ՁԵՌՔԸ ՁԵՌՔ Է ԼՎԱՆՈՒՄ


Թիմով կազմակերպված աշխատելու անհրաժեշտությունը Ռոբերտ Քոչարյանը կարևորում էր դեռևս պաշտոնավարման շրջանում: Եվ փաստորեն այնքան, որ նրա շրջապատի կազմակերպվա ծությունը հիմա էլ է նախանձելի արդյունքներ տալիս: Այսպես, մեկամյա հանգստից հետո, ինչպես հայտնի է, երկրորդ Նախագահը նախ ինքն իր հարցերը լուծեց` յուղոտ պաշտոն ձեռք բերելով հանրահայտ «Սիստեմա» ընկերությունում… Եթե նուբարը վայելելու պատվին առաջինը Ռ. Քոչարյանն էր արժանացել, դա բոլորովին էլ չէր ենթադրում, թե դեռևս ազդեցիկ հնարավորության պտուղները նման կազմակերպված թիմի մյուս գործազուրկները չէին վայելելու: Հիմնականում անիմաստ սեմինարները և կամ ընթացիկ քաղաքական զարգացումներին տրվող անսթափ գնահատականները, անցյալում` պաշտոնավարման տարիներին, տեղի ունեցած մեծ ու փոքր իրադարձությունները ամեն առիթի դեպքում հիմնավորելու, արդարացնելու, սրբագրված ներկայացնելու տհաճ պարտականությունը մի օր անպայման ձանձրացնելու էին նաև Վարդան Օսկանյանին: Այնպես որ, նախկին արտգործնախարարի համար նույնպես հոգեբանորեն անհաղթահարելի այն նույն իրավիճակն էր հասունացել, ինչի հարթման լավագույն եղանակը ոչ այնքան տևական հանգստի պարգևած ազատության մեջ ընկղմվել շարունակելն էր, այլ ուղիղ հակառակը… Պետք էր մի այնպիսի աշխատանք գտնել, որը ոչնչով չնմանվեր նախորդին, չհիշեցներ անցյալը: Եվ ահա, ամենայն հավանականությամբ երկրորդ Նախագահի առաջարկությամբ ու աջակցությամբ, Վարդան Օսկանյանը նույնպես հաղթահարեց գործազուրկ մնալու և միայն սեմինարներով մխիթարվելու բարդույթը: Ըստ տեղեկությունների` նա «Անելիք» բանկում պատկառելի և բարձր վարձատրվող պաշտոն է ստացել: Բավական երկար պաշտոնավարած արտգործնախարարի նոր աշխատանքային հաջողությամբ, իհարկե, միայն ուրախանալ է պետք` մաղթելով, որ իր կյանքում բացված բոլորովին նոր էջը Վ. Օսկանյանը բեղմնավոր և ստեղծագործ աշխատանքի համեստ նկարագրությամբ լրացնի: Ավելին, այս նշանակումից հասկանալի է դառնում, որ դեռ մի ինչ-որ տեղ անպատվաբեր կլիներ, եթե նախկին բարձրաստիճան պաշտոնյան օրվա թերթեր ձեռք բերելը ֆինանսական դժվարություն համարեր: Բայցևայնպես սա բոլորովին էլ այն դեպքը չէ, երբ նախկին պետական պաշտոնյային ինչ-որ գործով ապահովելով` վերջինիս ու նրա ընտանիքի հացի խնդիրը լուծած լինելու մեծահոգի քայլ է փորձ արվում անել: Անցնող մեկ ու կես տարիներին Վ. Օսկանյանը հաստատ ստիպված չի եղել առաջին Նախագահի հին խորհրդին հետևել ու հարևաններից պարտք վերցնել: Վստահ կարելի է լինել, որ նա պարտքերի մեջ թաղված չէ ու հաստատ` տուն պահելու ազնիվ մղումից դրդված չի ստանձնում իր նոր պաշտոնը: Այս ամենի հետևում, հայտնի ձևակերպմամբ, Ռ. Քոչարյանի ստվերն անհնար է չնկատել: Երկրորդ Նախագահի ու, որ պակաս զարմանալի չէ, նրա տիկնոջ անունը միշտ է կապվել հայաստանյան մի քանի հանրահայտ բանկերի հետ: Ու Վ. Օսկանյանի նշանակմամբ ակամա բացահայտվեց, որ «Անելիքն» էլ համալրում է քոչարյանապատկան (՞) հաստատությունների շարքը: Ըստ երևույթին հասունացել է ժամանակը, երբ ոչ միայն թիմի կազմակերպվածությունն է պետք պահպանել, այլ նաև տվյալ դեպքում կախվածությունն այն երկու-երեք հազար դոլարանոց խորհրդանշական աշխատավարձից, որը ցանկության ու հնարավորության դեպքում նորանոր քաղաքական հորիզոններ կարող է բացել առաջին հերթին հենց իր` Ռ. Քոչարյանի համար: Անկախ ամեն ինչից` լվացքը լվացքատանն են լվանում, իսկ կեղտոտ փողերը` բանկերում: Այլ հարց է, որ փողային լվացքն այս դեպքում կարող է ընկալվել իբրև ձեռք, որը գործազուրկ դարձած նախկին պաշտոնյայի ձեռքո՞վ է լվացվելու: Այս հարցի պատասխանն արդեն հետո կերևա:

Ա. ՄԱՆՈՒԿՅԱՆ