վրացական ռազմական համակարգի բարեփոխմանն ու Զինված ուժերի արդիականացմանը: Փոխնախագահը հարկ է համարել հիշեցնել, որ բնակչության 1 հոգու հաշվով Վրաստանն աշխարհում ամենամեծ ամերիկյան օգնությունն է ստանում: Օրինակ, օգոստոսյան զինված բախումներից հետո Վաշինգտոնը որոշեց Թբիլիսիին 1 միլիարդ դոլար հատկացնել: Այդ առնչությամբ Ջոզեֆ Բայդենը Սահակաշվիլիին կոչ է արել հիշել պատասխանատվության մասին: -Ես հրահանգներ չեմ տալիս, ես միայն խորհուրդ եմ տալիս` որոշումներ ընդունել ժողովրդի, յուրաքանչյուր վրացու հետաքրքրության շրջանակներում,- պարզաբանել է նա: *** Այցի ընթացքում, բնականաբար, Բայդենը բանակցություններ է վարել նաև ընդդիմության հետ: Խորհրդարանի նախկին խոսնակ Նինո Բուրջանաձեն շնորհակալությամբ նշել է. - Փոխնախագահը միանշանակ հայտարարել է, որ ընտրություններն ու նման որոշումները վրաց ժողովրդի, վրացական պետության և Վրաստանի բնակչության գործն են, և ԱՄՆ-ն ոչ մի պարագայում չի պատրաստվում խառնվել երկրի ներքին գործերին,- պատմել է նա (հաղորդել է ՀԼԸ «ծՏՉՏրՑՌ»-ն): Իհարկե, չէր կարող շրջանցվել և երկրի տարածքային ամբողջականության խնդիրը: Եվ, ինչպես հաղորդել է ԼՁԸՀ-ՁԸհհ-ը` Ջ. Բայդենը հավաստիացրել է, որ Վաշինգտոնը չի ճանաչում և չի ճանաչելու Ցխինվալի ու Սուխումիի անկախությունը: Ավելին. - ԱՄՆ-ը ողջ միջազգային հանրությանը կոչ է անում չճանաչել Աբխազիան և Հարավային Օսեթիան,- ասել է նա: Բարձրաստիճան հյուրն այս առնչությամբ ևս խորհուրդ-առաջարկ է ներկայացրել` Վրաստանի դռները միշտ բաց պահել աբխազների ու օսեթների առջև. - Աբխազիայի և Հարավային Օսիայի բնակիչներին մենք (ընդգծումը` խմբ.) պետք է ցույց տանք, որ իրենք լինելու են ազատ քաղաքացիներ դաշնային կառուցվածքով բարգավաճող վրացական պետությունում: Վրաց խորհրդարանում, իսկ դրանից առաջ էլ Կիևում ամերիկացի փոխնախագահը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները չի պատրաստվում Ռուսաստանի հետ հարաբերությունները կարգավորել, լիցքաթափել` այդ երկրներին նեղացնելու հաշվին: *** Ամենուր, փաստորեն, և բոլոր դեպքերում, հզորների կամքն է վճռորոշը: Այդ առումով` Վրաստանի, ավելի ստույգ` Սահակաշվիլիի թիկունքը պինդ է: Ասենք «երանի¯» (՞):